Լեոնիդ Ցիպկին (1926-1982)

24/09/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Ահա թե ինչ է գրում «Թարգմանչի խնդիրը» հոդվածում Վալտեր Բենիամինը. «Թարգմանությունները, որ շատ ավելին են, քան բովանդակության մատուցումը, լույս աշխարհ են գալիս հենց այն ժամանակ, երբ իր ժամանակը գերազանցած ստեղծագործությունը հասնում է փառքի շրջանին: Վատ թարգմանիչների պնդմանը հակառակ, այդպիսի թարգմանությունները չեն ծառայում ստեղծագործությանը, այլ ավելի շուտ իրենց գոյությամբ նրան են պարտական: Բնագրի կյանքն ամեն անգամ հասնում է առավել լիարժեք ծաղկման»:

Այդպես պատահեց եւ Լեոնիդ Ցիպկինի «Ամառը Բադենում» գրքի հետ:

Ռոջեր եւ Անջելա Կիզի անգլերեն թարգմանությամբ Լեոնիդ Ցիպկինի վեպին նոր կյանք պարգեւվեց:

Վեպն առաջին անգամ անգլերեն տպագրվեց 1987 թվականին` Լոնդոնում, հենց որտեղ էլ հինգ տարի անց Չերինգ Քրոսի փոքրիկ կրպակում այն հայտնաբերեց Սյուզան Զոնտագը, ինչը որ շատ կարեւոր եղավ Ցիպկինի ստեղծագործությունների գալիք ճակատագրի, ինչպես օտար այլ լեզուներով վեպի հետագա թարգմանությունների համար:

Եթե Անդրեյ Պլատոնովի հանճարեղ «Գուբը» եւ «Չեւենգուրը» տպագրվեցին ուղիղ հիսուն տարի ուշացումով, ապա Լեոնիդ Ցիպկինի «Ամառը Բադենում»`առաջին տպագրված ստեղծագործությունը լույս աշխարհ եկավ անգլերեն թարգմանությամբ եւ այն էլ՝ հեղինակի մահից յոթ օր առաջ:

Հիմա փոքր-ինչ Լեոնիդ Ցիպկինի մասին`բժիշկ-պաթոլոգ-անատոմի, ով բազմաթիվ գիտական հոդվածների եւ հայտնագործությունների հեղինակ է, որ աշխատանքից ազատ ժամերին բանաստեղծություններ, վիպակներ եւ պատմվածքներ էր գրում, իսկ իր լավագույն՝ «Ամառը Բադենում» վեպ-ֆանտազիան Դոստոեւսկու մասին, գրում էր`էջերը պահարանի մեջ դարսդարսելով եւ ոչ մեկին ցույց չտալով:

1968 թվականին Լեոնիդ Ցիպկինի բանաստեղծությունների առաջին գրախոսողը պիտի լիներ Անդրեյ Սինյավսկին, սակայն հենց այդ ժամանակ էլ Սինյավսկուն ձերբակալեցին:

«Ամառը Բադենում» վեպը, ըստ Սյուզան Զոնտագի՝ «Համաշխարհային գրականության անհայտ գլուխգործոցը», իր մեջ կրում է պոստմոդեռնիստական վեպի, ինչպես նաեւ՝ Լորենս Սթերնից եւ Ջեյմս Ջոյսից սերող «գիտակցության հոսքի բոլոր տարրերը»:

Սկզբում` Աննա Գրիգորեւնայի նվիրական հայացքը, որ հետեւում է, թե ինչպես է իր ամուսինը տարվում եւ խենթություններ անում Բադենում: Այնուհետեւ` պատմողի պաշտամունքի հասնող հայացքը, ով տառացիորեն հետեւում է մեծ գրողի յուրաքանչյուր քայլին:

Սյուզան Զոնտագը Դոստոեւսկու հերոսների տառապանքների շարունակությունն է տեսնում Լեոնիդ Ցիպկինի հերոսների տառապանքներում` պատմող-հրեան (ինքը՝ Ցիպկինը, ծնվել է հրեական ծագում ունեցող ռուսական ընտանիքում) հաշտության եզրեր է փնտրում Դոստոեւսկու ոչնչացնող հակասեմիտիզմի դեմ:

Իսկ երրորդ շերտը հեղինակային ընդհանրացումն է, ուր միեւնույն տիեզերքում Ֆյոդոր Միխայլովիչի հետ պտույտ են գալիս`Տուրգենեւն՝ իր առյուծաբաշով, վեց տեսակի ճաշատեսակներից բաղկացած նախաճաշից հետո հեւասպառ Գոնչարովը, «կախ ընկած թաց բեղերով» Պանաեւը, եւ Նեկրասովը՝ Բելինսկու հետ, ինչպես նաեւ Սախարովը`Ելենա Բոների հետ, եւ Ալեքսանդր Սոլժենիցինը, որ Դոստոեւսկուց հարյուր տարի անց հայտնվում է Ֆրանկֆուրտում, «որպեսզի, հանց էստաֆետի գավազան, ճանկի սրի կոթը», որով մարտնչում էր իր մեծ նախնին:

Այդ ամենի հետ մեկտեղ, վեպում մեծ տեղ է հատկացված «զուգահեռ աշխարհում» հենց հեղինակի` Մոսկվայից Լենինգրադ ճամփորդությանը:

Ռուսաստանում, ինչպես եւ ողջ աշխարհում, գոյություն ունի «Դոստոեւսկու միֆը»: Լեոնիդ Ցիպկինը ջանում է գտնել «իր Դոստոեւսկուն», ստեղծել իր սեփական «Դոստոեւսկու միֆը»: Ցիպկինը նկարագրում է իր «Ֆեդյայի» կենցաղը: Մենք տեսնում ենք հիացած «Սիքստինյան Մադոննան» զննող Դոստոեւսկուն, Հոլբեյնի «Մահացած Քրիստոս» նկարի առջեւ խորհրդածող Դոստոեւսկուն, տեսնում ենք «Ֆեդյային» եւ Աննա Գրիգորեւնային` ներդաշնակ ամուսնական զույգին, որ երեկոյան զբաղվում են «լողալով». «…Հյուրանոցային համարում, երբ միջանցքում ամեն ինչ լռում է, նա նույնպես, ինչպես եւ այստեղ`Դրեզդենում, գալիս էր նրան հրաժեշտ տալու, եւ նրանք սկսում էին լողալ, ձեռքերը ջրից դուրս նետելով, եւ լողում էին այնքան հեռու, որ ափի ուրվագծերը կորչում էին, իսկ Պետերբուրգում դարձյալ սկսվում էին ծավալվել նրա հանգուցյալ եղբոր կնոջ ու խորթ որդու անբարեհաճ հայացքները»:

Ըստ ռուս գրականագետներից մեկի նուրբ դիտարկման, Լեոնիդ Ցիպկինի նախադասություններն այնքան երկար են (եւ անվերջանալի, Նեւայի պողոտայի հանգույն), որ թվում են հենց այդ պողոտան, որով շրջում են գլխավոր հերոսները: Դրվագները հնարամտորեն միահյուսված են, ինչպես Ամառային Այգու ճաղացանկապատը, եւ սուզվելով Դոստոեւսկու կյանքի մեջ, ի դուրս ես լողում դեպի «ես» անունով խորհրդային հերոսի կյանքը:

Վեպի ամենամեծ արժանիքը, թերեւս, լեզուն է, եւ նույն Զոնտագը, օրինակ, Ցիպկինի ճկուն, քառասնոտնուկի պես գալարվող, երկարող նախադասությունը համեմատում է վերջերս Նոբելյան մրցանակի արժանացած Ժոզե Սարամագոյի նախադասության հետ, սակայն այն, ավելի շուտ, հիշեցնում է դոշաբի պես մեջդ ծորող, կամ մեղրի պես, դանդաղորեն ու ծավալվելով մեղրահացի մեջ լցվող Սալման Ռուշդիի նախադասությունը: Այստեղ դու շնչում ես մանդելշտամյան «առեւանգված օդով», որպեսզի հետո լողաս դեպի նրա «բրդոտ մառախուղը»:

«Ամառը Բադենում» վեպը շատ հաճախ համեմատում են նաեւ մեկ այլ Նոբելյան մրցանակակրի`Ջոզեֆ Կուտզեեի «Աշունը Պետերբուրգում» վեպի հետ, որն, ի դեպ, գրվել է Լեոնիդ Ցիպկինի վեպից շատ ավելի ուշ:

«Ամառը Բադենում» ոչ միայն վեպ-երազ է (ինչպես այն կոչել է Զոնտագը), այլ նաեւ վեպ-հոգեվարք: Այստեղից`«վերջին վեպ» ձեւակերպումը:

Հիշենք, որ Լեոնիդ Ցիպկինը մասնագիտությամբ պաթոլոգ-անատոմ էր, եւ Հոլբեյնի «Մահացած Քրիստոս» նկարը նրա վեպում ավելի շատ տեղ է գրավում, քան Դոստոեւսկու «Ապուշում»: Մահվան զգացողությունն առկա է առաջին իսկ էջերից: Այսպես, օրինակ, բազմիցս կրկնվող բարձունքի, լեռան, եռանկյունու, անկյան պատկերն այնուհետեւ կարձագանքվի Դոստոեւսկու մահվան եզրափակիչ վերելքում:

Ցիպկինը կատակով ինքն իրեն շեքսպիրյան գերեզմանափոր էր անվանում: Մահը նրա շատ ստեղծագործությունների առանցքն է: «Կամուրջ Ներոչի միջով» վիպակում նա պատմում է պապի մահվան մասին, իսկ այնուհետեւ նաեւ` հոր, ինչպես նաեւ՝ պատերազմի տարիներին իր զոհված եւ կործանված բարեկամների մասին, եւ հաճախ նրան համակում է նաեւ մահկանացու լինելու ահուդողը:

Մահը նաեւ նրա շատ պատմվածքների լեյտմոտիվն է, ինչպես ասենք` «Ավե Մարիան» (որը դժբախտաբար չհասավ Միխայիլ Բախտինին), կամ «Ուտիճները»:

Եթե Լեւ Աննենսկին Դոստոեւսկու ոճը կոչում էր «հեւասպառ», ապա Լեոնիդ Ցիպկինի վեպում հեւասպառ է լինում ոչ թե տեքստը, այլ այդ երկդիմի աշխարհի` ահից ու գորշությունից մինչեւ ծիածանի բոլոր գույներն ու ցոլքերն իր մեջ ներկլանած ջրվեժի տակ հայտնվող ընթերցողը:

Ինչպես նշել է վեպի թարգմանիչներից մեկը` 200 էջում ընդամենը 11 պարբերություն է: Բառերը թռչում են, վեր են խոյանում, դեմքերը պտտվում են շուրջպարում`այդպիսի վիճակ ես ապրում անզգայացնելու պահին, վիհի եզրին, կամ, երեւի թե, կլինիկական մահ ապրելիս:

«Ամառը Բադենում» ասք-պալիմսեստ է, եւ ամենեւին այն չէ, ինչ կոչում են «բանասիրական արձակ»: Լեզուն մոտենում է ինքնածածկագրմանը` ուշակորույս է լինում, եւ մենք ընդամենը հետեւում ենք շարահյուսությանը, իրենց տեղատվություն-մակընթացություններով շուլալվող ջրապտույտներին, որոնցից յուրաքանչյուրի կիզակետում մի դրվագ է, բեկոր, մակդիր…

Մեկ էլ հանկարծ փայլկտում են աննշան թվացող դրվագներ` խաղողը կամ զորահրապարակի մայորի լուսանի հայացքը. դրանք միաձուլում են Պետերբուրգի եւ Լենինգրադի ժամանակները` արարելով մի այլ աշխարհ: Առարկաներից մնում է միայն «անսպասելիությունների շարքը, որը չես կարող պատկերացնել»` բազում ժամանակներ, բազում իրականություններ, ինչպես նաեւ` իրականության բացակայությունը…

Ինչպես նշել է Լեոնիդ Ցիպինի հետազոտողներից մեկը, այդպես կարող էր եւ գրել հենց ինքը՝ Դոստոեւսկին:

Կարող էր գրել… Եթե ապրեր նրանց մեջ, ով բլոկադա է տեսել, ով տեսել է «թիֆլիսցի կինտոյի» խամաճիկների թատրոնը, ով արյուն է տեսել ու նողկանք ապրել իր վախից, ով Ստրավինսկի է լսել, Մանդելշտամ ու Ցվետաեւա է կարդացել, ով հայտնվել է Կաֆկայի Դղյակի շեմին, եւ որպես վերջին մի զառանցանք երազել է այլ մի եզերք, ով ողջ կյանքում տպագրվելու հնարավորություն չի ունեցել եւ խնամքով կամ անփույթ էջերը դարսդարսել է պահարանի մեջ, ով ստիպված է եղել ինքն իր մեջ խեղդվող առվի պես քլթքլթալ ու վշշալ ինքն իր խորքում, եւ ով կրել է իր դրսում «Հավերժական հրեայի» եւ «Խորհրդային երկրի» խարանը:

Միտս եկավ մի հատված Հակոբ Օշականի «Երբ հիները կը կարդանք» գրքից, որն անուղղակիորեն համահունչ է նաեւ Լեոնիդ Ցիպկինի ուրվապատկերին. «Իմ գտածը: Փափուկ ձեռքերուն տեղ, անողոք մուրճը ճակատագրին, սալին վրայ իմ երազներուն, կիրքերուն, պատրանքներուն: Իմ գտածը` անարգանքը, ուրացումը: Սուտը: Կեղծիքը: Անասնութիւնը: Հովիկին տեղ` փոթորիկը: Հոտերուն տեղ` արիւնը: Որոնք բաժին եղան մեր սերունդին: Իմ գտածը` սուրը, անգթութեան, լրբութեան յեսանին վրայ անընդմէջ սրումով լման կէս դարու հասակով: Ինչ շուտ կը մոռնամ սակայն կամ կը կարծեմ մոռնալ: Ժամանակին մասերուն ես ալ զգացեր եմ Ձեռքը, իրաւ, բիրտ, որ երկարեցաւ ոչ թէ պսակ դնելու, այլ կուրծքս պատռտելու, խեղդելու համար հոն թպրտուն կայլակը կեանքին»:

«Կորսված գլուխգործոց», «20-րդ դարի ռուս գրականության վիթխարի ուղենիշ», «Ամենաանհայտ հանճարեղ ստեղծագործությունը, որ տպագրվել է Ամերիկայում վերջին հիսուն տարվա ընթացքում», հարթակլոր դեմքերով ամերիկացի քննադատների հուզավառ բնորոշումները, ինչպես նաեւ ռուս գրականագետների երկու հակադիր ճամբարի բաժանված գնդերը (մեկը` ամոթ մեզ, որ կործանում եւ չենք ճանաչում մեր հանճարներին, մյուսը` թե, իբր որտեղից քչփորեցին եւս ոմն մեկի, երբ մենք դրանցից շատ ունենք, ավելի շուտ հիշեցնում են հընթացս դանդաղող գնացքի պատուհանից նշմարվող ճամփեզրին կանգնած առեւտրականների բանակը…

Եվ ահա Մոսկվայից Լենինգրադ ուղեւորվող գնացքում նստած`գլուխը Աննա Գրիգորեւնայի օրագրերին հակած Լեոնիդ Ցիպկինը, ում մեջ`երկաթուղու այդ ընդհատ-երկարող ռիթմի ներքո միահյուսվում է` Դոստոեւսկու, Աննա Գրիգորեւնայի, եւ հենց իր`պատմողի տենդաբորբ շարահյուսությունը, որը ոչ միայն համահունչ է Դոստոեւսկի գրողի ոճին կամ Եվրոպայով ճամփորդող Դոստոեւսկի-կերպարի հոգեբանական վիճակին, այլ նաեւ վեպի ժանրին, որը հանկարծ թունելում հայտնված մեկի խոստովանանքի եւ կենսագրական ասքի խառնուրդն է. «Գնացքը ցերեկային էր, բայց ձմեռ էր, ամենաթեժ պահը` դեկտեմբերի վերջը, բացի այդ, գնացքը գնում էր Լենինգրադի կողմը` հյուսիս, այդ պատճառով պատուհաններից անդին սկսեց արագ մթնել` վառ կրակներով առկայծում էին միայն ետ սուրացողները, ասես ինչ-որ մեկի անտեսանելի ձեռքով նետած կայարանները` ձյունածածկ ամառանոցային կառամատույցները`մեկ հրե ժապավենի միաձուլվող պեծկլտացող լապտերների շարքով»:

Օսիպ Մանդելշտամը մի տեղ նկատել է, որ երկաթուղին փոխել է ռուս արձակի ամբողջ կառույցը, նրա ողջ «տակտը»: Այն ազատել է նրան «գեղեցկության եւ ավարտունության» ամենայն մտահոգությունից, լցրել է «շղթայակցողի գործիքներով, զառանցական չնչամասերով, երկաթեղեն նախդիրներով»:

Եվ քանի դեռ գրականագետներն իրենց գերադրական ու քամահրական մակդիրների առեւտուրն են անում, ընթերցողներին հորդորում ենք նստել Լեոնիդ Ցիպկինի ցնորական գնացքը:

Չնայած այն բանին, որ ռուս «գրականագիտուհիներից» մեկը Սյուզան Զոնտագին սլավոնագետ կարծելով, մեղադրում էր նրան կողմնակալության մեջ, չիմանալով նույնիսկ, որ նա ոչ թե սլավոնագետ է, այլ 20-րդ դարի մեծագույն կին գրողներից եւ մշակութաբաններից մեկը, կուզենայի այս խառնափնթոր գնացքի ընթացքն ավարտին մոտեցնել «Ամառը Բադենում» վեպի Սյուզան Զոնտագի փայլուն առաջաբանի մի հատվածական մեջբերմամբ.

«Ոչինչ հորինված չէ: Եվ հորինված է ամեն ինչ: Գործողությունը կառուցված է Դոստոեւսկու ժամանած վայրերի եւ ընդմեջ նրա վեպերի ճամփորդությունների շուրջ, սակայն դա ընդամենը առիթ է գրքի ստեղծման համար, որը մենք բռնել ենք ձեռքներիս: «Ամառը Բադենում» պատկանում է վեպի այն հազվագյուտ եւ բացառիկ տեսակին, որտեղ պատմական անձի եւ այլ դարաշրջանի երեւելի ներկայացուցչի մասին պատմությունը միահյուսվում է ներկայի պատմությանը:

Հեղինակը փորձում է հնարավորինս խորը ներթափանցել մարդու ներաշխարհը, ով իր ճակատագրով դատապարտված է ոչ միայն մեծության, այլեւ անմահության: Մի այլ օրինակ է Աննա Բանտիի «Արտեմիզիան»` մեր դարաշրջանի իտալական գրականության գլուխգործոցը»:

Լեոնիդ Ցիպկինի ուխտագնացությունը գնացքով խորհրդային շրջանի, թերեւս, ամենատարօրինակ եւ ուշագրավ դեպքերից մեկն է, որին, անշուշտ, արժե հաղորդակից լինել: