Կուսակցությունից դուրս գալը կամ մի կուսակցությունից մյուս կուսակցություն «սահուն» անցումը Հայաստանում սովորական երեւույթ է: Այնքան սովորական, որ, եթե սկսենք հիշատակել նման «տրանսֆերների» ենթարկված հայ քաղաքական գործիչների, ապա մի ողջ թերթ չի բավարարի: Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ Տիգրան Թորոսյանի ՀՀԿ-ից դուրս գալու դիմումը մեծ աղմուկ առաջացրեց լրագրողական եւ քաղաքական «էլիտայում» (հասարակության լայն զանգվածներին նմանատիպ փոխատեղումները վաղուց արդեն քիչ են հետաքրքրում): Կարծում եմ, խնդիրն այն չէ միայն, որ դիմում ներկայացնողը ԱԺ գործող նախագահն էր: Պարզապես վերջին ութ տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցություն դիմում է գրվում ոչ թե «մտնելու», այլ դուրս գալու նպատակով: Եվ ստացվեց այնպես, որ թեեւ Հանրապետականը «ոհմակ չէ», բայց «միայնակ գայլեր», այնուամենայնիվ, այնտեղ կան: Եվ այստեղ չի կարելի չհիշել մի փաստ` 1995-ից սկսած, երբ ՀՀՇ կարկառուն ներկայացուցիչներից ոմանք սկսեցին լքել «հայրական տունը»: Նրանցից շատերը բացեցին իրենց սեփական կուսակցությունները, որոնք գոյատեւեցին մեկ-երկու տարի: ՀՀՇ-ի այս փորձը պատահական չհիշեցի, քանի որ Տիգրան Թորոսյանը թեեւ առաջինը դուրս եկավ ՀՀԿ-ից, սակայն չի բացառվում, որ նա վերջինը չէ: Որքան էլ Էդուարդ Շարմազանովը հիշատակի Թոմաս Մորին, միեւնույն է, «ծուխն առանց կրակի չի լինում»: Եվ դրա համար պատճառներ կան: Ավելին, փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի պայմանների համար ՀՀԿ-ն չափից դուրս մեծ կուսակցություն է դարձել: Սակայն այդքան պաշտոն չկա: Իսկ որ շատերը հենց պաշտոնի համար են կուսակցության անդամ դառնում, երկու օր առաջ Տիգրան Թորոսյանն էլ իր օրինակով ապացուցեց: Որովհետեւ, չգիտես ինչու, «ներկուսակցական տարաձայնություններն» առաջացան միայն այն պահին, երբ նրանից պաշտոն էին խլում: Հայ հասարակությունը սրանում համոզվել էր դեռեւս մի քանի տարի առաջ, երբ տխրահռչակ Սերգո Երիցյանը նախարարի պաշտոնի համար լքեց իր հարազատ «Օրինաց երկիրը»: Բայց այն ժամանակ վարչապետ էր լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը, ով չհամակրելով «Օրինաց երկրին», այնուամենայնիվ, Սերգոյի դավաճանությունը չներեց, եւ Սերգոյին ուղարկեց այնտեղ, ուր սովորաբար ուղարկում են քաղաքական եւ ոչ քաղաքական անսկզբունքային գործիչներին: Ինչ վերաբերում է Տ. Թորոսյանի նշած «30 արծաթով վաճառվողներին», ապա կարծում եմ՝ զուր են պարոն Թորոսյանի նմանատիպ մեկնաբանությունները, քանզի լինելով ՀՀԿ երկարամյա փոխնախագահ, նա պետք է որ շատ լավ իմանար իրենց կադրերին: Իսկ այդ կադրերից շատերը, որոնք անգամ Հայոց այբուբենի տառերն են իրարից մի կերպ տարբերում, դժվար թե իմանան 30 արծաթի մասին հայտնի պատմությունը: Այնպես որ, ինչպես կասեր մեծն Ջիվանին. «վհատվելու չէ, ձախորդ օրեր են` ձմռան նման կուգան ու կերթան»: Տիգրան Թորոսյանը ոչ թե բացառության, այլ տենդենցի զոհ է: Եվ հենց այս տենդենցն է ամենավտանգավորը մեր հասարակության համար, երբ նախորդին փնովում են եւ բոլոր մեղքերը գցում նրա վրա: Պետք չէ երբեք մոռանալ, որ հաջորդ «նախորդը» հենց Դուք եք լինելու: Իսկ անսխալական մարդ չի լինում: Այս առիթով մի պատմություն կա: Նորանշանակ ղեկավարին նախկինը գործերի հետ միասին երեք նամակ է թողնում եւ խրատ տալիս. «Առաջին նամակը կբացես, երբ գործերդ լավ չեն լինի: Երբ գործերդ կտրուկ կվատանան՝ կբացես երկրորդ նամակը: Իսկ երրորդը` կբացես, երբ ամեն ինչ շատ վատ կլինի»: Նորանշանակ ղեկավարն այդպես էլ վարվում է: Երբ գործերը լավ չեն գնում, նա բացում է առաջին նամակը, որտեղ գրված է լինում. «Ամեն ինչ գցի նախորդի վրա, եւ ամեն ինչ կշտկվի»: Որոշ ժամանակ անց ղեկավարը ստիպված է լինում բացել երկրորդ նամակը, որում գրված է. «Ամեն ինչ գցիր տեղակալներիդ վրա, եւ գործերդ կլավանան»: Այդպես էլ անում է: Ու ստացվում է: Սակայն որոշ ժամանակ հետո ղեկավարի վիճակն այլեւս անելանելի է դառնում, եւ նա ստիպված` բացում է երրորդ նամակը, որում գրված է լինում ընդամենը երեք բառ. «Երեք հատ նամակ գրի»: Այնպես որ, 30 արծաթի պատմության փոխարեն, ավելի լավ կլիներ՝ Տիգրան Թորոսյանը երեք հատ նամակ գրեր եւ հանձներ Հովիկ Աբրահամյանին:
Ասում են, որ ժողովրդական ասացվածքներն ամենալավն են բնութագրում տվյալ ժողովրդին: Նման դեպքերում, օրինակ, ռուսներն ասում են. «լեժաչեգո նե բյուտ», իսկ հայերն ընդհակառակն են վարվում` «եզը որ ընկնում ա, դանակավորները շատանում են»: Փորձենք ռուսական ասացվածքի օրինակին հետեւել: