Փոխարինելու են ռուսականին

24/09/2008

Ըստ վրացական լրատվամիջոցների, այդ երկրի դեղագործական «Բաթֆարմա» ընկերությունը մտադիր է ռուսական դեղերին փոխարինող դեղամիջոցներ արտադրել:

Բաթումիում գտնվող գործարանը վրացի սպառողներին մտադիր է ռուսականին փոխարինող դեղամիջոցներ առաջարկել այն դեպքում, եթե ռուսական արտադրանքի ներկրման նկատմամբ երկրում սահմանափակումներ մտցվեն: «Գործարանն այս պահին հնարավորություն ունի փոխարինել ռուսական դեղամիջոցների 90 տոկոսին եւ այդ առումով վրացի սպառողները որեւէ խնդիր չեն ունենա: Դա վերաբերում է ինչպես թանկարժեք ապրանքանիշերին, այնպես էլ հաճախակի օգտագործվող դեղամիջոցներին»,- ասել են ընկերությունից: «Բաթֆարմա» ընկերությունը գործում է արդեն երկու տարի եւ ստեղծվել է դեռեւս 1936թ.-ից գործող Բաթումիի քիմիա-դեղագործական գործարանի հիման վրա: Գործարանում արտադրվում է ավելի քան 120 անուն դեղամիջոց: Նախորդ երկու տարվա ընթացքում արտադրության կազմակերպման համար 17 մլն լարի է ներդրվել: Ընկերության արտադրանքն արտահանվում է Տաջիկստան ու Ուզբեկստան: Նախատեսվում է մոտ ապագայում արտահանել նաեւ Հայաստան ու Ադրբեջան: Միեւնույն ժամանակ, վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ Վրաստանի Աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ պետությունը ռուսական արտադրության դեղամիջոցների վրա ներկրման սահմանափակում չի մտցրել: «Սակայն պետությունը չի կարող վերահսկել ռուսական արտադրանք ձեռք չբերելու առանձին ընկերությունների ու անձանց որոշումը»,- փոխանցել են նախարարությունից: Նշենք, որ մինչեւ վերջին իրադարձությունները Ռուսաստանից Վրաստան էր ներկրվում մոտ 120 անուն դեղամիջոց, որոնց մեծ մասին այս պահին փոխարինում են ամերիկյան ու միջինասիական արտադրության միջոցները: