Երեւանի Կենդանաբանական այգին սովորաբար հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվում կամ նոր կենդանու ձեռքբերման, կամ էլ որեւէ կենդանու մահվան ժամանակ: Եվ հիմնականում այդ աղմկալի իրադարձությունները կապված են լինում այգու խոշոր հովանավորի՝ «Գրանդ» հոլդինգի գնած փղերի հետ:
Սկզբում Հրանտ եւ Մաշա փղերի հարսանիքը կազմակերպվեց, իսկ օրեր առաջ տեղի ունեցավ Մաշայի թաղման արարողությունը: Երեկ լրագրողների հետ հանդիպում կազմակերպած Երեւանի Կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանն ասաց. «Մաշայի մահի պատճառը մեզ համար հանելուկային էր, ոչինչ չէր հուշում, որ Մաշան իրեն վատ է զգում»:
Փղի վախճանի հետ կապված պարզաբանումներ արեց «Գրանդ» հոլդինգը ներկայացնող իրավաբան Կարեն Աղաջանյանը, ով ընթերցեց կրկնակի փորձաքննության արդյունքները: Դրանք փաստում էին, որ տեղի է ունեցել փղի ներքին օրգանների թունավորում: «Փղի ստամոքսի աշխատանքն արգելափակված էր, եւ մահի պատճառ դարձավ սննդի ոչ լիարժեք մարսումը»,- ասաց նա: Եվ հերքեց միտումնավոր թունավորման վարկածը` նշելով, որ թունաբանական փորձագետները վստահեցնում են, որ փղի որովայնի մեջ կողմնակի թունաքիմիկատներ չեն հայտնաբերվել: Ս.Աբովյանն էլ նշեց, որ փղի դիահերձումը կատարվել է մահից 16 ժամ անց, եւ նրա ստամոքսում մեծ քանակի չմարսված սնունդ է հայտնաբերվել: Իսկ թե ինչո՞ւ նույն սնունդը կերած Հրանտի հետ ոչինչ չի պատահել, նա դժվարանում էր ասել` նկատելով, որ ամեն մի կենդանի յուրահատուկ է:
Երեւանի Կենդանաբանական այգու տնօրենն ամեն կերպ փորձում էր վստահեցնել լրագրողներին, որ այգու կյանքում ամեն բան կարգին ու ոգեւորիչ է, որ իրենց աշխատակազմը համալրված է լավ մասնագետներով, ու գումարի պակաս իրենք չեն զգում: «Պրոֆեսիոնալ օգնության կարիք մենք չունենք, մեր ունեցած մասնագետները մեզ բավարարում են, իսկ պետության տված գումարը լիովին բավարարում է կենդանիներին սնունդ ապահովելու համար»,- ասաց նա: Այդ լավատեսությունը, կարծում ենք, փոքր-ինչ ուռճացված է, քանի որ, փղի մահից բացի, այգում կան նաեւ այլ դժբախտ պատահարներ: 3 տարի շարունակ, օրինակ, այգու բնակիչներ` Մանուկ եւ Մանուշ գետաձիերը ձագ են ունենում, իսկ ձագը սատկում է: Պատճառը լողավազանի ջրի ցածր ջերմաստիճանն է, որը շտկելու համար լողավազանը հարկավոր է հատուկ ֆիլտրերով ու տաքացնող սարքերով ապահովել: «Հենց այսօր սկսել ենք լողավազանի տաքացման աշխատանքները»,- ասաց տնօրենը: Հայտնի է, որ վերջերս սատկել է նաեւ այգու մեկ այլ բնակիչ` կենգուրուն, որին, ըստ Ս. Աբովյանի` այցելուները կոշտ կերակուր են տվել: Նույնիսկ անզեն աչքով է նկատվում, որ մթնոլորտը Երեւանի Կենդանաբանական այգում պայթյունավտանգ է, եւ կարգավորման կարիք առաջին հերթին ունեն մարդկային փոխհարաբերությունները, որոնք ուղղակիորեն ազդում են կենդանիների վրա: Հաճախ այցելելով այգի` կարելի է նկատել, որ կան իրապես կենդանասեր աշխատակիցներ, եւ կան մարդիկ, որոնք հաստատ իրենց տեղում չեն: Թեեւ այգու տնօրենը նշում է, որ իրենք լավ անասնաբույժներ ունեն, հայտնի է, որ ոմանք նույնիսկ չեն էլ մոտենում հիվանդ կենդանիներին: Կամ չեն ցանկանում, կամ էլ պարզապես չգիտեն` ի՞նչ անել տվյալ հիվանդության դեպքում: Նույնիսկ լաբորատորիական գործիքների ու պրիմիտիվ դեղորայքի պակասի մասին չեն ահազանգում` դա համարելով ավելորդ գլխացավանք: Հստակ է, որ եթե խենթի պես չես սիրում կենդանիներին, ուրեմն իրավունք չունես կենդանիների հետ աշխատել, քանի որ մարդկային փոխհարաբերությունները ճշտելու համար սկսում ես կենդանիներին որպես միջոց օգտագործել: Եվ կենդանիներին մարդկանցից պաշտպանելու համար հարկավոր է նախեւառաջ մտածել եւ՛ այգու «ներսում», եւ՛ այգու «դրսում» «մաքուր» մարդկային մթնոլորտ ստեղծելու մասին: Միգուցե արժե՞, որ այդ խնդրով ավելի լուրջ սկսի զբաղվել Երեւանի քաղաքապետարանը, որի հսկողության տակ է գտնվում եզակի այդ կառույցը, կամ էլ պետք է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կպարզի, թե ինչու են լավատեսական գաղափարները դեմագոգիայի պատին դեմ առնում: Հրապարակային զրույցների ժամանակ պարզվում է, որ այգում ամեն բան խաղաղ ու լավ է, եւ ոչ ոք ոչ մի բանից չի դժգոհում, մինչդեռ շատերը խուսափելով իրենց անունների հրապարակումից, շշուկով նեղսրտում են այգում տիրող աշխատաոճից: Սակայն դրանից ոչինչ չի ուղղվում. միայն լավատեսական մտքերն են ավելանում:
Որպես լավատեսական ակորդ՝ այգու ղեկավարները նշում են, որ շուտով մեր այգին համալրվելու է նոր փղերով: «Ապագայում մենք 4 գլուխ էգ փիղ ենք բերելու ասիական երկրներից»,- խոստացավ «Գրանդ» հոլդինգի ներկայացուցիչը: Եթե փորձենք հասկանալ, իսկ ինչո՞ւ է չորս փիղ հարկավոր, այլ` ոչ, ասենք, երկուսը, կպարզենք, որ այդ հարցն անիմաստ է: Չորսն ավելի հնչեղ է, քան երկուսը: Իսկ նպատակահարմարությունը եւ փղերի կոմֆորտի ապահովումը կարեւոր չեն: