Լրացուցիչ օժանդակություն

23/09/2008

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ստորագրել են ԱՄՆ եւ ՀՀ կառավարությունների միջեւ կնքված Թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրի արձանագրությունը եւ փոփոխությունների մասին համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի` ԱՄՆ կառավարությունը 2,7 միլիոն դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրում ՀՀ կառավարությանը` մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար: Նշված ֆինանսավորումը կուղղվի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեափորձագիտական լաբորատորիայի զարգացմանը, ՀՀ իրավապահ մարմինների համար հրաձգարանի կառուցմանը, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի մշտական իրավախորհրդատուի ծրագրի իրականացմանը, Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի զարգացմանը, ինչպես նաեւ Ոստիկանության` անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի զարգացման, թրաֆիքինգի զոհերի օժանդակության եւ ՀՀ անձնագրերի տպագրման համակարգի պաշտպանվածության հզորացման ծրագրերին: Հիշեցնենք, որ 2001թ. հունիսի 11-ին սկզբնական համաձայնագիրը ստորագրելուց ի վեր ԱՄՆ կառավարությունն իրավապահ ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրվել ավելի քան 10 միլիոն դոլար: