«Ներդրումների լավ դաշտ է»

22/09/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է գերմանական «Քրոնիմետ» ընկերության նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ-ի պատվո հյուպատոս Գյունտեր Պիլարսկուն եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ըստ Ս. Սարգսյանի` ուրախալի է այն փաստը, որ գործարարի յուրաքանչյուր այցը Հայաստան զուգորդվում է նոր ծրագրերով: «Մենք ողջունում ենք ցանկացած նոր ձեռնարկ, մշտապես օժանդակում, խրախուսում ենք ներդրումները, եւ մեր նպատակն օրենսդրական ու գործարար այնպիսի միջավայրի ստեղծումն է, որը հավասարապես բարենպաստ լինի բոլոր ներդրողների համար»,- ասել է նա: Գ. Պիլարսկին ներկայացրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընթացիկ գործունեությունը, զարգացմանն ուղղված առաջիկա ներդրումային ծրագրերը, մասնավորապես, Քաջարանում պղնձի վերամշակման գործարանի կառուցումն, այլ ենթաձեռնարկությունների արդիականացումը: Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը համարելով մարզերի սոցիալ-տնտեսական զարգացումը, կյանքի աշխուժացումը, Սերժ Սարգսյանն ասել է, որ նման ծրագրերը հնարավորություն են տալիս ստեղծել նոր աշխատատեղեր եւ լուծել որոշակի սոցիալական խնդիներ: Ի դեպ, ըստ Գյունտեր Պիլարսկիի` Հայաստանը ներդրումների համար «լավ դաշտ է», եւ իր հետ ՀՀ են ժամանել մի խումբ գերմանացի գործարարներ, ովքեր ներկայումս հայ գործընկերների հետ քննարկում են տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումներ կատարելու հնարավորությունը: