Ուղիղ տասնմեկ տարի անց Վերահսկիչ պալատն իր ուսումնասիրություն-հաշվետվությունով կրկին դառնում է հասարակական հետաքրքրության թիրախ: 1997-ին էլ Վերահսկիչ պալատը սրսուռ սկսեց: Խոշոր ծավալի յուրացումներ ու ոչ արդյունավետ տնօրինված գումարներ էին հայտնաբերվել: Դրանք, որպես կանոն, դատական հեռանկար չունեցան: Ավելին` Վերահսկիչ պալատում կատարվեցին կադրային լուրջ փոփոխություններ, որոնք հանգեցրին այդ կառույցի թուլացմանը: Հետագա բոլոր տարիներին Վերահսկիչ պալատը երկրի տնտեսական կյանքում գործոն չէր: Ամեն տարի Ազգային ժողովը հաստատում էր այս կառույցի ստուգումների համեստ մի շրջանակ, լսում ու ի գիտություն ընդունում նախորդ տարվա հաշվետվությունը: Նույնքան համեստ հաշվետվությունը: Վերահսկիչ պալատը իշխանությունների ձեռքին դարձել էր յուրօրինակ փոքրիկ գործիք: Նրա գործունեության տարեկան պլանը լայն հասարակությանը հետաքրքիր չէր: Աշխատանքային պլանն ուսումնասիրողները միայն փորձում էին պարզել, թե իշխանությունները որ նախարարին կամ գործարարին են «դեղին քարտ» ցույց տալիս: Կամ փորձում էին նեղել ու դարձնել ավելի հեզ ու ենթարկվող: Բարձրաստիճան չինովնիկներն ու գործարարները յուրացրել էին խաղի այս կանոնը: Ուսումնասիրության ոլորտում հայտնվելուց հետո նրանք հապշտապ բանակցում էին իշխանությունների հետ: Վերահսկիչ պալատի բոլոր ստուգումների արդյունքում ծնվում էին մանր-մունր խախտումներ արձանագրող հաշվետվություններ: Խորհրդարանում դրանք առանց ավելորդ հարց ու պատասխանի հաստատվում ու դրվում էին ԱԺ գրադարանի համապատասխան դարակում: Ու վերջ: Ու այսպես՝ տասը տարի շարունակ: Մի քանի ամիս առաջ հանկարծ Իշխան Զաքարյանը թողեց սպորտի ոլորտի ղեկավարի իր նախընտրած պաշտոնը, դառնալով Վերահսկիչ պալատի նախագահ: Մինչ այդ պալատի մասին օրենսդրական փոփոխություններ էին արվել: Այս երկու փաստերի համադրումը հասարակությանը դիտարժան տեսարան էր խոստանում: Երեկվա նիստն ու Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ասուլիսն այս սպասումները կարող են իրականություն դարձնել: Վերահսկիչ պալատն իր հաշվետվությունը դեռ չի հրապարակել: Բայց պալատի նախագահն ասուլիսում որոշ ուղղություններ ու թվեր ներկայացրել է: Վերլուծվել են ՀՀ Քաղաքաշինության, Գյուղատնտեսության նախարարությունների եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ որոշ ծրագրեր: «2007թ. Քաղաքաշինության նախարարությունը 14 մլրդ դրամի շինարարություն է իրականացրել, 213 օբյեկտ է վերանորոգվել, որից ՎՊ-ն ուսումնասիրության համար ընտրել է 26-ը եւ հայտնաբերել շուրջ 171 մլն դրամի ծավալային հավելագրումներ, այսինքն` չկատարված աշխատանքների դիմաց վճարում»: Ստուգված են շինօբյեկտների 12 տոկոսը: Եվ հայտնաբերվել են 171 մլն դրամի խախտումներ: Մեծ թվերի օրենքի համաձայն՝ ամբողջ ծավալում կարելի կլինի արձանագրել մոտ 1,5 մլրդ դրամի յուրացումներ: 5 մլն դոլարը նույնիսկ մեր կոռուպցիայի մասշտաբների պարագային փոքր թիվ չէ: Հիշենք, որ 2007-ին քաղաքաշինության նախարարը ՕԵԿ-ով եկած Արամ Հարությունյանն էր: Նա, այն կարճ ժամանակահատվածում, երբ ՕԵԿ-ն իշխանություն չէր, հասցրեց հրաժարվել կուսակցությունից: Հետո դարձավ բնապահպանության նախարար:
Վերահսկիչ պալատը 284 մլն յուրացումներ է արձանագրել Գյուղնախարարության ծրագրերում: Այստեղ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքը ՀՅԴ-ական նախարար Դավիթ Լոքյանի շրջանի մասին է: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի ոլորտում Քաղաքաշինական պետական տեսչության հայտնաբերած խախտումների համեստ ծավալն Ի. Զաքարյանի տարակուսանքն են հարուցում: Վերահսկիչ պալատը հանդգնել է մտնել նաեւ Սյունիքի մարզ: Սյունյաց աշխարհը վաղուց ի վեր կառավարիչ-մարզպետների ընտանեկան կալվածքի համարում ունի: Սյունիքի պես ֆեոդալական կառավարում ունեցող տարածքում, կարծես, որեւէ ստուգում առաջին անգամ է խախտում հայտնաբերում: Սա էլ է տարօրինակ, հետեւաբար մտորելու ու վերլուծելու թեմա է: Խախտումներ արձանագրող բազմաբնույթ այս ուսումնասիրությունները մի քանի օրից ամբողջական տեսքով կհրապարակվեն: Հետաքրքիր ժամանակներ են սպասվում: Տարեկան ծրագրով ՎՊ-ն ստուգումներ է իրականացնում «Սեւան» ազգային պարկում, ՀՀ Բնապահպանության նախարարությունում: Հերթի են կանգնած Առողջապահության նախարարությունը, Երեւանի Կենտրոն համայնքը, Հանրային հեռուստաընկերությունը: Տասնմեկ տարի անց ՎՊ-ն խոստանում է իրական պատկեր արձանագրող հաշվետվություն ներկայացնել: