Կաննի փառատոնը հաստատում է կինոյի կանոնները

02/06/2005

Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ Արմավենու ոսկե ճյուղին
արժանացան բելգիացի ռեժիսորներ՝ եղբայրներ Ժան-Պիեռ եւ Լյուկ Դարդենների
«Երեխան» ֆիլմը, որը պատմում է 20-ամյա թուլակամ երիտասարդի մասին, ով
վաճառում է իր նոր ծնված որդուն։ Ֆիլմը նկարահանված է մինիմալիստական
ոճով՝ քիչ են խոսում, եւ գրեթե չկա երաժշտություն: Իրական հույզերը կարող
են շոկ առաջացնել, երբ ներկայացվում են հիմնականում կինոյի պատկերավոր
լեզվով։ Գրան-պրի մրցանակը ստացավ ամերիկացի ռեժիսոր՝ կինոհեգնանքի արքա
Ջիմ Ջարմուշի «Ջարդված ծաղիկները» սրամիտ եւ թեթեւ ֆիլմը, որը նույնպես
հայրեր եւ որդիներ փոխհարաբերությունների մասին է, սակայն այս ֆիլմի
հերոսը, որին մարմնավորել է Բիլլ Մյուրեյը, ծեր ամուրի մի մարդ է, ով
կյանքի վերջում փորձում է գտնել իր արդեն մեծահասակ որդուն։ Ջ. Ջարմուշը
փառատոնի ավարտից հետո ասել է. «Կաննի փառատոնի առավելությունը նրանում է,
որ այստեղ հաշվի չեն առնում ազգությունը։ Բոլորս էլ, վերջիվերջո, նույն
ցեղի տարբեր սերունդներ ենք»։ Ամերիկայի եւ Եվրոպայի կինոյի բալանսը
պահպանվեց, եւ «սեւազգեստ մարդ»՝ Թոմմի Լի Ջոնսը մրցանակ ստացավ լավագույն
ռեժիսուրայի համար։ Կաննում Լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար մրցանակին
արժանացավ ուկրաինացի ռեժիսոր Իգոր Ստրեմբիցկին, ով բեմ բարձրանալուն պես
ասաց. «Ես չեմ կարող ռուսերեն խոսել»։ Եվ քանի որ դահլիճում ուկրաիներեն
իմացող թարգմանիչ չկար, նա բեմից հեռացավ՝ համոզված չլինելով, որ իր խոսքը
հասկացվեց։ Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Տրիերը, ում Ամերիկայի մասին պատմող
«Մանդերլեյ» ֆիլմը ոչ մի մրցանակ չստացավ, հարցազրույցում ասաց. «Ինչպես
բոլոր եվրոպական երկրները, Դանիան էլ է գտնվում Ամերիկայի համատարած վատ
ազդեցության տակ։ Իմ կյանքի 60%-ն Ամերիկայում է: Թեեւ ես երբեք այնտեղ
չեմ եղել՝ իմ ֆիլմը երեւակայության հիման վրա է ստեղծվել։ Իմ հերոսուհին
հենց Ամերիկան է, ով ուզում է միշտ իր լավագույնն անել, բայց միշտ
ստացվում է ոչ իր սպասվածը, այլ շատ ավելի վատ մի բան»։ Թեեւ մրցանակ
չստացավ, բայց մեծ աղմուկ հանեց մեքսիկացի ռեժիսոր Կառլոս Ռեյգադոսն իր
կրքոտ ուլտրառեալիստական «Երկնային պայքար» ֆիլմով, որտեղ փորձում է
ճշմարտությունն ասել մարդկային մարմնի մասին։
Այս փառատոնը աչքի էր ընկնում չափազանց ուժեղ մրցակցությամբ եւ ֆիլմերի
բարձր մակարդակով։ Ժյուրիի նախագահ հայտնի բոսնիացի ռեժիսոր Էմիր
Կուստուրիցան չէր թաքցնում, որ հոգնել է քաղաքականությունից եւ
նախապատվությունը տալիս է սոցիալական թեմաներին։
Բոլոր ֆիլմերը շատ պրոֆեսիոնալ էին, զգացմունքային, այնպիսին, ինչպիսին եւ
պետք է լինի կինոն, որը մոռանալով հատուկ էֆեկտների եւ պարտադիր
զվարճացնելու սկզբունքի մասին, պատրաստ է պրովոկացիա անել, բանավիճել
հանդիսատեսի հետ, հարցադրումներ անել եւ մտածելու հրավիրել։ Այս փառատոնին
սկանդալներ գրեթե չկային, կար լավ կինո։