Տպագիր մամուլն ավելի շատ ընդդիմադիր է, քան ազատ

23/09/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Վերջերս ԱԺ-ն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ» կատարեց, ինչից հետո տարբեր կազմակերպություններ սկսեցին տարբեր միջոցառումներ կազմակերպել ու քննարկել, թե որքանով են Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներն ազատ ու անկախ:

«Զանգվածային լրատվամիջոցների ազատությունը եւ դրանցում բազմակարծության ապահովման խնդիրները Հայաստանում» թեմայով մի քննարկում էլ երեկ տեղի ունեցավ Մամուլի ազգային ակումբում: Հարկ է նշել, որ բանախոսներից գրեթե բոլորն էլ հնչեցրին այն կարծիքը, որ հայաստանյան լրատվամիջոցներն ազատ չեն, չեն ապահովում բազմակարծություն, հետեւաբար մեր երկրում չորրորդ իշխանությունն այնպիսին է, ինչպիսին մյուս երեք իշխանություններն են: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը համարում է, որ լրատվամիջոցները կարեւոր դերակատարում ունեն ինչպես հասարակական կարծիքի, այնպես էլ քաղաքական մշակույթի ձեւավորման գործընթացներում: Հետեւաբար, ըստ նրա` չորրորդ իշխանությունը պարտադիր պետք է արտացոլի երկրի քաղաքական զարգացումները: Հասարակական կարծիքի ձեւավորման գործում լրատվամիջոցներն, ըստ Ռ. Առաքելյանի` իրենց առաքելությունը կատարում են խիստ թերի. «Որովհետեւ մեր հասարակությունն այսօր ապրում է տարաբնույթ մտածողության մեջ: Մեր լրատվամիջոցները չեն կարողանում այդ մթնոլորտի վրա ազդել, որովհետեւ քննարկման մեծ մասի նյութն անձն է: Հատկապես թերթերը գրում են կամ անձերի մասին, կամ անձերի դեմ, իսկ այդ ձեւով հասարակական կարծիք չի կարող ձեւավորվել»: Ռ. Առաքելյանի դիտարկմամբ` լրատվամիջոցները չեն գրում հասարակական արատների, երեւույթների մասին, որոնք ազդում են նաեւ երկրի պետականության կայացման գործընթացի վրա եւ խթանելու փոխարեն՝ խանգարում են ժողովրդավարությանը: Այս ամենից նա եկել է այն եզրահանգման, որ որեւէ երկիր չի կարող լինել ժողովրդավար, քանի դեռ բացակայում են ազատ խոսքն ու բազմակարծությունը: Որքան էլ զարմանալի է` Ռ. Առաքելյանի դիտարկմամբ` այս իմաստով ավելի բարվոք վիճակում են հեռուստաընկերությունները, քան տպագիր մամուլը. «Բացի դա, մեր թերթերում դուք չեք հանդիպի վերլուծական հոդվածներ, այլ կհանդիպեք հարցազրույցների, որոնք ներկայացնում են քաղաքական գործիչների տեսակետներ, անձնական մտածողություն»: Ասածն ապացուցելու համար նա վկայակոչեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան, որի կապակցությամբ թուրքական վեբ-կայքերում եւ տպագիր մամուլում բազում վերլուծական նյութեր են տեղադրվել, իսկ Հայաստանում` ոչ: Նա անդադար դժգոհում էր մասնավորապես Թուրքիայի նախագահի այցի հետ կապված մամուլում վերլուծական նյութեր չգտնելու հանգամանքից: Նա մեկ դժգոհում էր բազմակարծության պակասից, մեկ էլ` հայտարարում էր, թե` «Մեր երկրում բազմակարծություն, այո՛, կա, որովհետեւ եթե չլիներ` մենք չէինք հանդիպի այդքան սուր հոդվածների»: ԶԼՄ-ների ազատության աստիճանը փորձեց գնահատել նաեւ «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, ով մատնանշեց երեք բաղկացուցիչ` իշխանության բնույթը, օրենդրական բազան եւ ֆինանսական ապահովվածությունը: «Մենք մեր երկրում ունենք ավտորիտար իշխանություն, չի գործում ընտրությունների ինստիտուտը, որոշումների կայացման ոչ հրապարակային մեխանիզմն է, եւ այդպիսի իշխանության ամենամեծ թշնամին ազատ մամուլն է: Իրենց ձեռնտու չէ, որ անաչառ լուսաբանում տեղի ունենա, քաղաքական որոշումները կայացվում են այն տեղերում, այն մարմիններում, որոնք դրա ֆորմալ իրավունքը չունեն, եւ մի շարք այսպիսի երեւույթներ»,- նշեց Ս. Սուրենյանցը` հավելելով, որ Հայաստանում ազատ մամուլը սկսեց նահանջ ապրել իշխանության ավտորիտար նկրտումների խորացմանը զուգահեռ: Ազատ մամուլի կայացման ճանապարհին խոչընդոտներից մեկն էլ նա համարում է անկախ դատական համակարգի բացակայությունը, քանի որ մամուլ-իշխանություն կամ մամուլ-այլ սուբյեկտ հակասությունների պարագայում բացակայում է այն անկախ արբիտրը, որը կկարգավորի այդ խնդիրները: Ս. Սուրենյանցը հիշեցրեց, որ այս իշխանությունների օրոք եթերազրկվեցին երկու անկախ հեռուստաընկերություններ, եւ հեռուստաեթերը դարձավ վերահսկելի: Անդրադառնալով օրենսդրական բազային՝ նա ասաց. «Գիտե՞ք, ավտորիտար երկրներում ես նույնիսկ չեմ էլ կարեւորում՝ օրենքները լա՞վն են, թե՞ վատը, կարող է գրված լինեն շատ գեղեցիկ օրենքներ: Օրինակ` ՀՀ Սահմանադրության մեջ գրված չէ, որ ընտրությունները կարող են կեղծվել եւ կեղծիքի միջոցով Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը կարող են ընտրվել նախագահ, բայց ինչպես տեսնում եք` մարդիկ այդ ճանապարհով ընտրվում են նախագահ»: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին վերջին օրենքն, ըստ նրա, որեւէ կապ չուներ մայր օրենքի հետ. «Սրա անունը կարելի էր դնել` փոփոխություններ «Ա1+»-ի եթերազրկումը շարունակելու մասին, որովհետեւ ակնհայտ էր, որ մեր իշխանությունները փոփոխությունների մտադրություն ունեցան հատկապես այն պատճառով, որ Եվրոդատարանի վճիռ կար «Ա1+»-ի մասով, եւ կար ԵԽ ԽՎ առնվազն երկու բանաձեւ: Ակնհայտ էր, որ իշխանությունները խորամանկությամբ պիտի փորձեն այս հարցը լուծել եւ իրենց մտադրություններին փորձեցին օրենսդրական ձեւակերպում տալ»: Ինչ վերաբերում է ֆինանսական բաղկացուցչին, ապա Ս. Սուրենյանցի գնահատմամբ` պետբյուջեից ֆինանսավորվում են այն ԶԼՄ-ները, որոնք իշխանության ագրեսիվ քարոզչության կրողներն են: Հետեւաբար, ըստ նրա` իշխանությունը մեր` հարկատուների հաշվին, փորձում է լուծել ոչ թե պետական, այլ իր կլանային քաղաքական քարոզչությունն ապահովելու խնդիրը: Ս. Սուրենյանցը նույնպես համարում է, որ լրատվամիջոցները չեն ապահովում բազմակարծություն. «Ես կարող եմ հակադարձել եւ ասել, որ հեռուստատեսությամբ երբեմն հյուր են կանչում ընդդիմադիր գործիչներին. շատ հստակ պատասխան կարող եմ տալ` վերահսկելի դեմոկրատիայի կամ մենթալիտետային դեմոկրատիայի մոդել ունեցող ցանկացած երկրներում էլ երբեմն ընդդիմադիր գործիչներին կանչում են հեռուստաեթերների՝ «գալչկա» դնելու կամ Եվրախորհրդին ինչ-որ բան զեկուցելու համար»: Ս. Սուրենյանցի կարծիքով` տպագիր մամուլը շատ ավելի ազատ է, քան հեռուստաեթերը: Մինչդեռ տպագիր մամուլի հասարակական կարծիքի ձեւավորման վրա ազդեցությունը խիստ սահմանափակ է, քանի որ գոյություն ունեն տպաքանակ, մարզեր չառաքվելու եւ ֆինանսական խնդիրներ: Թեեւ տպագիր մամուլի որակը նա իդեալական չի համարում, այդուհանդերձ, գտնում է, որ այն ավելի շատ ընդդիմադիր է, քան ազատ: «Դա ունի օբյեկտիվ պատճառաբանություն. երբ իշխանությունները տոտալ վերահսկողության տակ են պահում հեռուստաեթերը` ընդդիմադիր կամ ազատ մամուլի մոտ պետք է խոսի ինքնապաշտպանական բնազդը, եւ պետք է ավելի շատ շեշտված լինեն ընդդիմադիր դիրքորոշումները»,- նշեց նա` հավելելով, որ եթե Հայաստանում վերականգնվի հեռուստաեթերի ազատությունը` տպագիր մամուլն ավելի շատ կլինի ազատ, քան ընդդիմադիր: