Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում ասված է. «Ինձ համար գերագույն հաճույք է Ձեր ազգային տոնի կապակցությամբ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ կառավարության բարգավաճման ու երջանկության իմ մաղթանքները»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Ձեզ եւ բարեկամ Հայաստանի բոլոր քաղաքացիներին անկեղծորեն շնորհավորում եմ Ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Վերջին տարիներին Հայաստանը լուրջ հաջողությունների է հասել պետականության ամրապնդման, տնտեսության զարգացման գործում, էապես ամրապնդել է իր հեղինակությունը միջազգային ասպարեզում: Ռուսաստանում բարձր են գնահատում մեր երկրների միջեւ հարաբերությունների ավանդական բարեկամական բնույթը: Համոզված եմ, որ վստահությունը, դինամիկ քաղաքական երկխոսությունը եւ արդյունավետ գործնական համագործակցությունն այսուհետ եւս կծառայեն ռուս-հայկական դաշնակցային կապերի խորացմանը: Դա լիովին համապատասխանում է մեր երկրների շահերին, Անդրկովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովմանը: Մեծարգո Սերժ Ազատի, ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն եւ հաջողություններ, իսկ բարեկամ Հայաստանի ժողովրդին` բարօրություն եւ բարգավաճում»: