Վալտեր Բենիամին. Ռոբերտ Վալզեր
Բազում էջեր է գրել Ռոբերտ Վալզերը, բայց այնքան էլ շատ չի գրվել նրա մասին: Ընդհանրապես մեզ ինչ է հայտնի մեզանից նրանց մասին, ովքեր կարողանում են ըստ նպատակի օգտագործել ծախու գլոսսաները (գլոսսա-անհասկանալի բառի կամ արտահայտության մեկնություններ լուսանցքում կամ բնագրում)` ոչ այնպես, ինչպես դա անում է թերթի գրչակը, վեհացնելով, ասես «վսեմացնելով» դրանք մինչեւ ինքը, այլ օգտագործելով դրանց անարգ, անհրապույր պատրաստակամությունը, որպեսզի դրանցից կյանք ներշնչող, մաքրագործող օգուտ քաղեն: Ինչով է լեցուն այդ, ըստ Ալֆրեդ Պոլգարի արտահայտության, «փոքր ֆորման», որքան ապավինության խորշոմներ են փախուստով փրկվել, այսպես կոչված, մեծ գրականության լկտի քարե ճակատից` նրա համեստ թավուտներում, այդ մասին սոսկ քչերին է հայտնի: Իսկ մյուսները չեն էլ կասկածում, թե ինչով են նրանք պարտական Պոլգարին, Խեսելին կամ Վալզերին` նուրբ կամ տատասկոտ ծաղիկների համար տերեւածածկ անտառի անապատում: Ռոբերտ Վալզերի մասին նրանք կհիշեն ոչ այլապես, քան վերջին հերթին: Քանզի դպրոցական կրթությունից մակաբերած սկզբնական մղումները իրենց խղճուկ գիտելիքի, որից հեռու տպագիր խոսքի գործերում նրանք չեն էլ գնացել, նրանց հուշում է հանուն բովանդակության ոչնչության կառչել անվնաս «արմատավորված», «վսեմ» ֆորմայից: Իսկ Ռոբերտ Վալզերի դեպքում աչքի է զարնում հենց բավական անսովոր, դժվարությամբ նկարագրության տրվող բարձիթողիությունը: Այն, որ աննշանությունը կշիռ ունի, անկապությունը` կայունություն. ի վերջո, վալզերյան գործերի դիտարկումն այդ համոզմունքին է հանգեցնում:
Դրանով զբաղվելը հեշտ չէ: Ահա թե ինչու. քանի որ մենք սովորել ենք այն բանին, որ ոճի առեղծվածները մեզ ընդառաջ են գալիս առավել կամ նվազ կառուցիկ, ստեղծագործությունների նշյալ նպատակը հետապնդող, այստեղ մենք հայտնվում ենք լիովին` համենայն դեպս, առաջին հայացքից` խոսքի աննպատակ, եւ դրա հետ մեկտեղ, գրավիչ ու դյութող վայրի մացառուտների առջեւ: Հայտնվում ենք ինքներս մեզ` բոլոր ֆորմաների միջով ուղեւորվելիս` նրբագեղությունից մինչեւ դառնությունը: Առաջին հայացքից, ասացինք մենք, առանց նպատակի: Պատահում էին վիճաբանություններ, իրոք որ: Սակայն դա խուլ բանավեճ է, եւ դա ակնհայտ է, հարկ է հիշել այն մասին, որ Վալզերը խոստովանում էր, որ երբեք չի լավացրել իր ստեղծագործությունների եւ ոչ մի տողը: Պարտադիր չէ հավատալ նրան, թեպետ դա լիովին տեղին կլիներ: Քանզի այդ դեպքում հասկացողությունը մեզ հանգիստ կբերի. գրել եւ երբեք գրածը չշտկել` այդ է ծայրագույն աննպատակայնության եւ բարձրագույն նպատակաուղղվածության բացարձակ փոխներթափանցումը: Դե լավ է: Սակայն, ոչինչ չի խանգարում մեզ փորձելու տեսնել այդ բարձիթողիության արմատը: Մենք արդեն հիշատակել ենք` նա ուզածդ ձեւ է ընդունում: Այժմ հավելենք` բացառությամբ որոշների: Եվ հատկապես, ամենատարածվածի, ինչը մտահոգված է բացառապես բովանդակությամբ, եւ ուրիշ ոչնչով: Վալզերի համար աշխատանքի «ինչպեսը» այնքան երկրորդական է, որ այն ամենը, ինչ նա ասում է, լիովին ընկրկում է հենց գրելու նշանակության առջեւ: Կարելի է ասել, որ գրելու գործընթացում խոսքը հենց այդ մասին է: Պահանջվում է բացատրություն: Եվ ընդ որում բախվում ես այդ գրողի շատ շվեյցարական կողմին` ամոթին: Առնոլդ Բյոքլինի, նրա որդի Կառլոյի եւ Գոթֆրիդ Կելերի մասին այսպիսի պատմություն են պատմում` մի անգամ ինչպես հաճախ էր պատահում, նրանք նստած էին պանդոկում: Նրանց սեղանը վաղուց ի վեր հռչակված էր քչախոս, զուսպ նիստով: Եվ այդ անգամ էլ ընկերախումբը նստած էր` լռության մեջ թաղված: Որոշ ժամանակ անց կրտսեր Բյոքլինը նշեց` «շոգ է», եւ այն բանից հետո, երբ մի քառորդ ժամ էլ ձգվեց, ավագն հավելեց` «եւ ոչ մի միջանցահովիկ»: Կելերն՝ իր հերթին, հապաղելով, ոտքի ելավ հետեւյալ խոսքերով` «Ես շատախոսների հետ չեմ խմում»: Խոսքի գյուղական ամոթը, որն այս անեկդոտի էքզիստենցիալ հումորն է, հենց վալզերյան հաղթաձին է: Բավ է, որ նա ձեռքը գրիչ վերցնի, եւ նրան համակում է դեսպերադոյի տրամադրությունը: Նրան հանկարծ ամեն ինչ կորուսյալ է թվում, խոսքահոսքը դուրս է նետվում, ամեն մի նոր նախադասություն լոկ մի նպատակ է հետապնդում` սրբել հուշը նախորդ նախադասության մասին: Երբ Վալզերը արձակի է վերածում մենախոսությունը վիրտուոզ պիեսից` «այս դատարկ նրբանցքով կգա նա», ապա սկսում է դասական խոսքերով` «Այս դատարկ նրբանցքի միջով», եւ հենց նույն պահին Թելին համակում է հուսահատությունը, նա ինքն իրեն թվում է հենարանը կորցրած, փոքրիկ, կորսված եւ շարունակում է` «Ընդմեջ այս դատարկ նրբանցքի, ես կարծում եմ, կգա նա»: Համենայնդեպս, նման մի բան է տեղի ունեցել: Այդ բոլոր լեզվական հարցերում անմեղ, գեղարվեստական անունակությունը` հիմարի, ծուռի ժառանգությունն է: Մինչդեռ Պոլոնիուսը, այդ շատախոսի էտալոնը, աճպարարությամբ է զբաղվում: Վալզերը Բաքոսի նման իրեն պսակում է խոսքային դրասանգներով, որոնք նրան անկում են գուշակում: Դրասանգը հիրավի նրա նախադասություններին հարիր կերպար է: Սակայն նրանցում անշնորհք սայթաքող միտքը` ծույլ է, թափառական, հանճար, ինչպես վալզերյան արձակի բոլոր հերոսները: Նա չի էլ կարողանում նկարագրել ոչինչ, բացի «հերոսներից», ի վիճակի չէ հրաժարվել պրոտագոնիստներից, եւ փորձելով այդ անել իր երեք վաղ շրջանի վեպերում, ողջ կյանքում բավարարվեց եղբայրական համակեցությամբ բացառապես իր բյուրավոր եւ սիրելի թափառաշրջիկների հետ: Հենց գերմանական գրական ժառանգությունը, ինչպես հայտնի է, ունի թեթեւամիտ, անպիտան, ծույլ եւ փչացած հերոսների որոշ պայծառ օրինակներ: Համանման պերսոնաժների վարպետ Կնուտ Համսունը կարճատեւ հաջողություն ունեցավ: Այլոց մեջ են` Այխենդորֆը, ով կերտել է դատարկապորտին, Խեբելը, ով արարել է Ցունդելֆրիդերին: Ինչպե՞ս են Վալզերի պերսոնաժները միանում այս ընկերախմբին: Եվ որտեղի՞ց են սերում: Թե որտեղից է անբանը, մեզ հայտնի է: Ռոմանտիկ Գերմանիայի անտառներից եւ հեռաստաններից: Ցունդելֆրիդերը` փոփոխվող հարյուրամյակների ռեյնյան քաղաքների ապստամբական, լուսավորյալ քաղքենիությունից էր: Համսունի պերսոնաժները` ֆյորդերի կուսական աշխարհից են, դրանք մարդիկ են, որոնց կարոտն առ հայրենիք հետ է քաշում` դեպի տրոլները: Իսկ Վալզերի դեպքում, գուցե, Գլարինյան Ալպերից: Ապենցելի ալպիական մարգագետիններից, ուրկից է նա ծնունդով: Բնավ ոչ: Նրանք սերում են գիշերվանից, նրա ամենարջնամառ թանձրուկից, եթե կուզեք, վենետիկյան գիշերից, լուսավորված հույսի աղքատիկ լապտերներով, թույլ տոնական արտացոլքով աչքերում, բայց արտասվաբեր աղավաղված ու տրտում: Որովհետեւ հեկեկանքը` ահա Վալզերի դատարկախոսության մեղեդին: Նա մեզ է բանում այն գաղտնիքը, թե որտեղից են ծագում իր սիրեցյալները: Ոչ ավել, ոչ պակաս` խելագարությունից: Դրանք պերսոնաժներ են, որ խելագարությունը հետեւում են թողել, եւ այդ պատճառով էլ լեցուն են այդպիսի մորմոքեցնող, այդքան անմարդկային, այդչափ անքմահաճ մակերեսայնությամբ: Եթե մենք կամենայինք մեկ բառով նկարագրել ողջ երջանկությունն ու ողջ սարսափն այն բանի, որ այդ պերսոնաժների ներսում է, մենք կասեինք` նրանք բոլորն ապաքինվել են: Միայն թե մեզ տրված չէ իմանալու ապաքինման գործընթացը, այլապես մեր փորձը կլիներ հասնել նրա «ձյունափայլքին»` նոր գրականության ամենաբազմանշանակ դեմքերից մեկը` եւ միայն դա բավական է, որպեսզի հասկանանք, թե ինչու այդ, թվում է թե՝ խաղամոլը, այլ ոչ թե գրողը, անողոք Ֆրանց Կաֆկայի սիրելի գրողն էր:
Միանգամայն անսովոր քնքշություն է լեցնում այդ պատմվածքները: Դա հասանելի է յուրաքանչյուրին: Ամեն ոք չի նկատում, որ դրանց հիմքում ոչ թե դեկադենտական նյարդային լարումն է, այլ առողջացնող կյանքի մաքուր եւ թարմ տրամադրությունը: «Ինձ սարսափեցնում է այն միտքը, թե ես կարող էի կյանքում հաջողություն ունենալ»,- այդպես է հնչում Ֆրանց Մորի երկխոսության վալզերյան հարասությունը: Նրա բոլոր հերոսները կիսում են այդ վախը: Բայց ինչո՞ւ: Բնավ ոչ աշխարհի հանդեպ զզվանքից, խրատամոլական հրաժարումից կամ պաթոսից, այլ մաքրագույն էպիկուրականությունից: Նրանք ուզում են իրենք իրենցից հաճույք ստանալ: Եվ օժտված են առ այդ անսովոր ունակությամբ: Եվ հենց այդ է նրանց անսովոր վեհանձնությունը: Եվ նրանք անսովորաբար այդ անելու իրավունք ունեն: Քանզի ոչ ոք ավելի ողջամիտ վայելք չի ապրում, քան ապաքինվողը: Նրան տհաճ է այն ամենը, ինչը կապ ունի գինարբուքների հետ` նորոգված արյան շիթերի զնգոցը նա լսում է առուներում եւ առավել մաքուր շունչ են բուրում նրա շուրթերին լեռնային բարձունքները: Այս մանկական վեհանձնությունը Վալզերի հերոսները կիսում են հեքիաթային պերսոնաժների հետ, որոնք նույնպես հայտնվում են գիշերից եւ խեւությունից` առասպելից: Ընդունված է համարել, որ այդ արթնացումն ավարտվում է պոզիտիվ կրոններում: Եթե դա նույնիսկ այդպես է, ապա ոչ շատ պարզ ու միանշանակ ձեւով: Այն հարկ է փնտրել առասպելի ընդարձակ սիրողական մեկնության մեջ, որը պարփակված է հեքիաթում: Իհարկե, նրա պերսոնաժներն այնքան էլ նման չեն վալզերյան հերոսներին: Նրանք դեռեւս մարտնչում են, ջանալով ազատվել կյանքից: Վալզերը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում են հեքիաթները` «Եվ եթե նրանք չեն մահացել, ապա ողջ են մինչեւ այսօր»: Վալզերը ցույց է տալիս, թե ինչպես են նրանք ապրում: Նրա գործերը, եւ ես ուզում եմ սկսել նրանով, ինչով նա ավարտում է, դրանք` պատմություններ են, էսսեներ, երկեր, փոքրածավալ արձակ եւ այլն:
Սյուզան Զոնտագ. Վալզերի ձայնը
Ռոբերտ Վալզերը 20-րդ դարի ամենանշանակալից գերմանալեզու հեղինակներից մեկն է. կխոսենք արդյոք նրա չորս պահպանված վեպերի (դրանցից ես գերադասում եմ երրորդը` 1908 թվականին գրված «Յակոբ Ֆոն Գունտենը») թե փոքրածավալ արձակի մասին, ուր գրի երաժշտությունն ու արձակ ճախրը առավել քիչ են ծանրացած սյուժեի պահանջներով: Յուրաքանչյուրի ձեռքի տակ, ով կուզենար Վալզերին ծանոթացնել հասարակայնության, իսկ այն դեռեւս պետք է հայտնաբերի նրան, հիասքանչ համեմատությունների մի ողջ զինանոց է: Արձակի Պաուլ Կլեեն` նույն նրբությունը, նույն առեղծվածայնությունը, նույն մոլեգնությունը: Բեքեթի եւ Սթիվի Սմիթի խառնուրդը, անչար հումորով մեղմացված Բեքեթը: Եվ քանզի ցանկացած գրական ներկա անխուսափելիորեն վերաձեւում է անցյալը, ոչինչ չի մնում, քան Վալզերի մեջ տեսնել այն թելը, որը կապում է Կլայստին Կաֆկային, ով Վալզերին բարձր էր գնահատում: (Ի դեպ, առավել ճիշտ է Կաֆկային դիտարկել Վալզերի լույսի ներքո, այլ ոչ թե ընդհակառակը: Ռոբերտ Մուզիլը, այլ մի գնահատող նրա ժամանակակիցներից, առաջին անգամ Կաֆկա ընթերցելիս, նրան բնութագրեց, որպես «վալզերյան տիպի մասնավոր դեպք»): Ես վալզերյան մանրապատումների մենախոսական արձակից նույն հաճույքն եմ ապրում, ինչը որ` Լեոպարդիի երկխոսություններից եւ դրվագներից` փառահեղ կարճառոտ ձեւից, որն արձակում գտել է այդ մյուս հիասքանչ գրողը: Իսկ Վալզերի պատմվածքների եւ սքետչների փոփոխական մտային կլիման, նրանց պերճագեղությունը եւ նախօրոք անկանխատեսելի երկարությունն ինձ հիշեցնում է առաջին դեմքով արձակի ազատ ձեւերը, որոնցով հարուստ է ճապոնական գրականությունը`գրառումներ սնարի վրա, բանաստեղծական արձակ, «Գրառումներ սաղտուկից»: Սակայն Վալզերի ամեն մի իսկական գնահատողն առանց տատանվելու կնկատի իր ժառանգության վրա նետած համեմատությունների սարդոստայնը:
Թե մեծածավալ եւ թե փոքրածավալ արձակում Վալզերը մնում է մանրապատող, ով ասես ի պատասխան անսահմանության սեփական սուր զգացողության, պաշտպանում է ողջ չհերոսականի, անհավակնոտի, աննշանի իրավունքները: Վալզերի կյանքը` ճգնաժամային խառնվածքի տարատեսակներից մեկն է: Ինչպես ճգնաժամի հակված յուրաքանչյուր ոք, նա հմայված էր անշարժությամբ, փորձում էր վերացնել ժամանակը, ձգելով այն, եւ կյանքի մեծ մասն անցկացրեց մոլեգնությամբ` ժամանակը տարածության փոխարկելով` այդպիսին է նրա շրջագայությունների իմաստը: Նրա արձակը խաղում է ընկճախտի մեջ ընկած յուրաքանչյուրին ծանոթ անվերջանալիի հանդիսանքի հետ, այն ամբողջովին` համատարած ձայն է` մեկ մտախոհ, մեկ զրուցակցող, տեղից տեղ թռչող, բայց ոչ մի րոպե չլռող: Ամենայն նշանակալիցն այստեղ քավված է, որպես աննշանի յուրատեսակ տարատեսակություն, իմաստությունը, որպես հեզ եւ մտրակող ինքնախոսելակերպ:
Վալզերյան արվեստի բարոյական միջուկը հրաժարումն է` իշխանությունից, տիրակալությունից։ «Ես ամենասովորականն եմ, այսինքն՝ ոչ ոք»,- հայտարարում է Վալզերին բնորոշ պերսոնաժներից մեկը: «Ծաղիկների տոնում» (1911) Վալզերը նկարագրում է «կամազուրկ բվեճների» յուրահատուկ մի տեսակ, որը չի կամենում ոչ մի բանի մասնակից լինել: Վալզերյան արձակի մշտագո «եսը» լիովին հակադիր է եսականությանը`դա «գլխովին կատարողականության մեջ թաղված մարդու խոսք է»: Հայտնի է Վալզերի խորշանքը հաջողությունից`այստեղից էլ նրա ողջ կյանք տեւող կործանումը: «Սոճու տերեւում» (1917) Վալզերը նկարագրում է «մարդու, ով ոչինչ չէր կամենում անել»: Կարիք չկա էլ ասելու, որ այդ, այսպես կոչված, անբանը` Վալզերը, հպարտ, ապշեցուցիչ արդյունավետ գրող էր, որ մանրակրկիտորեն ծածկագրում էր տառերի միջեւ առանց արանքների մանրատառ ձեռագիրը: Այն, ինչ Վալզերն ասում է անգործունեության, ջանքերից ազատվելու, չտքնելու մասին, պետք է հասկանալ, որպես արվեստի հակառոմանտիկական ծրագիր: Փոքրիկ ճամփորդության մեջ (1914) նա նկատում է. «Ինչո՞ւ նայել սովորականից զատ ինչ-որ բանի: Չէ՞ որ դա էլ արդեն շատ է»:
Վալզերը հաճախ է գրում ցնորատեսական ռոմանտիկական երեւակայության մասին`տուժյալի տեսանկյունից: «Կլայստը Տունում» նովելը (1913) ինքնանկար է եւ, դրա հետ մեկտեղ, կամավոր ռոմանտիկական ճամփորդություն հանճարի ռոմանտիկական մտատարածություններում, ով դատապարտված էր ինքնասպանության, եւ ցուցանում է այն զառիթափը, որի եզրին գոյում էր Վալզերը:
Ռիթմի իր տառապալից ելեւէջներով վերջին պարբերությունը պսակում է բանականության քայքայման արձանագրային հաշվետվությունը, որին համազորը ես գրականության մեջ չգիտեմ: Բայց պատմվածքների եւ սքետչների մեծամասնության մեջ Վալզերը գիտակցությունն այդ եզրից հեռու է տանում: Նա հիրավի «կենսուրախ արիությամբ լեցուն է», հանգստացնում է մեզ Վալզերը «Ջղաթուլագարում» (1916) խոսելով առաջին դեմքով. «Փախուկություններ`փախուկություններ լինում են ամեն մեկի մեջ, բայց մարդը պետք է նաեւ արիություն հավաքի, որպեսզի ընդունի իր փախուկությունները, ապրի դրանց հետ: Չէ՞ որ դրանց հետ կարելի է լիովին ապրել: Պետք չէ վախենալ սեփական փոքրիկ տարօրինակություններից»: Նրա ամենաերկար՝ «Զբոսանք» պատմվածքում (1917) քայլելը նույնանում է քնարական շարժմանն ու զգացմունքների ներկլանվածությանը, «առեւանգված ազատության ակնթարթներին», խավարը վրա է հասնում միայն վերջում: Վալզերի արվեստն ընդունում է ընկճախտն ու սարսափը միայն այն բանով, որ (մեծ մասամբ) ընդունի դրանք` հեգնելով ու լուսավորելով: Նրա մենախոսությունները` մեկ զվարթ, մեկ մռայլ` խոսում են ծանրության ուժի մասին, բառիս երկու իմաստով` ֆիզիկական եւ հոգեւոր, դրանք են՝ շարժումը, հին կաշին դեն նետելը, անկշռելիությունը փառաբանող հակաձգողականության գրի օրինակները, եւ, դրա հետ մեկտեղ, գիտակցության պատկերները, որոնք զբոսնում են աշխարհով մեկ, հաճույք ապրելով իրենց «կյանքի պատճառով»`պայծառ հուսահատությամբ: Վալզերի արձակում
(ինչպես, մեծ մասամբ, ընդհանրապես արդի արվեստում) ամեն ինչ կատարվում է հեղինակի գլխում, բայց այդ աշխարհն ու այդ հուսահատությունը ոչ մի կապ չունեն սոլիպսիզմի հետ։ Դրանք ներծծված են կարեկցանքով, շրջապատող կյանքերի բազմության գիտակցմամբ, տրտմության եղբայրակցությամբ: «Ես ո՞ւմ նկատի ունեմ»,- հարցնում է Վալզերի ձայնը «Պատմվածքի նման մի բան» մանրապատման մեջ (1925): Գուցե ի՞նձ, ձեզ, բոլոր մեր փոքրիկ թատերական բռնակալությունները, ոչինչ չարժեցող ազատություններն ու անազատությունները, որոնք անկարելի է լուրջ ընդունել, նայեք կատակելու հնարավորությունը բաց չթողնող այդ քայքայիչներին եւ միայնակ մնացած մարդկա՞նց»: Նախադասության վերջում հարցական նշանը` վալզերյան վարվեցողության բնորոշ գիծն է: Վալզերի յուրահատուկ արժանիքները` առավելագույնս հասուն, եւ առավելապես քաղաքակրթված արվեստի արժանիքներն են: Նա հիրավի հիասքանչ, տառապալից գրող է:
Ուիլյամ Գաս. Ռոբերտ Վալզեր
Ռոբերտ Վալզերի մարմինը գտան ձյունապատ դաշտում: Շուտով Ծնունդն էր, եւ նրա մահվան ժամը, թերեւս, չափազանց խորհրդանշական էր: Ինձ դուր է գալիս մտածել, որ դաշտը, որի վրա նա ընկել էր, հարթ էր եւ ճերմակ, ինչպես գրելու թուղթը: Այն ժամանակ նրա մարմինը կանգ առած սրտին սեղմած ձեռքով կարող էր բառի տեսք ունենալ` ոչ հաստատում, ոչ հարց, ոչ բացականչություն, այլ պարզապես բառ, անվստահ, համարյա անընթեռնելի, փոքրության պատճառով սեղմած ձեռքի մեջ ամփոփված: Դա բառ կլիներ, եթե այնպիսի բանը, ինչպիսին բառն է, իրոք լիներ (Վալզերին բնորոշ շվարածությունն ու անվստահությունը) բառ, որը կնշանակեր կյանքի վերջը, որը բաղկացած էր երեւութական անբանությունից, փողոցային զբոսանքներից, լեռներ մագլցելուց ու դեպ անտառ արշավներից. կյանք, որն անցել էր լճափերին, մարգագետինների եզրին, աշխարհի եզերքին, կյանք, որն ընթացել էր չփութկոտ, բայց անընդհատ շարժման մեջ, որ անցել էր ավարայի քայլքով` տրտմալի, ինքնամփոփ, զվարճալի, հեգնական եւ հիվանդագինորեն իրենով տարված… Համարյա չմերվելով մարդկանց, հասարակական պայմանականություններին, ուզածդ աշխատանքին, եթե դրա վրա, ինչպես գերանը ոտքի վրա, ճնշում է օտար կամքը, այլ առավել քան ընկերակցելով վայրերի եւ նրանց սեփական կարգուկանոնի հետ, ինչը (տարվա եղանակների հանգույն) նրանից ոչինչ չի պահանջում. գրողը գնում է ինքն իր համար ընտրած չքավորության եզրակտորով եւ ավելի ու ավելի համեստ կյանքը կարճում է խղճուկ սենյակներում, անպետքության պատճառով տրամադրած որջերում, իրենից բացի ոչ մեկին պետք չեկած ձեղնահարկերում, իր նիհար մարմնին համընթաց սմքող իրադրության մեջ, եւ կծկված իր փոքրիկ տառերի նման, որոնց մանրությունը, թերեւս, չափազանց շատ է համապատասխանում վալզերյան կարգավիճակին: Եվ ամեն ինչում նա վերջինն է մնում, անճարակ, բացարձակ զրո: Նա տողեր է արտաբերում, որոնք համարյա թե ճանաչման չեն արժանանում եւ առավել քիչ` վարձատրման: Նա վեպեր է արարում, որոնք կամ անհաջողության են մատնվում, կամ էլ այնպիսի արվեստով նշանակետին չեն խփում, որ դա ունակ է նրանց իսպառ կործանելու: Նա չի գնում մնացած բոլորի տրորած ճանապարհով եւ ուղարկում է իր անթիվ ուրվագրերը հրատարակչություններ, որոնք` իրենք էլ դրանից զարմանալով` այդքան էլ հազվադեպ չեն տպագրում: Իսկ հեղինակին վերադարձրածից, էջ առ էջ, ինքնաբերաբար ի վերջո կազմվում են գրքերը:
Վալզերյան հոգեբանությունը` թափառաշրջիկի հոգեբանություն է: Նրա աչքի համար ամեն ինչ հավասարապես համակրելի է. նրա սրտի համար ամեն ինչ զարմանահրաշ է եւ թարմ, նրա ուղեղի համար ամեն ինչ փոխակերպվում է հետաքրքրաշարժ գլուխկոտրուկի: Նրա հիմնական երթուղին` շեղումն է, նրա ուղեվարը քմայքն է, ամենօրյա հնամոլության էությունը նրա համար` անկանխատեսելիությունն է: Ինձ թվում է, Վալզերն ամենից շատ սիրում էր երկար, խաղաղ զբոսանքներն անտառում, եւ հատկապես այն պահին, երբ առջեւում բացվում է լուսածերպը`ամպերի միջից ծլում է արշալույսը, կամ լիճը դադարում է բազմապատկել ժայռերը եւ ուղղաբերձ կենում է, լցնելով ծառերի արանքների բացուտները: Ինչ-որ է, նրա հերոսները թաքնվում են անտառում նույնքան հաճախ, որքան կախարդական հեքիաթի պերսոնաժները, եւ սովորաբար միեւնույն հետեւանքներով:
Վալզերյան արձակն հաճախ ընթերցվում է այնպես, ասես վերցված է տուրիստական բուկլետից: Նրա պատմողները համարյա երբեք չեն տեսնում շրջապատը: Կաֆկայի մանրակրկիտ դրվագներով եւ անձկության հասցված պաղեցված կպչունությամբ, նրանք նայում են առօրյա աշխարհին ընդունված արժեքների եւ ընթացիկ դատողությունների ակնոցով: Այդ պատճառով առարկաները նրանց համար անպատճառ «հրաշալի են», «հիասքանչ», «աներեւակայելի», «քնքուշ», «սքանչելի», «պուճուրիկ», «հմտալի», «աննման», «զմայլելի»: Շրջապատի իրերն ընկալվում են ճղճիմորեն, որպես թե գեղեցիկ եւ հաճելի, ապշելիորեն գրավիչ, բացարձակապես ստերոտիպին համապատասխանող. դրանք այնքան լավն են, որքան դա հնարավոր է պատկերացնել, եւ այնքան զարմանալի, որ դրանց հավասարը չես գտնի: Այլ կերպ ասած, առարկաները ցուցանվում են մեզ ճիշտ այնպես, ինչպես նրանք պատկերանում են ինքնագոհ, անխախտելի եւ հաճելի կարծիքներ կրողներին: Վալզերը պատկերում է փոստային բացիկի աշխարհը…
Համապատասխանաբար, պատմողների հայացքն այս դեպքում երկատվում է: Հայացքը հեռվից, դրսից խաչասերվում է նրան, ինչը դիտողը պիտանի է համարում, եւ ուզում է զգա ինքն իրեն: Եթե դա հարսանիք է` գլխապտույտ երջանիկ, եթե թաղում է` վշտալի, հանց Նիոբեն կամ Հոբը: Մեկ` բավարարելով ախորժանքն առանց տագնապների ու գալիք զղջումների, մեկ բռնակալելով շրջապատողներին առանց մեղքի զգացողության կամ խայտառակվելու վախի: Վալզերի պատմողները կպել են պատուհանին`արդյո՞ք զարմանալի է, որ մշուշապատ ապակու ետեւում նրանց ամեն ինչ այդքան հրաշալի է թվում: Ջահել ծառան խորհում է` նայիր, թե ինչպես է ճաշում այս ընտանիքը, ինչքան, երեւի, համեղ է նրանց ճաշը, ունկ դիր նրանց ծիծաղին, ախ որքան երջանիկ են նրանք, ինչ հիանալի է, երեւի, լինել այդքան հրաշալի հագնված, ունենալ սեփական շեմ, ապրել այս տանը, ուր ես մեջք եմ ծռում եւ անհուսորեն ջանում եմ մաքրություն պահպանել: Կաֆկայի վերացարկված լինելը հայացքը լցնում է միշտ սարսափով եւ զարմանքով, բայց Վալզերի պատկերները եւս, երբեք չկտրվելով սոցիալական հիմքերից, նույնքան մերկացնող են: Նրանց ազդեցությունը երկակի է եւ ամբողջությամբ հեղինակի գաղտնիքն է կազմում: Ինձ հայտնի գրողներից եւ ոչ մեկը գնահատիչ ածականներն ու մակդիրները չի գործածում այդքան հաճախ, այդպիսի երախտագիտությամբ եւ հավատով, այդպիսի չթուլացող խոցելիությամբ: Նայելով բեռլինյան բարի ամենօրյա հաճախորդներին, նա, բառով ողջ աշխարհներ արարողը, կարող է բացարձակապես անկեղծ բացականչել. «Ինչ անկեղծ հաճույք է հետեւելն այն մարդկանց, որ նրբերշիկ ու իտալական սալաթ են կլլում»: Եթե երբեմն նրա պատմողները պարզունակ են թվում, ապա լոկ այն պատճառով, որ նրանց գրավում է մակերեսայինը, եւ ովքեր զորակից են նույնիսկ ամենաանհամ կատակներին: Նրանց լարված դիմախաղերը տագնապեցնում են, սակայն նրանք հեշտությամբ են վստահում օտարներին, եւ նրանց ժպիտներն ասես համապատասխանում են սեփական սիրալիրությանն ու բարյացակամությանը: Նրանք որսվում են իրենց ապշեցրած առաջին իսկ մանրամասնից, ասես նույնիսկ ավազե ափին դատապարտված են դեմ առնելու այնտեղ գտնվող միակ քարին: Ահա պատմողը հետեւում է ձեռք ձեռքի տված «հիանալի», «պարզասիրտ», «հիասքանչ» պարին, այնժամ, երբ ողջ տեղի ունեցածի կեղծապատիրությունը բացահայտվում է մի անսպասելի, բնորոշիչ եւ խորաթափանց նախադասությամբ. «Անհոգ եւ զվարթ, ինչպիսին կարող է լինել միայն իսկական աղքատը, անհեթեթ քթով փառավոր պատանին շրջում էր մի անգամ հիասքանչ կանաչ ծայրամասերում»:
Սակայն այդ անմեղ հոգիների բոլոր օխ ու ախերը անպատկառ զվարճանք են հենց իրենց համար: Յուրաքանչյուր պատմողի ինքնանվաստացումն այստեղ հավասարակշռված է շնորհավորանքներով, որոնցով նա ինքն իրեն ցողում է`իր չնչինության լիությամբ ամենքին գերազանցելով, համանման այն բանին, ինչպես սովորական ամրակը, կոճգամը կամ գնդասեղը, նույն իմաստով, գերազանցում են զոդող ապարատին կամ գուրգամի համար նախատեսված սարքին:
Այդպիսի արձակի ազդեցությունը երկդիմի է, հակասական: Կարծես ձեռքիդ բռնած լինես մի բացիկ, ասենք թե, գեղեցիկ, շվեյցարական մի դրվագ, օրինակ`հյուրանոց, ձյունածածկ գյուղակի եզրին, անպատճառ Ալպերով վերեւում եւ կապույտ լճով` ներքեւում. պատմողը պատուհանի ետեւում որսում է արտասվող կնոջ ստվերը, իսկ մյուսը պատուհանի ետեւում, մյուս հյուրանոցային համարում` մենությունը, պաղ, ինչպես պատուհանի ապակին: Նա զգում է ձյունակեղեւում փորած արահետի անողոքությունը, մահը լճի խորքում, դաժանության ամպը լեռնագագաթներին, բայց ոչ մի բառով չի հիշատակում այն, ինչ տեսել է` դառնությունը, թախիծը, սնանկությունը, կարոտը, կործանումը, անհաջողությունը, եւ շարունակելով դրանք տեսնել, շոշափել ու զգալ, ինչպես շամփրող ցավը կոշիկի մեջ, եւ այդուհանդերձ (ինչպես դա անում է հենց ինքը՝ Վալզերը), ծավալում է առերեւույթ հիասքանչ շվեյցարական հյուրանոցի նկարագրությունն իր հիասքանչ մանրապատումով, վառ, ինչպես նկարը` պատուհանների ու տների գույներով` փայլփլուն եւ հարթ, սառցե պատերով, ծխնելույզների վերեւում քարացած եւ սառցակալած ծխով, կարծես էժանագին բացիկի վրա` մաքուր կեսով, որ թողնված է նամակ գրելու համար, եւ ենթադրում է, որ գրածը պիտի լինի անպաճույճ, զվարճալի եւ կարճառոտ… Մեր հեղինակը` սովորական գողունի նայող չէ` տառապող գաղտնիքներից, որոնց հենց նոր առեւանգել է իր աչքը: Համարյա թե վալզերյան բոլոր դիտարկումներում առաջին տեղում մնում է ինքը՝ դիտողը, սակայն այդ կերպարն էլ աչքից չի վրիպում` նրան հետեւում է Վալզերը: Դեպքի վայր ժամանելուց մինչեւ հրաժեշտի պահը, նա սիրատենչ, բայց կասկածամիտ հայացքով հետազոտում է յուրաքանչյուր միտքը, յուրաքանչյուր զգացմունքը, այնպես որ, նա տեսնում է նաեւ այն, թե ինչպես է իրեն տեսնվում տեսածը: Բայց քանի որ նա էջը ամբողջակազմող հեղինակն է նաեւ, ապա ի լրումն այն ամենի, ինչը որ պետք է հաշվի առնի, նա հետեւում է նաեւ գրվածի ընթացքին (այսինքն՝ ոչ միայն հերոսի ճանապարհին անտառի միջով, այլ նաեւ բառերի համապատասխան ուղուն էջի միջով), մինչեւ այն պահը, երբ իրական աշխարհում հանդիպածը դառնա պերսոնաժ, որ ընկալվում է արդեն Վալզերի աշխարհում, եւ քանի դեռ այդ հակասական, դժգույն, ավելի ու ավելի երեւակայական կերպարն իր հերթին չի փոխակերպվի հետագայում իրար հաջորդող բառերի, բառերի, որոնք խոսում են արդեն միայն իրենք իրենց մասին, ավելին` քմծիծաղում են սեփական ծամածռությունների եւ թռիչքների վրա, հրաժեշտի պահին ձեռքերը թափահարելով, այնժամ, երբ առարկայական աշխարհը մեր աչքի առաջ հալչում է, փոխակերպվելով վերացարկված, բազմադիմի, զվարճալիության չափ ուժահատ, զուտ բառային օբյեկտի…
Ինչ փիլիսոփայական աբսուրդի մենք հասանք. կարող էր այստեղ բացականչել Վալզերը (իրեն բնորոշ ոճով), կսպառնար, որ հիմա վերջ կդնի մեր այս ընդհանուր թեմային, մեկեն գջլելով երկու գրիչները` իրենն ու իմը`թղթի էջից… Թոմաս Հոբսը նկարագրում էր «մարդկային ցեղի բնական վիճակը», որպես «բոլորը բոլորի դեմ» պատերազմի վիճակ, եւ պնդում էր, որ սոսկ միմյանց որոշակի իրավունքներ եւ միջոցներ տրամադրելու դեպքում, մարդիկ կարող են ապահովել խաղաղ կյանքը: Այնուհետեւ նա խոսում էր իշխանության պարադոքսի մասին: Յուրաքանչյուր մարդ, ով ունի այն, առավել շատ իշխանության կարիք ունի, այլապես նա չի պահպանի այն, քանզի նախանձը եւ ահը նրանից, կաճեն նրա զորության հետ մեկտեղ, եւ այդ հետեւությունը հասկանալի է: Սովորույթի վրա կառուցված պետություններում, ամենից վտանգավորը միապետի վիճակն է: Սակայն եթե դուք ոչ ոք եք, ոչնչություն, եթե դուք ոչինչ չունեք, ինչին որ արժեր նախանձել, եթե դուք աներեւակայելի աննշմարելի եք, այդժամ, բացառված չէ, որ ձեզ տեսադաշտից դուրս կթողնեն, եւ դուք կկարողանաք շարունակել ձեր կյանքի անպետք գործը, մնալով աննկատ, անտեսանելի, ինչպես, օրինակ, իր աննշան պարտականությունները կատարող ծառան` միանգամայն անհոգ, ոչնչից չերկյուղելով եւ չանհանգստանալով:
Ձեռքերում թանկարժեք սկահակ բռնելը, գուցե թե, հաճելի է, բայց դրա հետ մեկտեղ՝ կա այն ձեռքից բաց թողնելու վտանգը: Այլոց վրա իշխանություն ունենալով, դուք` ծանրաշարժությամբ, անկարությամբ, անբարյացակամության պատճառով` կարող եք հանկարծ նրանց գրգռել, վիրավորել: Հաջողությունը հետագա հաջողություններ է պահանջում, ինչքան վեր եք ելնում, այնքան ուժեղ է գլխապտույտը, քայլ առ քայլ պարտավորություններն ավելի ծանր են, մյուսները սկսում են ավելի հաճախ հենվել ձեզ վրա, եւ սեռերի հարաբերությունները ողջ չերկիմաստությամբ այդ են վկայում: Ինչից որ Ռոբերտ Վալզերը սարսում էր եւ ինչից որ խուսափում էր` հենց իշխանությունն էր. նա չէր ուզում, որ այն իր ձեռքն ընկնի: Իսկ այլոց իշխանությունը նրա համար կախված ժայռաբեկորի պես մի բան էր, այն, իհարկե, կարող է քո գլխին փլվել, բայց, միաժամանակ, ստվեր է նետում, որում կարելի է թաքնվել: Իր ողջ մտքով նա գերակայում է անմասն մնալու առավելությունները: Եվ եթե կա երկրի երեսին, իրոք որ, ապահով վայր, ապա դա հոգեբուժարանն է: Այնտեղ նա կարող է առանց մեղքի զգացողության իր ճակատագիրն հանձնել այլոց խնամքին, եւ կարճել կյանքի մնացուկը, ենթարկվելով նրանց հորդորներին: Նա այլեւս չի ուզում գրել, չի ուզում, որ հասարակությունը հավատացնի իրեն, որ իբր ոչ մի բառ չի հասկանում: Նրան բավ է ամենօրյա զբոսանքը…
Որքան մոտ է Վալզերի վերջնական մեկուսացումը, այնքան հաճախ նրա գործը մասնատվում է առանձին նախադասությունների: Ժամանակը ոտից գլուխ շրջելով, ինչպես ավազի ժամացույց, այնպես, որ օրերն հանկարծ վազեն հակառակ ուղղությամբ: Վալզերյան թերթային նոթագրությունները հիշեցնում են Դոնալդ Բարթելմիի արձակը, որի ներքին արձագանքները նույնպես այն դարձնում են կոլաժի նման: Վալզերի նոթագրություններից շատերը, օրինակ, դաժան եւ տառապալից, «Տեսարանը հյուրասրահում»` կորցնում են իրականության դույզն-ինչ գծերը: Անփոփոխ է մնում միայն գրի վերացարկված եւ անհուսալի «անմարդկայնությունը»: Շատ տարիներ են անցել այն օրից, երբ նրա ստեղծագործությունների հերոսներն իրական ազգանուններ էին կրում: Եթե այժմ նրանք ունեն անուններ, ապա սոսկ ցեղային` Պետրուշկայի նման: Բայց լեզվի կտորտանքների ետեւում մեզ առավել հեշտ է նկատել այդ արձակի գրվանի տակ դրած հոսքը, գնահատել նրա կազմած նախադասությունների պարզությունն ու ջինջությունը, գիտակցել, որ այդ մեդիտացիաները (իսկ այլ որեւէ բան դրանք երբեւէ չեն էլ եղել) հաջորդում են միմյանց ոչ թե իրադարձությունների հանգույն` կամ գետի ալիքների, կամ մտքերի, կամ հաջող ձեւ գտած պատմվածքների (թեպետ այդ ամենը հիանալիորեն միաձուլվում էր վալզերյան արվեստի բարձունքներից մեկում` «Գետային զբոսանքում»), այլ ավելի շուտ համարյա չմակաբերված բնազանցական զգացմունքներ, արձագանքներ շարժման ու մարդու կյանքի իմաստին եւ բնությանը: Այստեղ նրանք ազատագրված են ամենայն անձուկից եւ մասնավորից, ամենայն ինքնատարվածությունից, սակայն, ինչպես մաքրագույն պոեզիայում, դառնում են խորապես մտածված խառնուրդ առ այլն, զմայլանք գոյությունից եւ հուսահատությունից, կարծես թե դրանք գունագեղ նյութեր լինեին, որ միաձուլման մեջ կազմում էին գունազարդ ցոլք, որն ընկած է ինչ-որ բանի մակերեսին, հեռացող եւ մեր հրաժեշտի քաղցր ափսոսանքով ուղեկցվող` շողք վազող ջրի կայլակի վրա կամ ակնթարթային փայլ ձյան փափուկ խոռոչում, սպրդող, սակայն, թվում է այն բանի համար, որ հավերժորեն մնան: