Տիգրան Թորոսյանը երեկ հրավիրած ԱԺ արտահերթ նիստի ժամանակ արդեն պաշտոնապես ներկայացրեց ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու իր դիմումը:
Մի քանի օրինագծեր շատ արագ քվեարկության դնելուց հետո Տ. Թորոսյանն անդրադարձավ «բուն» թեմային: Ներկա գտնվող մոտ հարյուր պատգամավորներ շունչները պահած` սպասում էին, թե ի՞նչ է ասելու ԱԺ նախագահը: «Ասուլիսի ժամանակ ես ներկայացրել եմ հրաժարականի մասին դիմումը: Քանի որ այն կարդացել եմ, բոլորը դրան ծանոթ են, կարծում եմ, կրկին կարդալու կարիք չկա: Ինչպես մեր կանոնակարգն է պահանջում, այն ես կհանձնեմ նիստը վարողին: Մեր կանոնակարգի համաձայն` այս պահից մենք 5 օր պիտի սպասենք: Եթե 5 օր հետո կրկնվի դիմումը, ապա կմտնի ուժի մեջ: Ես ցանկանում եմ հայտարարել, դրա մասին էլ նախապես ասել էի, այսպիսով դուրս եմ գալիս նաեւ ՀՀԿ խմբակցությունից: Հիմա պիտի խնդրեմ տիկին Պետրոսյանին (ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանին) վարել նիստը, եւ մենք անցնենք օրակարգում ընդգրկված հարցերին»,- նիստը սկսվելու 12-րդ րոպեին հայտարարեց Տ. Թորոսյանը, դիմումը հանձնեց Ա. Պետրոսյանին, մի քանի վայրկյան հապաղեց եւ դուրս եկավ դահլիճից: Նրանից անմիջապես հետո դահլիճից դուրս եկան նաեւ մեծ թվով պատգամավորներ: Իսկ երեկ Տ. Թորոսյանի հրաժարականի հայտարարությունը լսելու էին եկել նույնիսկ նիստերին հազվադեպ մասնակցող պատգամավորներից շատերը: Հովիկ Աբրահամյանը, ում համար Հանրապետական կուսակցությունը Տ. Թորոսյանին ստիպեց հրաժարական տալ եւ ազատել ԱԺ նախագահի պաշտոնը, երեկվա նիստին ներկա չէր:
Փորձեցինք արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտության եւ մի քանի այլ հարցերի մասին զրուցել Տ. Թորոսյանի հետ, սակայն ԱԺ նախագահի ընդունարանից մեզ պատասխանեցին, որ նա անմիջապես դուրս է եկել նաեւ խորհրդարանի շենքից: Նրա օգնականը մեզ նաեւ տեղեկացրեց, որ Տ. Թորոսյանը դեռ չի հավաքել իր իրերը եւ չի ազատել աշխատասենյակը: Իսկ Տ. Թորոսյանի դուրս գալուց հետո խորհրդարանը գրեթե դատարկ դահլիճում շարունակեց «աշխատել» եւ քննարկել ինչ-որ օրինագծեր, որոնք արդեն ներկաներից ոչ մեկին չէին հետաքրքրում: Եվ երեկվա արտահերթ նիստը կորցրեց իր հետաքրքրությունն այնքանով, որ նիստը նախագահող Արեւիկ Պետրոսյանն ընդմիջում հայտարարեց ընդունված ժամից 15 րոպե շուտ: Ընդմիջումից հետո էլ ընդամենը 10 րոպեի ընթացքում ավարտվեց ՀՀ Կառավարության կողմից «հրատապ» համարվող օրինագծերի քվեարկությունը: Որոշ պատգամավորներ նույնիսկ դժգոհեցին, թե Ա. Պետրոսյանն ինչո՞ւ քվեարկությունը մինչեւ ընդմիջումը չկազմակերպեց, չէ՞ որ դեռ 15 րոպե կար, ինչո՞ւ ժամանակից շուտ ընդմիջում հայտարարեց ու պատգամավորներին ստիպեց 45 րոպե սպասել, այն դեպքում, երբ նիստի շարունակությունը տեւեց ընդամենը 10 րոպե: Պատգամավորներն այն կարծիքին էին, որ Տ. Թորոսյանն այդպես չէր անի: Եվ երեկվա արտահերթ ու հրատապ նիստն, ըստ էության, տեւեց մեկուկես ժամ: Ու եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ երեկվա նիստի ժամանակ, իսկապես, կառավարության համար կարեւոր օրենսդրական հարցեր պետք է լուծվեին, ապա այս ամենից ու քննարկվող թեմաներից պարզ դարձավ, որ արտահերթը հրավիրված էր հատուկ Տ. Թորոսյանի հրաժարականի համար: Ասվածն ավելի պարզ պատկերացնելու համար տեղեկացնենք, որ ՀՀ Կառավարությունն ԱԺ-ին առաջարկել էր արտահերթ նիստ հրավիրել մի շարք բույսերի կարանտինի, մաքսային ծառայության, ֆինանսական համակարգի հաշտարարի, գյուղատնտեսության համատարած հաշվառման ու էլի մի քանի այդպիսի «հրատապ» օրինագծեր ընդունելու համար: Իսկ անցած շաբաթ, երբ Տ. Թորոսյանն ասուլիս էր հրավիրել եւ հրաժարականի ու ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներն էր ներկայացվում, սպասվում էր, որ այդ հարցը կքննարկվի ԱԺ հերթական նիստի ժամանակ` սեպտեմբերի 29-ին: «Եթե արտահերթ նիստ չհրավիրեին, եւ Տ. Թորոսյանը հրաժարականի դիմումը ներկայացներ սեպտեմբերի 29-ին, ապա ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն նույն բովանդակության մի դիմում էլ պետք է ներկայացներ 5 օր հետո: Սակայն 5 օր հետո նիստ չէր լինի, եւ խորհրդարանը Տ.Թորոսյանի հրաժարականը ընդունելու եւ ԱԺ նախագահի նոր ընտրություններ կազմակերպելու համար պետք է սպասեր հաջորդ նիստին, որը կընկներ հոկտեմբերի կեսերից հետո: Այս դեպքում Ազգային ժողովը որոշ ժամանակ կմնար առանց նախագահի, կամ էլ մտածում էին, թե Տ. Թորոսյանը կարող է փոշմանել, ու որոշել են հաջորդ հերթական նիստի ժամանակ վերջնականապես լուծել Հովիկ Աբրահամյանի` ԱԺ նախագահ դառնալու խնդիրը»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: