Հանուն հանրապետության նախագահի, հայտնի օլիգարխի հետ բարեկամության, նրանց մտերմիկ ժպիտին արժանանալու կամ այնպես անելու, որ հրապարակային որեւէ միջոցառման ժամանակ բոլորի ներկայությամբ արժանանան ուշադրության առանձնահատուկ նշանի՝ հայ քաղաքական գործիչները, մտավորականները եւ բոլոր նրանք, ովքեր ունեն նման հնարավորություն, միմյանց հրելով՝ օգտվում են դրանից՝ չկարեւորելով իրենց թողած տպավորությունը: Խոշոր իմաստով, հասարակական կարծիքն առանձնապես լուրջ արժեք չէ, քանի որ ընտրությունների արդյունքների վրա այն որեւէ կերպ չի ազդում եւ արտահայտվում է պասիվ ձեւով՝ մտքում ձեւակերպված ոչ բառարանային արտահայտություններով: Քաղաքական գործիչների համար գուցե որոշակի դիսկոմֆորտ է ներկայանալ լրագրողներին՝ նախապես գիտենալով, որ նրանք քո մասին ընդգծված բացասական կարծիք ունեն, սակայն դա տհաճ, բայց կարճատեւ անհարմարություն է:
Երկու օր առաջ լրագրողներին ասուլիսի էր հրավիրել Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա հերքեց ընդդիմության պնդումը, թե իշխանական բուրգը սկսել է կազմաքանդվելու՝ ընդդիմության կողմից այնքան սպասված շրջանը: Պարոն Բաղդասարյանն իր հերքումը հիմնավորեց Տեր-Պետրոսյանի ստեղծած չարության մթնոլորտով, նշեց, որ դեռեւս նախագահական ընտրություններից առաջ ինքն անձամբ է ճաշակել այդ չարության, սեւ քարոզչության հետեւանքները: Եվ, առհասարակ, իշխանական համակարգն այսօր առավել, քան երբեք կուռ է, բոլոր օղակները գործում են համաձայնեցված: Եվ այդ ամենը՝ շնորհիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փորձաշատության: Սակայն սա, ինչպես կարելի էր դատել պարոն Բաղդասարյանի խոսքերից, Սերժ Սարգսյանի առավելություններից միակը չէ. նա նաեւ լավ ընկեր է: Կարելի է ենթադրել, որ նախագահի եւ Արթուր Բաղդասարյանի ընկերությունը խիստ թարմ է եւ սկիզբ է առել տակավին վերջերս՝ փետրվարի տասնինից հետո: Սակայն հաշվի առնելով երկուսի՝ ոչ շատ երիտասարդ տարիքը (իսկ հասուն տարիքում ռոմանտիկ ընկերության սկիզբ դնելը փոքր-ինչ բարդ է), անհնար է չվստահել պնդումներին, թե նրանց ընկերության արմատներն, այնուամենայնիվ, ձգվում են պատմության խորքեր, մինչեւ ՕԵԿ-ի ստեղծում:
Իսկ սեւ քարոզչությունը, որն իբր Արթուր Բաղդասարյանի դեմ տարվել է ընդդիմության, մասնավորապես, Տեր-Պետրոսյանի թիմի կողմից, նախագահական ընտրություններից առաջ, իրո՛ք, շատ կոշտ եւ հաճախ գռեհիկ էր հնչում, սակայն այն, ինչ ասվել էր Արթուր Բաղդասարյանի հասցեին ընտրություններից առաջ, եւ որոնց հավատալ, թվում էր, անհնար է, հաստատվեց ընտրություններից հետո: Այնպես որ, Արթուր Բաղդասարյանի հեղինակությունը փրկել շատ երկար ժամանակ չեն կարող ո՛չ Սերժ Սարգսյանի հետ նրա անմնացորդ ընկերությունը, ո՛չ նրա զբաղեցրած պաշտոնը, որի հապավումն, ի դեպ, այնքա՜ն անբարեհունչ է:
Սակայն հասարակական անբարենպաստ կարծիքը, կրկնենք, լուրջ անհարմարություն չէ: Եվ դա նկատելի էր նաեւ Տիգրան Թորոսյանի պաշտոնանկությունից հետո: Նրա բոլոր կուսակցական ընկերներն առանց ժամանակ կորցնելու երես թեքեցին Տիգրան Թորոսյանից եւ այնպես են ձեւացնում, իբր երբեք չեն կասկածել, որ ԱԺ նախագահի պաշտոնում իրենք միշտ տեսել են հենց Հովիկ Աբրահամյանին: Նրանք չլսելու են տալիս նաեւ երեսուն արծաթ վերցնելու՝ իրենց ուղղված խոսքերը: Տիգրան Թորոսյանի քայլը՝ դուրս գալ կուսակցության շարքերից, վերագրում են նրա զգացմունքայնությանը: Սակայն պաշտոնանկության այդ գործողության ողջ ընթացքը ցույց է տալիս, որ այն անգամ համաձայնեցված չէ անձամբ պարոն Թորոսյանի հետ, ավելին՝ անգամ անակնկալ էր նրա համար, հետեւաբար նրա արձագանքը ադեկվատ է կատարվածին:
Սակայն խնդիրն այն է, որ հասարակական ընկալման մեջ ԱԺ նախագահի փոփոխության պատճառը վերագրվում է ո՛չ Տիգրան Թորոսյանի մարդկային թուլություններին եւ ո՛չ էլ, առավել եւս, Հովիկ Աբրահամյանի արժանիքներին՝ թե նա կարող է բարձրացնել ԱԺ դերը եւ հեղինակությունը (այն, ինչ չկա, հնարավոր չէ բարձրացնել): Այս նշանակման ամենադիպուկ գնահատականը տվել է թերեւս ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Ըստ նրա՝ այդպիսով կուսակցությունը լուծել է իր իդենտիֆիկացման խնդիրը: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանին բնութագրող գրեթե բոլոր հատկանիշները համապատասխանում, նույնանում են ՀՀԿ մեծամասնության հատկանիշներին:
Քանի որ քաղաքական գործիչները պատրաստ են հնարավոր բոլոր ծառայությունները մատուցել երկրի կամ կուսակցական ղեկավարությանը՝ այդ ճանապարհին զրկվելով ամենակարեւոր ատրիբուտից՝ հեղինակությունից, իրենց ծառայությունների դիմաց նրանք ակնկալում են բարձր վարձատրություն: Թերեւս սա է բացատրությունը, թե ինչու են Հայաստանում, որպես կանոն, բարձր պաշտոններ զբաղեցնում հասարակության մեջ հեղինակազրկված գործիչները: Առհասարակ, հասարակական կարծիքի նշանակությունը մեզ մոտ նվազում է մինչեւ վտանգավոր աստիճանի: Այսպես՝ հասարակական կարծիքն, անկասկած, արժեքավոր է, դիցուք, ԱԺ պատգամավոր եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար: Սակայն այն մարդկանց համար, ովքեր ծրար են ստանում անմիջականորեն պարոն Ծառուկյանից կամ աշխատում են նրա ղեկավարած կառույցում, որպիսին է, օրինակ, Օլիմպիական կոմիտեն, կարեւոր է անձամբ Գագիկ Ծառուկյանի, այլ ոչ թե հասարակության կարծիքը: Եթե ուշադիր եք հետեւել Պեկինում կայացած օլիմպիական խաղերին նվիրված տեսահոլովակի կադրերին, նկատած կլինեք, որ աշխարհի, Եվրոպայի մրցաշարերում հաղթանակած մեր մարզիկները թեեւ ոգեւորված են, որ իրենց ուժի շնորհիվ աշխարհի այս կամ այն անկյունում բարձրանում է Հայաստանի դրոշը, սակայն նրանց հայացքն ուղղված է Գագիկ Ծառուկյանին՝ հաջողացրեցի՞ն իրենց արդյունքով հաճույք պատճառել, գոհացնել նրան: Այսինքն՝ մարզիկներն իրենց հաղթանակը նվիրում են Գագիկ Ծառուկյանին, հետո արդեն՝ վերջինս էլ՝ հայ ժողովրդին: