Երեկ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելյոն ԱԺ-ում հանդիպումներ է ունեցել տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ ասոցիացված պատվիրակության ղեկավար Արթուր Աղաբեկյանն, օրինակ, Ժոզե Լելյոյի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Հայաստանի հասարակության տեսակետը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միանշանակ չէ: Ըստ նրա` հասարակության մի ստվար մասը, տեղյակ լինելով Կոսովոյի անկախության ճանաչմանը, տեսնելով Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, «սկսել է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հույսեր փայփայել»: «Իշխանության վերաբերմունքն այս հարցում շատ հստակ է. Հարավային Կովկասի հիմնախնդիրների, սառեցված առճակատումների լուծումը պետք է տեղի ունենա միմիայն խաղաղ բանակցությունների եւ համագործակցության ճանապարհով: Որպեսզի ԼՂ-ում էլ տեղի չունենա այն, ինչ տեղի ունեցավ Հարավային Օսիայում, տարածաշրջանային երկրների միջեւ պետք է ստորագրվի մի համաձայնագիր, որը բացառի ռազմական ճանապարհով նման հարցերի լուծումը. վիճահարույց տարածքային խնդիրները պիտի լուծվեն միայն խաղաղ գոյակցության պայմաններում: Թե ովքե՞ր կմասնակցեն այդ համաձայնագրի ստորագրմանը, քննարկման խնդիր է»,- ասել է Ա. Աղաբեկյանը` հավելելով, թե Հայաստանը ողջունում է կովկասյան տան վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը, «միայն թե այդ համագործակցությունը պետք է լինի բոլոր այն երկրների միջեւ, որոնք շահեր ունեն այս տարածաշրջանում»: «Այս իմաստով հաշվի չառնել Իրանին եւ կառուցել խաղաղ Կովկաս, հեռանկարային չի լինի: Առանց նախապայմանների Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանների բացումը կարեւոր քայլ կլինի տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման ճանապարհին»,- ասել է ՀՅԴ-ական Ա. Աղաբեկյանը: Նա նաեւ ընդգծել է, թե ԼՂ հիմնահարցի լուծումը հանրաքվեի ճանապարհով ընդունելի է, եթե այդ տարածքում չխախտվի հայերի եւ ադրբեջանցիների տոկոսային հարաբերակցությունը, որը կար 1988 թվականին:
Ժոզե Լելյոն երեկ հանդիպել է նաեւ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ: Վերջինս կարեւորել է Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը` դիտարկելով այն՝ որպես տարածաշրջանային անվտանգության կարեւորագույն բաղկացուցիչ մաս, ինչը հնարավորություններ է ընձեռում Հարավկովկասյան տարածաշրջանում փոխվստահության հնարավորությունների ստեղծման եւ համագործակցության ձեւավորման համար: Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Ա. Ռուստամյանն ասել է, թե վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ աշխարհաքաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել եւ անվտանգության նոր համակարգի ձեւավորման անհրաժեշտություն է առաջացել: Նրա համոզմամբ` հարաբերությունները չեն կարող կառուցվել բաժանարար գծերի վրա, եւ տարածաշրջանը չի կարող զարգանալ 3-1 բանաձեւով: Անդրադառնալով Ռուսաստան-Վրաստան հակամարտությանը, Ա. Ռուստամյանը նշել է, որ Հայաստանը որդեգրել է «հավասարակշիռ եւ սկզբունքային դիրքորոշում, հիմնվելով այն մոտեցման վրա, որ մենք ունեցել ենք հակամարտությունների կարգավորման սեփական հայեցակարգը. հակամարտությունները կարող են համարվել վերջնական լուծված, եթե դա տեղի է ունեցել միջազգային համապատասխան գործընթացի ավարտով: Այս է պատճառը, որ Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ-ի, Կոսովոյի անկախությունը, ինչպես նաեւ՝ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի»,- ասել է նա: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, խոսելով վրաց-ռուսական բախման մասին, ասել է, որ Հայաստանը ակամա դարձել է տուժող կողմ. «Տրանսպորտային ճանապարհը, որը միակն է, քանի դեռ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանը պահում են շրջափակման մեջ, փակվել է»,- ասել է նա: Ըստ նրա` անթույլատրելի է տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների հակադրությունը կամ որեւէ մեկի գերակայությունը: «Սրանք բոլորովին այլ հարթություններում կիրառելի սկզբունքներ են. տարածքային ամբողջականության սկզբունքով պետք է լուծել երկու սուվերեն պետությունների միջեւ վեճերը եւ ազգերի ինքնորոշման սկզբունքով առաջնորդվել, երբ որեւէ պետության մեջ ազգային փոքրամասնությունը փորձում է անկախություն ձեռք բերել»,- ասել է Վ. Հովհաննիսյանը:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն էլ նկատել է, որ վերջին տարիներին տարածաշրջանում ժողովրդավարությունը նահանջ է ապրել, ինչը հանգեցնում է խնդիրներն այլ ուղիներով լուծելու ցանկության: Նա հույս է հայտնել, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում Հայաստանը երկընտրանքի առաջ չի հայտնվի: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները, ըստ Ս. Սաֆարյանի` իրենց համար ի սկզբանե ընդունելի չեն, քանի դեռ Ղարաբաղը հանդես չի գալիս որպես բանակցող կողմ: Իսկ անկախության ձգտող երկրների ճանաչման հարցում, ըստ նրա` կիրառվում են երկակի ստանդարտներ: