Արդեն 2007թ. սկզբին միանգամայն ակնհայտ դարձավ, թե ինչ սցենարով են զարգանալու իրադարձությունները: 2007թ. սկզբին Պուտինն առաջ քաշեց երկու սկզբունքային դրույթներ: Մյունհենյան ելույթում նա հայտարարեց «աշխարհում նոր կարգ» կառուցելու ԱՄՆ-ի կուրսի հետ կապերը խզելու մասին, մի կուրս, որի ազդեցության ոլորտում ՌԴ-ն գտնվում էր 1992 թվականից ի վեր: Սա արվեց այնպիսի կտրուկ տոնով, որ արեւմտյան մամուլը սկսեց խոսել «սառը պատերազմ» հայտարարելու մասին: Այս հայտարարությունը նշանակում էր՝ խզում «ԱՄՆ-ի հովանու ներքո գլոբալիզացիայի» դոկտրինայի նոր աշխարհակարգի փիլիսոփայության հետ:
Սա գրեթե անդարձելի քայլ էր. միջազգային քաղաքականության հիմնարար հակասությունների մեջ Ռուսաստանն ԱՄՆ-ի արբանյակ-երկրների ճամբարից անցնում էր ընդդիմախոսների կամ նույնիսկ հակառակորդների շարքը: ԱՄՆ-ը հիանալի հասկացավ ահազանգը, սակայն հարցը կոծկելով` որոշեց ժամանակն օգտագործել հզոր հակահարված տալուն նախապատրաստվելու համար: Իսկ Ռուսաստանը, հանգստացած այն բանից, որ կոշտ ռեակցիա չեղավ, շարունակեց, ինչպես դա հաճախ է լինում, անշտապ գործել: Երկրորդ սկզբունքային դրույթը Պուտինն արտահայտեց 2007թ. փետրվարի 19-ին Վոլգոգրադում կայացած ՌԴ Պետխորհրդի նիստի ժամանակ, եւ այն ուղղակիորեն կապված էր մյունհենյան ելույթի հետ: Նա հայտարարեց «տնտեսության դիվերսիֆիկացիայի կուրսի մասին` ի հաշիվ տնտեսության վերամշակող ճյուղերի զարգացման»: Սա ակնհայտորեն Ռուսաստանն Արեւմուտքին գազ եւ նավթ մատակարարող «էներգետիկ տերության» վերածելու ուղուց հեռանալու քայլ է: Ավելին, վերամշակող ճյուղերի զարգացումը, ինչը ենթադրում է էներգակիրների հոսքի` դեպի ներքին շուկա ուղղվածություն, հայրենական աղքատիկ տնտեսության ապահովում էներգակիրներով, Արեւմուտքին նետված ուղղակի մարտահրավեր էր: Արեւմուտքն իր գործնական քաղաքականության մեջ հետեւողականորեն օգտագործում է Մարգարետ Թետչերի այն թեզիսը, թե Ռուսաստանի բնակչությունը չափից դուրս շատ է, ունեցած ռեսուրսների արդյունահանման եւ տեղափոխման համար 15 մլն մարդը միանգամայն բավարար է:
Ինչպես հայտնեց Պուտինը Պետխորհրդի նիստի ժամանակ, նա կառավարությանը հանձնարարական է տվել նախապատրաստելու «Պետական կանխատեսումների եւ ՌԴ սոցիալ-տնտեսական զարգացման մասին» դաշնային օրենքը: Սա նշանակում էր պաշտոնապես հրաժարվել Ռուսաստանը որպես զարգացման սեփական վեկտոր չունեցող եւ «համաշխարհային շուկայի տնտեսական օպերատորների» կամքին լիովին ենթակա «տարածք» ներկայացնելուց: Պետությունն իրեն էր վերադարձնում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ֆունկցիան: Սա կարեւոր փոփոխություն էր. չէ՞ որ կանխատեսումների մասին օրենք արդեն ընդունվել էր նախկին Դումայի կողմից եւ անգամ հավանության արժանացել Դաշնային խորհրդի կողմից, սակայն այն ժամանակ Գերման Գրեֆի խորհրդով Պուտինը դրա վրա վետո դրեց: Երեւում է` 2007թ. իրավիճակը փոխվեց: Ի վերջո, Պուտինը փաստորեն հայտարարեց ԱՀԿ-ի նորմերով սահմանված սահմանափակումներից հրաժարվելու մասին: «Անհրաժեշտ է մշակել այնպիսի միջոցների համակարգ, որն ուղղված կլինի վերամշակող ձեռնարկությունների չափաբաժնի մեծացմանը»:
Ե՛վ արդյունաբերող ձեռնարկությունների վարկավորման պետական սուբսիդավորումը, եւ՛ արդյունաբերության առանձին ճյուղերին արտոնություններ տալը պետական աջակցության միջոցներ են, որոնք արգելված են ԱՀԿ-ի նորմերով: Պուտինը նշեց այն ճյուղերը, որոնց առաջին հերթին պետք է աջակցություն ցուցաբերվի` ավիացիան եւ նավաշինությունը: Բացահայտ հայտարարվեց, որ Ռուսաստանի օդանավաշինությունը վերածնվելու է ոչ թե «ԱՀԿ-ի պայմանների շրջանակներում», այլ պետության հովանու ներքո եւ պետական ներդրումների եւ սուբսիդիաների օգնությամբ:
Արժե հիշել, որ Ռուսաստանին ԱՀԿ-ի մեջ փորձում էին ներգրավել դեռ 2003թ., երբ դա մահվան հավասարազոր բան էր: Սակայն այն ժամանակ գիտնականների եւ մասնագետների մի խմբի հաջողվեց Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրան բացատրել, թե ինչ աղետալի հետեւանքներ կարող է ունենալ այդ քայլը Ռուսաստանի համար: Նրանց հաջողվեց թվերով եւ փաստերով ցույց տալ, թե ինչպես է Արեւմուտքը կեղծավորությամբ, Ռուսաստանին համոզելով՝ զիջումների գնալ, իրականում խիստ հետաքրքրված, որպեսզի հնարավոր բոլոր միջոցներով Ռուսաստանին ներքաշի ԱՀԿ-ի մեջ, թեեւ հակառակ բոլոր հռչակագրերի` ծառայում է միմիայն զարգացած տնտեսություն ունեցող երկրներին եւ անդրազգային կորպորացիաներին: Ընդ որում` պարզվեց, որ ո՛չ Կասյանովը, ո՛չ Իլարիոնովը, ո՛չ Գրեֆը նախագահին տեղյակ անգամ չեն պահել բանակցությունների գլխավոր ուղղության` տնտեսվարման ողջ համակարգը ԱՀԿ-ի նորմերին համապատասխանեցնելու մասին, ինչը նախ եւ առաջ նշանակում էր գազի եւ էլեկտրաէներգիայի համար համաշխարհային գներ սահմանել ներքին սպառողների համար: Այն ժամանակ Պուտինն առանց բարձրագոչ արտահայտությունների չեղյալ հայտարարեց դեռ 2003-ին ԱՀԿ-ի մեջ մտնելու իր իսկ որոշումը: Իսկ վերջերս սենատոր Լիսովսկին (հենց նա, որ Սպիտակ տանից դուրս էր բերել «պատճենահանման սարքի տուփը», եւ որին բռնացրել էր Կորժակովը) Մաքսիմ Մեդվեդկովին` ԱՀԿ-ին անդամակցելու հարցերով Ռուսաստանի գլխավոր բանակցողին, ազգի թշնամի անվանեց, թեեւ չճշտեց, թե հատկապես որ ազգի:
2007թ. Ռուսաստանի նախագահի հայտարարություններն ուրվագծեցին այն սահմանը, որից այն կողմ անդառնալին էր: Դրանք արտացոլում էին զանգվածային գիտակցության վիճակը, որը չի ընդունի ոչ Ռուսաստանի վզին փաթաթված Գայդար-Չուբայս-Կուդրին նոր-ազատական կուրսը, ոչ «ԱՄՆ-ի հովանու ներքո» գլոբալիզացիան: Բարեփոխումների կուրսի նկատմամբ բնակչության բացասական վերաբերմունքն այնքան համախմբվեց, որ վերաճեց քաղաքական ուժի, որն էլ կանխորոշեց Պուտինի էվոլյուցիան: Այն ժամանակ Պուտինը թերեւս դեռ չէր զգում, որ անցել է թույլատրելիի սահմանը: Հետագա իրադարձությունները զարգանում էին նրա ասածների «տարածքում»: Պարզվեց, որ բառերը կարող են նյութականանալ: Ի հայտ եկավ Ռուսաստանի սուբյեկտությունը միջազգային քաղաքականության մեջ վերականգնելու, իր բնական դաշնակիցների համագործակցությունը վերականգնելու մղում: Հայտնվեց Պուտինի ծրագիրը, ապա Հոկայդո կղզում կայացած մեծ ութնյակի նիստի ժամանակ Մեդվեդեւի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է էներգառեսուրսները վաճառել ռուբլիով: Ավելի վաղ նման հայտարարություններ էին իրենց թույլ տվել ԽՍՀՄ-ի Մինիստրների խորհրդի նախագահ Վ.Պավլովը եւ Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը, որոնց ճակատագիրը բոլորին լավ հայտնի է: Վերջին հայտարարությամբ Մեդվեդեւը փաստորեն կասկածի տակ դրեց ԱՄՆ-ի իրավունքը` օգտագործելու համաշխարհային ՀՆԱ-ի 40%-ը, այն դեպքում, երբ ինքն արտադրում է դրա 20%-ից պակաս ծավալը:
Այսպիսի բաները չեն ներվում եւ չեն մոռացվում: Ապա խոսվեց եւ ՎՏՕ-ի մեջ մտնելու գործընթացը կասեցնելու, եւ ԶԼՄ-ների գործունեության նոր կոնցեպցիայի նախապատրաստման, եւ այլն, մասին: Սրան կարող են հետեւել նաեւ գազային ՕՊԵԿ-ի, Չինաստանի հետ ընդհանուր շուկայի եւ ամենակարեւորը` Ռուսաստանի սոցիալ-մշակութային ինքնանկախության հարցերը եւ շատ այլ հարցեր, որ իշխանությունները չէին էլ կարող պատկերացնել անգամ մի 3-4 տարի առաջ:
Այն ժամանակ մի շարք վերլուծաբաններ եկան ընդհանուր հայտարարի այն հարցում, որ Ռուսաստանի համար չափազանց դժվար կլինի առանց պետության ու սոցիալական ոլորտի լիովին վերափոխման դիմագրավել «նոր սառը պատերազմին», որի նպատակը կլինի Ռուսաստանի արժեքային-գիտակցական տարածքի լիակատար ոչնչացումը մի նոր զենքով: Չափազանց մեծ է «հինգերորդ շարասյունը», չափազանց մեծ է «խաղագումարը», Ռուսաստանի «անձնակազմը» չափից դուրս հոգնած է ու բարոյազրկված: Նման պատերազմում հաղթանակ ապահովելու համար առաջին եւ գլխավոր պայմանը նոր «հասարակական պայմանագիրն է» իշխանության ու հասարակության միջեւ: Անհսրաժեշտ է իշխանության կոլեկտիվ անգիտակցությունը համապատասխանեցնել ժողովրդի կոլեկտիվ անգիտակցության հետ: Իսկ փորձությունների նախաշեմին հասարակությանը համախմբելու համար անհրաժեշտ է տնտեսության ու սոցիալական քաղաքականության մեջ արմատական շրջադարձ կատարել, ինչը պահանջում է քաղաքական համակարգի` գաղափարախոսության, լեզվի, կառույցների, մարդկանց նորացում: