ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտի նոր մասնաշենքի շինհրապարակ: ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, ճարտարապետ Նարեկ Սարգսյանի, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի, նախագծի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ուղեկցությամբ ՀՀ նախագահը ծանոթացել է նախագծին:
Մատենադարանի նոր շենքի շինարարությունը սկսվել է դեռեւս 1987-ից, սակայն երկրաշարժի պատճառով աշխատանքներն անավարտ են մնացել: «Մոնարխ» շինարարական կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանը տեղեկացրել է, որ պատրաստ է նախագծի կյանքի կոչմանը հատկացնել 10 միլիոն դոլար: Ս. Համբարձումյանի նախնական հաշվարկներով` շինարարությունն ավարտին կհասցվի 2-3 տարվա ընթացքում: Կառույցի նախագծողներն են «Կլասիկ արխիտեկտուրա եւ դիզայն» եւ «Մեսչյան արքիտեքտ» ընկերությունները: Կառուցապատողը «Մատենադարան հիմնադրամն» է: Դասական եւ ժամանակակից ճարտարապետական լուծումներով այս գեղեցիկ մասնաշենքի մի հատվածը լինելու է երկու, մյուսը` երեք հարկանի: Համաձայն նախագծի` Մատենադարանի ներկայիս շենքի հետնամասում կառուցվելիք կառույցը Մաշտոցի պողոտայից չի երեւալու: Դրա ընդհանուր մակերեսը կլինի 12.1 հազար քառակուսի մետր` գրեթե չորս անգամ ավելի Մատենադարանի գործող շենքի ընդհանուր մակերեսից: Ա. Մեսչյանի խոսքերով` նախագծի իմաստը հայագիտական նոր տարածքների ստեղծումն է. նոր շենքը կունենա ձեռագրատուն, գրապահոց, արխիվ, ընթերցասրահներ, գիտաշխատողների սենյակներ: Մատենադարանի տնօրեն Հ. Թամրազյանը նշել է, որ նոր շենքի կառուցումն անհրաժեշտություն էր: Գիտական-աշխատանքային տարածքների սղություն ինստիտուտը զգում էր, մանավանդ, որ գիտական անձնակազմը կրկնապատկվել է. ինը գիտական խմբեր են աշխատում եւ ստեղծվում են նորերը: Ներկայումս Մատենադարանը զբաղեցնում է 3 հազար 300 քմ, նոր շենքի տարածքը 12 հազար քմ-ից ավելի է: Նոր շենքը տեխնոլոգիապես հագեցած է լինելու, ունենալու է արդիական պահպանման եւ սպասարկման համակարգեր: Հիմնական մասնաշենքը կդառնա թանգարանային համալիր, կքառապատկվեն ցուցադրական տարածքները: Մատենադարանի կառույցը սկսել է նախագծվել 1944 թվին, եւ ըստ Նարեկ Սարգսյանի` Անիի Սբ. Առաքելոց եկեղեցու (1038թ.) ժամատան ճակատն օգտագործվել է որպես Մատենադարանի հիմնական ճակատ: Մատենադարանի հիմնական շենքի գլխավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանն օգտագործել է միջնադարյան հայ ճարտարապետության ձեռագիրը, իսկ Ա. Մեսչյանն այդ նույն ձեռագիրը շարունակում է: Արթուր Մեսչյանը ներկայացնելով նախագիծը` խնդրել է աջակցել շենքի կառուցմանը, իսկ եթե նման հնարավորություն չկա, ապա գոնե չխանգարել: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ի պատասխան ԱՄՆ-ից վերջին տարիներին Հայաստան տեղափոխված Ա. Մեսչյանի այս խոսքին, նկատել է, որ եթե կան շահարկողներ, ապա նրանց պետք է անտեսել: Ա. Մեսչյանի վերոնշյալ մտավախությունը, թերեւս, ունի իր հիմքերը. նախ` հաշվի առնելով հայ ճարտարապետների միջեւ գոյություն ունեցող մասնագիտական խանդը, ապա՝ հայ չինովնիկների «քաշքշուկները»: Եվ, իհարկե, չպետք է մոռանալ Ա. Մեսչյանի «դառը փորձը», որի պատճառով նա երկար ժամանակ ապրում եւ ստեղծագործում էր Հայաստանից դուրս: Այսպիսով, այս գեղեցիկ նախագիծը կարելի է համարել նաեւ ճարտարապետ Ա. Մեսչյանի մուտքը Հայաստան: