Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում ամենաշատ քննարկվող թեման ԱԺ արդեն նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի` ՀՀԿ-ից հեռանալու որոշումն է:
Նախօրեին հրավիրած ասուլիսում Տ. Թորոսյանը բավական կոշտ գնահատականներ էր տվել ՀՀԿ-ին եւ իր արդեն նախկին կուսակիցներին: Երեկ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կուսակցության ներսում չեն կիսում Տ. Թորոսյանի գնահատականները, սակայն որոշակի ըմբռնումով են մոտենում` Տ. Թորոսյանն առաջնորդվել է զգացմունքներով: «Ժամանակի ընթացքում այդ զգացմունքայնությունը կանցնի, ու պրն Թորոսյանն ավելի սառը կդատի: Երեկվա խորհրդի նիստին 102 անդամից բացակա են եղել 8-ը, իսկ մնացած 94-ը միաձայն են ընդունել Հովիկ Աբրահամյանին պաշտպանելու որոշումը: Իսկ Տ. Թորոսյանի որոշման վերաբերյալ կա ափսոսանք, քանի որ իսկապես ՀՀԿ-ն խնդիր չուներ նրան հեռացնելու կամ սահմանափակելու նրա գործողությունները: ՀՀԿ-ն մտադիր էր նրա կարողություններն այլ ոլորտում ներդնել»,- մոտ 20-ամյա հանրապետականի ստաժ ունեցող Թորոսյանի մասին ասաց վերջին տարիներին ՀՀԿ-ական դարձած Շարմազանովը: Տ. Թորոսյանը հայտարարել էր, որ կուսակցության հետ ներքաղաքական տարաձայնություններ ունի: Սակայն Է. Շարմազանովն այդ մասին առաջին անգամ է լսել: Ու դա եւս մեկ անգամ կապեց Տ. Թորոսյանի զգացմունքայնության հետ: «Ի վերջո յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր անհամաձայնությունը հայտնում է քվեարկությամբ: Ես վերջին տարիներին խորհրդի անդամ եմ եւ չեմ լսել, որ նա տարաձայնություններ ունենա կամ դեմ քվեարկի որեւէ որոշման: Դա իր խնդիրն է, յուրաքանչյուրն ինքն է որոշում` դուրս գա՞լ կուսակցությունից, թե՞ ոչ»,- ասաց նա: Տ. Թորոսյանն իր գործընկերներից ոմանց մեղադրել էր «30 արծաթ» վերցնելու եւ իրեն դավաճանելու մեջ: Այստեղ էլ Է. Շարմազանովը նախկին կուսակցական գործընկերոջը մեղադրեց ոչ կոռեկտ լինելու մեջ: «Ես ափսոսում եմ, որ իմ ավագ գործընկեր պարոն Թորոսյանը նման գնահատականներ է տվել: Քաղաքական գործիչը պետք է կոռեկտություն ունենա: Այն մարդկանց, որոնց հետ երկար ճանապարհ ես անցել, չի կարելի անվանել 30 արծաթով վաճառվողներ: Կուսակցական գործընկերներն իրականացրել են իրենց որոշումը, նրանցից որեւէ մեկը ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ չի տվել: Նախկինում ունեցել ենք բազմաթիվ նախարարներ, որոնք հիմա նախարար չեն, ի՛նչ է, պիտի նեղանային ու դուրս գայի՞ն կուսակցությունից: Պարզապես չպետք է անձնական ամբիցիաները վեր դասել կուսակցական շահերից»,- ասաց նա: Իսկ տարաձայնությունների մասին, ըստ մամուլի խոսնակի, պետք է հետեւություններ անել` նայելով քվեարկությունների արդյունքներին: «Չեմ բացառում, որ բազմահազարանոց կուսակցության մեջ կարող են լինել մարդիկ, որոնք այլ կերպ են մտածում: Բայց ՀՀԿ-ի պառակտման խնդիր չկա, կուսակցությունը շատ ավելի մեծ փորձություններով է անցել, կորցրել է երեք առաջնորդ, բայց ավելի է համախմբվել»,- ասաց նա: Ի վերջո, ինչո՞ւ ԱԺ ապագա նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն որոշեց առաջադրել Հովիկ Աբրահամյանին, ով հասարակության շրջանում մեծ հեղինակություն չի վայելում: Լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան՝ Է. Շարմազանովը Հ. Աբրահամյանին ոչ ավել, ոչ պակաս համեմատեց Ռոբեսպիերի, Դը Գոլի, Միտերանի հետ: «Ցանկացած գործչի հանդեպ կան վերապահումներ: Նույնիսկ Ռոբեսպիերի, Դը Գոլի, Միտերանի հանդեպ ժամանակին իրենց երկրներում վերապահումով են մոտեցել: Դա շատ նորմալ է ու խոսում է նրա մասին, որ մենք անցել ենք կոմունիստական-բրեժնեւյան ժամանակաշրջանը, եւ ժողովրդավարական երկրում տարբեր կերպ են ընդունում տարբեր գործիչների: Իսկ ՀՀԿ-ն ինքն է որոշում, թե իր կադրային ռեզերվից որ գործչի համար որտեղ է նպատակահարմար աշխատել»,- ասաց նա: Իսկ թե ով է զբաղեցնելու ՀՀԿ փոխնախագահի պաշտոնը` Տ. Թորոսյանի փոխարեն, առայժմ պարզ չէ: Կուսակցությունն այդ հարցը դեռ չի քննարկել: Հրաժարական է տվել նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը: Գուցե հրաժարականների այս շարքը կապված է ոչ թե բուն կուսակցության, այլ իշխանության ներսում կատարվող խորքային գործընթացների՞ հետ: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Է. Շարմազանովը նշեց, որ բարեփոխումներն առանց կադրային փոփոխությունների չեն լինում: «Այո, շատ բան մեր երկրում այնպես չէ, ու այստեղ խնդիր ունի անելու եւ՛ իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը: Եվ ժամանակն է ծայրահեղ արտահայտություններից անցնենք սառը դատողությունների ու նորմալ գործերի»,- ասաց նա: Վերջին շրջանում ՀՀԿ-ն ավելի շատ հրաժարականների՞ դիմում է ստանում, թե՞ կուսակցություն ընդունվելու: Ի պատասխան՝ Է. Շարմազանովն ասաց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն երկու տարի առաջ ուներ մոտ 30.000 անդամ, այսօր արդեն ունի մոտ 150.000 անդամ, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ: Ընտրությունից ընտրություն ՀՀԿ-ն ավելացնում է իր քանակը, եւ մեր հասարակությունը գնալով ավելի շատ է վստահում Հանրապետականի քաղաքականությանը: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող»: Խոսակցություններ կան, որ Հովիկ Աբրահամյանի ընտրությունն ԱԺ նախագահի պաշտոնում այն սցենարի մի մասն է, որով Ռոբերտ Քոչարյանը վարչապետ դառնալու ճանապարհով վերադառնա իշխանության: ՀՀԿ մամուլի խոսնակն այս կապակցությամբ ասաց, որ կուսակցությունում նման բան չի քննարկվել: «Կուսակցությունը բավականին վերջերս է Տիգրան Սարգսյանին հավանություն տվել որպես ՀՀ վարչապետ, եւ կարծում եմ, որ նա այն անձնավորությունն է, որ կարող է լուծել իր առջեւ առաջացած խնդիրները: Ինչ վերաբերում է պրն Քոչարյանին, ապա նրա վերաբերյալ ես իմ կարծիքը վաղուց ասել եմ, որ նրա 10 տարիները մեր երկրի համար, թերություններով հանդերձ, եղել են ձեռքբերումների տարիներ»,- ասաց նա: