Հետաքրքիր նշանակում

23/09/2008

Ներկայումս «Eurasia House International» կազմակերպության նախագահի պաշտոնը զբաղեցնող ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն ընտրվել է Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ: Այս կազմակերպության կազմում են համաշխարհային խոշոր էներգետիկ արդյունաբերության եւ հաստատությունների ներկայացուցիչներ, իսկ դրա կենտրոնակայանը գտնվում է Ժնեւում` Համաշխարհային տնտեսական ֆորումում: Դրա նպատակն է՝ ուսումնասիրել, վերլուծել ու հետազոտել ոլորտի վճռորոշ եւ հրատապ խնդիրները` համաշխարհային կտրվածքով: Ըստ «Eurasia House International»-ի գրասենյակի տարածած հաղորդագրության, խորհրդի հիմնադիր գագաթաժողովը կգումարվի այս տարվա նոյեմբերին Դուբայում: Գործակցելով Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ, Արմեն Սարգսյանը, որպես Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ, առաջարկելու է խորհրդի կազմում ընդգրկվելիք համաշխարհային առաջնորդների թեկնածությունները, եւ համակարգելու է միջազգային այդ մարմնի աշխատանքը: Այս տարի ավելի ուշ Արմեն Սարգսյանը կնախագահի Եվրոպային եւ Կենտրոնական Ասիային նվիրված առաջին Համաշխարհային տնտեսական ֆորումում, որը կբացվի հոկտեմբերի 30-ին Ստամբուլում: Այստեղ են հավաքվելու միջազգային եւ տարածաշրջանային գործարար առաջնորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, կրոնական ու մշակութային գործիչներ ամբողջ Եվրոպայից, Թուրքիայից, Կենտրոնական Ասիայից եւ Մերձավոր Արեւելքից` քննարկելու ընդհանուր մարտահրավերները եւ գծագրելու դեպի համատեղ գործակցային ապագա տանող ուղին: