Մնջախաղային ներկայացումներ

09/06/2005

Երիտասարդ մնջախաղաց Հայկ Զորիկյանն աշխատում է Մնջախաղի թատրոնում եւ
պատրաստում մոնո ներկայացումներ: Լեոնիդ Ենգիբարովի նովելների
տպավորության վրա հիմնված կեսժամյա ներկայացումը նա առաջին անգամ
ցուցադրեց երկու տարի առաջ՝ «Արմմոնո» փառատոնի ընթացքում: «Դա Ենգիբարովի
նովելների իմ զգացողությունն է»,- ասաց Հ.Զորիկյանը: Հետո եղան հրավերներ
Կիեւ, Մոսկվա, Վոլգոգրադ, Վենտսպիլս: Փառատոներին նա, բացի Ենգիբարովի
հիշատակին նվիրված ներկայացումից, ցուցադրում է նաեւ «Մեծն փոքրիկը»
գործը՝ նվիրված Չարլզ Չապլինին: Մոբիլ, փոքր այս բեմադրություններն
աշխուժացնում են մշակութային կյանքը եւ մնջախաղի դերասանին տալիս
ներկայանալու նոր ձեւ: «Այն, ինչ անում է Հայկը, դասական պանտոմիմա է,
այսինքն` ցուցադրական պանտոմիմա,- ասաց Մնջախաղի թատրոնի գեղարվեստական
ղեկավար Ժիրայր Դադասյանը։ -Մի կողմից՝ լավ է, քանի որ մնջախաղը
հեղինակային արվեստ է, բայց մյուս կողմից էլ՝ վատ է. կարող է աստղային
հիվանդություն սկսվել: Թատրոնում մասնիկ լինել ավելի դժվար է, բայց ճիշտը
դա է»: Մնջախաղի թատրոնում պատրաստվում է նոր ներկայացում՝ հիմնված
հայկական միջնադարյան մոտիվների վրա: Ներկայացման անվանումը «Շերանիկ» է,
որը պատկերում է 13-րդ դարի Անի քաղաքը: Ժ.Դադասյանի համար ներկայացումը
շատ թանկ է, քանի որ այն միջնադարյան թատրոնի տեսակը վերագտնելու փորձ է:
Գլխավոր՝ Շերանիկի դերը կատարելու է Հայկ Զորիկյանը: Ներկայացումը շուտով
պատրաստ կլինի եւ կցուցադրվի Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում:

Ն.Հ.