ՀՀ Վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանը երեկ առաջին անգամ հանդես եկավ հաշվետվությամբ: Նա ներկայացրեց 2007թ. քաղաքաշինության, գյուղատնտեսության եւ քաղաքային ջեռուցման ոլորտներում իրականացված մի շարք ծրագրերի ուսումնասիրության արդյունքները եւ հրապարակեց չարաշահումների բավականին ուշագրավ փաստեր: Առաջինն անդրադարձավ Քաղաքաշինության նախարարությանը, որտեղ ծրագրերի ամենամեծ ծավալն իրականացվել է շինարարության ոլորտում:
Քաղաքաշինության նախարարի պորտֆելը քվոտայով պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որն այդ պաշտոնում առաջարկել էր ներկայիս նախարար Վարդան Վարդանյանին: Սակայն ՎՊ-ն դեռեւս ուսումնասիրել է անցած տարի իրականացված ծրագրերը, երբ քաղաքաշինության նախարարը ներկայիս բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էր: Եվ այսպես, 2007թ. վերանորոգված 213 օբյեկտներից ՎՊ-ն ընտրել եւ ուսումնասիրել է 26-ը: Դրանք բոլորն էլ դպրոցներ են: Ի.Զաքարյանի խոսքերով` այդ 26 դպրոցներում հայտնաբերվել է 171 մլն դրամի հավելագրում, այսինքն` վճարում չկատարված աշխատանքների դիմաց: Ընդ որում` այդ 26 դպրոցների վերանորոգման արժեքը եղել է մոտ 3,2 մլրդ դրամ, սակայն ՎՊ-ն չափագրումներ է իրականացրել մոտ 930 մլն դրամի ծրագրերում: Եթե չափագրում իրականացներ այդ բոլոր 26 դպրոցներում էլ, տեսականորեն հավելագրումների ծավալը կլիներ ոչ թե 171 մլն դրամ, այլ կրկնակի կամ եռակի շատ: Ընդ որում` 106 մլն դրամի խախտումներ են արձանագրվել՝ կապված արհեստական թանկացումների հետ: Վերանորոգված դպրոցներում բնականաբար փոխվել են նաեւ դռներն ու պատուհանները: ՎՊ-ն պարզել է, որ չբացվող դռների եւ պատուհանների 1 քառակուսի մետրն արժե 18-22.000 դրամ, իսկ բացվողներինը` 28-36.000 դրամ: Սակայն գնումների գործընթացում 1 քմ-ի համար ներկայացվել է 50-70.000 դրամ: Դպրոցների վերանորոգման աշխատանքները ձեռք բերելու մրցույթի արդյունքում արժեքը 5-6000 դրամով իջեցվել է: «Ստացվում է այնպես, որ 1 քմ-ի վրա արդեն մրցույթը շահած կազմակերպությունները ճիշտ 1 անգամ ավելի գինն ուռճացրել են»,- հայտարարեց Ի.Զաքարյանը:
ՎՊ-ն ուսումնասիրել է նաեւ Քաղաքաշինական պետական տեսչության գործունեությունը եւ պարզել է, որ 2007թ. ամբողջ հանրապետության տարածքում կանաչ գոտիների վնասման որեւէ ակտ չի արձանագրվել: Այն դեպքում, երբ հատկապես Երեւանում ամեն օր էլիտար շինարարության արդյունքում կանաչ գոտիներ են ոչնչացվում, տեսչությունն անգամ 1 խախտում չի հայտնաբերում: «Սա ուղղակի ծիծաղելի է այն դեպքում, որ նման ակտ գրելու պարագայում պաշտոնատար անձը տուգանվում է 150.000 դրամ, շինկազմակերպությունը եւ քաղաքացիները` 100.000 դրամ: 2007թ. Երեւանում 5,1 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ են իրականացվել 57 օբյեկտներում, բայց ստուգվել է 2-ը եւ տուգանվել են 100.000 դրամ: Բավականին մեծ շինարարական աշխատանքներ իրականացրած Քաղաքապետարանը տեսչության կողմից որեւէ հարցով չի տուգանվել: Այսինքն` ամբողջ շինարարությունն ընթացել է առանց խախտումների՞»,- հարցնում է ՎՊ նախագահն ու ավելացնում, որ տեսչությունն ամբողջ Հայաստանով ունի 91 աշխատող եւ բյուջեից մեկ տարվա համար 93 մլն դրամ է ստացել: Գործունեության արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել ընդամենը 32,7 մլն դրամ: «Իր պահպանման ծախսերն էլ չի հանել: Վերահսկողության արդյունքում տեսչության աշխատանքները գնահատել ենք անարդյունավետ, կանոնադրական դրույթներից շեղված»,- հայտարարեց Ի.Զաքարյանը:
Մեծ գումարների խախտումներ են հայտնաբերվել նաեւ ոլորտի շատ այլ ծրագրերում: Եվ Քաղաքաշինության նախարարության 2007թ. իրականացրած 14 մլրդ արժողությամբ ծրագրերից ՎՊ-ն ուսումնասիրել է շատ քիչ մասը եւ հայտնաբերել է 240 մլն դրամի խախտումներ: Ամբողջությամբ ուսումնասիրելու դեպքում այդ գումարը շատ ավելի մեծ կլիներ: Մեր հարցին, թե եղե՞լ է մի ծրագիր, որտեղ խախտումներ չեն հայտնաբերել, Ի. Զաքարյանը պատասխանեց` «Ոչ»: Գարնանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Զաքարյանը հիմնականում դժգոհում էր գնումների գործընթացից` ասելով, թե ծրագրերն իրականացնելու ժամանակ անհրաժեշտ ապրանքները միշտ ձեռք են բերվել շուկայական արժեքից շատ ավելի բարձր գներով: Մեր մյուս հարցին, թե՝ վերը ներկայացված ոլորտներից բացի, շուկայական արժեքից ավելի թանկ գնումներ են ներկայացվել նաեւ ՎՊ ուսումնասիրած մյուս բոլո՞ր ծրագրերում, Ի.Զաքարյանը պատասխանեց. «Այո»: Նա նաեւ ավելացրեց, որ հայտնաբերված չարաշահումները անպայման պետք է վերականգնվեն:
Պատկերը նույնն է նաեւ գյուղատնտեսության ոլորտում: Գետերի հունի մաքրման եւ ափերի ամրացման 9 ծրագրերի համար ծախսվել է 945 մլն դրամ, որից չարաշահվել է 71 մլն դրամը: Ջրարբիացման 4 ծրագրի համար հատկացված 284 մլն դրամից չկատարած աշխատանքի դիմաց է վճարվել 33,5 մլն դրամը: Սահմանային հսկիչ կետեր ստեղծելու ծրագրի համար հատկացված 250 մլն դրամից չարաշահվել է 30,6 միլիոնը, չեն վճարվել եւս 46 մլն դրամի տույժ ու տուգանքներ: Ընդհանուր առմամբ գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի մի մասում հայտնաբերել են 284 մլն դրամի խախտումներ: Հիշեցնենք, որ Գյուղատնտեսության նախարարությունն էլ արդեն երկար տարիներ գլխավորում են դաշնակցականները, եւ այս ծրագրերի իրականացման ժամանակ նախարար էր ոչ թե Արամայիս Գրիգորյանը, այլ` Դավիթ Լոքյանը:
Երրորդ ուսումնասիրությունը վերաբերում է Համաշխարհային բանկի ֆինանսավորած քաղաքային ջեռուցման ծրագրերին: Այստեղ էլ 5 շենքերի ջեռուցման համակարգեր ստեղծող «Երֆրեզ» ընկերությունը ստացած 500.000 դոլարը, Ի.Զաքարյանի խոսքերով` «չգիտես ինչու, ուղարկել է Պանամա` ինչ-որ կազմակերպությանը սարքավորումներ գնելու համար»: «Պանաման օֆշորային գոտի է: Գումարները փոխանցվել են, սակայն սարքավորումները չկան, իսկ կաթսայատունն աշխատում է կեսից էլ պակաս հզորությամբ, վերանորոգել են հին սարքավորումներով: 2 շենքը ջեռուցվում է, մյուսները` ոչ: Հիմնականում օֆշորային գոտիներում գումարներ են լվանում: Դիտարկել ենք ոչ արդյունավետ ծախս եւ 1 շաբաթում գումարները ետ վերադարձնելու խնդիր ենք դրել»,- ասաց ՎՊ Նախագահը:
Ի.Զաքարյանը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում կներկայացնեն Սյունիքի մարզի, համայնքների Ոստիկանության ու Տրանսպորտի եւ կապի նախարարության իրականացրած ծրագրերը: Եվ մինչեւ տարվա վերջ ոլորտ առ ոլորտ ներկայացնելու են բոլոր ուսումնասիրությունները:
ՎՊ խորհրդի նիստին ներկա էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը, ով այս ամենի մասին մեզ հետ զրույցում ասաց. «Երկու եզրահանգման եկա, մեկը՝ տխուր, մյուսն էլ` շատ տխուր: Ես մի քիչ ավելի լավ կարծիքի էի մեր երկրի, այս իշխանությունների մասին: Այդ հաշվետվությունն իմ մեջ ուղղակի սահմռկեցուցիչ արձագանք ունեցավ: Որեւէ հույս չունեմ, որ գործադիր իշխանությունից ինչ-որ մեկի գործունեությունը կարող է պետականամետ լինել` սա շատ տխուր է: Տխուրն այն է, որ եթե ՎՊ ղեկավարը` լինելով քաղաքական կոալիցիայի, իշխանության մարդը, կարողացել է այդքանը ներկայացնել, ուրեմն` ինչքանը չի ներկայացրել: Համենայնդեպս, ես համարում եմ, որ սա էլ խիզախություն է: Հնարավոր է, որ այսքանը թույլ տալով` իշխանությունները կանաչ լույսի մի շող են բաց թողել»: