Երեւանի պետական համալսարանի բակում երեկ տեղի է ունեցել շախմատի ամենամյա 4-րդ փառատոնը` ՄԱԿ-ի գավաթի խաղարկությունը, որը միայն մի քանի ժամ է շարունակվել: Փառատոնի բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի նախագահ Արմինե Պողոսյանը նշել է, որ փառատոնի հիմնական նպատակն է՝ ՄԱԿ-ի առաքելության, սկզբունքների ու արժեքների տարածումը Հայաստանում, ինչպես նաեւ` հանդուրժողականության մթնոլորտի ստեղծումը սպորտի միջոցով: Փառատոնի բացմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը, ով նշել է, որ այս փառատոնը նվիրված է «ՄԱԿ-ի խաղաղության օրվան»: ՄԱԿ-ի գավաթի խաղարկության առաջին փուլն անցկացվել է մարզերում: Փառատոնում այժմ ընդգրկված է առաջին փուլում հաղթած 6-12տ. 40 երեխա: Այս տարի, բացի առաջին երեք մրցանակային տեղերից, լինելու է նաեւ փառատոնի հիմնադիր Կարեն Ասրյանի անվան հատուկ մրցանակ: