«Ֆորպոստը» փոխելու ժամանա՞կը

23/09/2008 Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

Ռուս-վրացական հնգօրյա պատերազմի հետեւանքով Հարավային Կովկասում չճանաչված եւս երկու պետությունների լեգիտիմացումը մեծ հույսեր տվեց հայ հասարակությանը։ Սակայն անմիջապես առաջացած էյֆորիան աստիճանաբար մարում է: Կոսովոյի նախադեպից հետո նոր նախադեպերի առաջացման գործընթացները որպես տենդենց դիտարկելը եւ ղարաբաղյան հարցին այն «մեխանիկորեն տեղայնացնելու» փորձերն ու հույսերը հավանաբար վերջնականապես «թաղվեցին» օրերս Ադրբեջանի նախագահական ընտրությունների նախաշեմին նախագահ Իլհամ Ալիեւի Մոսկվա կատարած աշխատանքային այցից հետո: Այն, ինչպես հայտնի է, Դմիտրի Մեդվեդեւի` Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երկու երկրների նախագահների արդեն երրորդ հանդիպումն էր: Առաջինը կայացել էր հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի ընթացքում, իսկ հուլիսի սկզբին կայացավ Դ. Մեդվեդեւի պաշտոնական այցը Բաքու: Հանդիպումների աննախադեպ հաճախականությունն արդեն իսկ որոշակի ենթադրությունների տեղիք պետք է որ տար եւ հուշեր, որ երկու երկրների հարաբերություններում ինչ-որ նոր էջ է բացվում:

Եվ մինչ ՀՀ ղեկավարության հռչակած նոր «նախաձեռնող արտաքին քաղաքականությունը» կյանքի կոչող ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն այս օրերին հարեւան երկրներն այցելելով` փորձում էր Վրաստանի ղեկավարությանը պարզաբանումներ տալ ՀԱՊԿ-ի շրջանակում ՀՀ ղեկավարության կողմից Վրաստանի «ագրեսիվ քաղաքականությունը» դատապարտող փաստաթղթերի տակ ստորագրելու դրդապատճառների շուրջ, իսկ Իրանում չեզոքացնել Թուրքիայի հետ ծագած «սիրավեպի» պատճառով Իրանի ղեկավարության մոտ առաջացած խանդի որոշակի զգացմունքները, հայաստանյան քաղաքական էլիտայի մի մասը սկսեց զարմանքով նկատել, որ որոշակի սցենարների կյանքի կոչելու պարագայում չի բացառվում, որ «կոմպլեմենտար Հայաստանը» նույնիսկ կարող է կորցնել Հարավային Կովկասում ֆորպոստային իր կարգավիճակը: Այս առումով կովկասյան վերջին պատերազմից հետո ռուս-հայկական եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ու շփումների դինամիկան, նրանց արդյունավետությունը եւ, իհարկե, քննարկվող խնդիրների որակը վերոհիշյալ կանխատեսումների համար որոշակի հիմքեր, իհարկե, տալիս են: Ընդ որում, ինչպես ենթադրում են ռուսաստանյան որոշ վերլուծաբաններ, Ադրբեջանի հետ հարաբերությունների հստակեցումն ու առավելագույն մերձեցումը Ռուսաստանին կարող էր մղել նաեւ Կովկասի տարածաշրջանում նոր ֆորպոստ ձեռք բերելուն: Նրա միակ ռազմավարական դաշնակից համարվող Հայաստանի բավականին երկչոտ քաղաքական վարքագիծը դժգոհություն էր առաջացրել ռուս-վրացական ռազմական հակամարտության ընթացքում եւ դրանից հետո` կոնֆլիկտի, այսպես կոչվող, դիվանագիտական փուլում: Բանն այն է, որ Ռուսաստանի իշխանական եւ այսօր բավականին մեծ կշիռ ձեռք բերած ռազմական վերնախավում ամենեւին էլ ոչ բոլորն են գոհ ՀՀ ղեկավարության որդեգրած կեցվածքից: Ավելին, այսօր որոշ ազդեցիկ շրջանակներ նույնիսկ կասկածի տակ են դնում Հայաստանին՝ որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից լինելու փաստը: Զարմանալի չէ, որ աստիճանաբար ռուսաստանյան իշխանական էլիտայում ավելի հաճախ են սկսում հարցականի տակ դնել դժվար պահին «ճիշտ չկողմնորոշված» Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները շարունակելու նպատակահարմարությունը: Եվ թերեւս պատահական չէ, որ Հարավային Կովկասի երեք երկրներից մեկի` Վրաստանի հետ իր հարաբերություններն ընդհանուր առմամբ «ճշտելուց» հետո եւ այն, ինչ այդ երկրից մնացել է, փաստացի «բաց թողնելով» ՆԱՏՕ, ռուսաստանյան ղեկավարությունն իր ուշադրությունը սեւեռել է ոչ այնքան Հայաստանի, որքան ստեղծված իրավիճակում ավելի ադեկվատ եւ բոլոր առումներով խոստումնալից ռազմավարական գործընկերոջ հեռանկարներ ունեցող Ադրբեջանի ուղղությամբ: Եվ մինչ հայաստանյան «ստրատեգները» կանխատեսում էին, որ Հարավային Օսեթիայում ավարտված պատերազմից հետո առանձնակի թափով կվերսկսվեն մեկ այլ չճանաչված պետության` ԼՂՀ-ի շուրջ քննարկումները, պաշտոնական Մոսկվան շտապեց բոլոր հնարավոր մակարդակներով հայտարարել, որ իրավիճակը Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում որեւէ ընդհանրություն չունի Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացի հետ` դրանով իսկ ամուր հիմքեր դնելով Ադրբեջանի համար Արեւմուտքի հետ ծավալվող պայքարում: Արդյունքում, այսօր մենք ականատես ենք մի գործընթացի, երբ հնգօրյա կովկասյան պատերազմից հետո Ադրբեջանի կշիռն ու դերը տարածաշրջանում աննախադեպ աճել է (ի հեճուկս հայաստանյան պաշտոնական քարոզչամեքենայի) եւ թե ինչպես են արեւմտյան ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ՝ ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին, մրցելով ռուսաստանյան ամենաբարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հայտարարում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու մասին` մեկը մյուսից ավելի հեռանկարային քաղաքական, ֆինանսատնտեսական եւ հումանիտար բնույթի ծրագրերով փորձելով հրապուրել հարավկովկասյան այդ «երրորդ ուժին»: Հատկանշական է, որ «Ադրբեջանի համար» պայքարում Ռուսաստանն այնպիսի ակտիվություն է դրսեւորում, որ դա սկսում է լուրջ անհանգստություն առաջացնել «նոր ֆորպոստ դառնալու հեռանկարներից» մտահոգված ադրբեջանական տնտեսաքաղաքական եւ առանձնապես երկրի նավթագազային սեկտորը ներկայացնող օլիգարխիկ ազդեցիկ շրջանակներում: Այս տեսանկյունից ուշադրության է արժանի վերջերս ադրբեջանական «Այնա» թերթում (թարգմանաբար՝ «Հայելի») տպագրված «Ռուսաստանն Ադրբեջանին առնչվող նոր ռազմական ծրագրեր ունի» հրապարակումը, որը բավականին ուշագրավ տեղեկատվական արտահոսքեր է պարունակում:

Թերթը, վկայակոչելով ռուսաստանյան զինվորական շրջանակներին մոտ կանգնած իր աղբյուրները, պնդում է, որ Մոսկվայում այսօր ծրագրեր են նախատեսում Ադրբեջանը Կրեմլի ռազմաքաղաքական տիրույթ վերադարձնելու ուղղությամբ: Ըստ այդմ, արդեն առաջիկա ամիսներին նախատեսվում է Բաքվի եւ Մոսկվայի միջեւ խորացնել ռազմաքաղաքական հարցերի շուրջ երկխոսությունը, որի օրակարգում ներառվելու են հետեւյալ հարցերը` 1) ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում Ռուսաստանի առանցքային դերակատարության վերաբերյալ համաձայնության ընդունում, 2) Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի համատեղ շահագործման (Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի կողմից) խնդրի «սառեցում», 3) Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի 2012 թվականից հետո վարձակալման պայմանագրի երկարացման շուրջ ռուս-ադրբեջանական բանակցությունների սկսում, 4) Կասպից ծոցի ավազանի անվտանգության խնդիրների շուրջ երկկողմանի բանակցությունների խորացում, 5) Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինվորական կադրերի պատրաստման գործում օգնության ցուցաբերում, 6) ՌԴ մասնակցությունն Ադրբեջանի ռազմական ենթակառուցվածքների կատարելագործման հարցերում, 7) Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հակաօդային պաշտպանության եւ ռազմաօդային ուժերի օգնության ցուցաբերում, 8) ադրբեջանական սպայական կազմի վերապատրաստում ռուսաստանյան ռազմական բուհերում, 9) ադրբեջանական ռազմական տեխնիկայի վերանորոգում ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում, 10) զենքի եւ զինամթերքի մատակարարում Ադրբեջանին, 11) Ռուսաստանի կողմից Ադրբեջանին օգնության ցուցաբերում ազգային անվտանգության հայեցակարգի մշակման ընթացքում: Այսպիսով՝ անզեն աչքով իսկ տեսանելի է, որ եթե Ռուսաստանում իրոք մտադիր են էներգետիկական եւ այլ տնտեսական ծրագրերից բացի՝ իրականացնել նաեւ վերոհիշյալ ռազմաքաղաքական լայնածավալ ծրագիրը, ապա Հայաստանի՝ որպես Ռուսաստանի տարածաշրջանային «օպերատորի» նշանակությունն էապես կնվազի։ Իսկ գործընթացների որոշակի զարգացումների դեպքում Ռուսաստանը գլոբալ աշխարհաքաղաքական «առեւտրի» պարագայում կարող է նույնիսկ «օպերատորի», այսպես կոչված, փոխանակման ճանապարհով թողնել Հայաստանին միայնակ տապակվելու իր կոմպլեմենտարիզմի մեջ:

Հետաքրքրական է, որ ադրբեջանական փորձագետները ՌԴ-ի ռազմական ծրագրերը վտանգավոր են համարում, քանի որ ռուսաստանյան ռազմական ներկայության վերականգնումը հարված է հասցնելու Ադրբեջանի ինքնիշխանությանը: Արդեն հիշատակված նույն թերթի պնդմամբ՝ սեփական ռազմական ներկայությունն ապահովելով՝ Մոսկվան Ադրբեջանի արտաքին եւ ներքին քաղաքականության վրա ներազդելու հզոր լծակներ կստանա` փաստացի Ադրբեջանը վերածելով տարածաշրջանային իր նոր ֆորպոստի: «Անկախության փաստացի կորուստ՝ Ղարաբաղի դիմաց» ծրագիրը ադրբեջանական որոշ ազդեցիկ շրջանակներում առայժմ շատ բարձր գին է համարվում: Բայց, ինչպես ռուսներն են ասում, «պքպ վպ ՉպփպՐ». աշխարհաքաղաքական մեծ «առեւտուրը» դեռ նոր է սկսվել…