Կոմունիզմի ուրվականի, վախի ու դաժանության մասին

22/09/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Վախկոտությունը դաժանության մայրն է։
Մ. Մոնտեն

Տասնամյակներ շարունակ մեզ իշխում էր կոմունիզմի ուրվականը։ Ճանապարհի ինչ-որ հատվածում մենք, կարծես, կորցրինք նրան, սակայն չկորցրինք հետաքրքրությունը ուրվականների հանդեպ, որոնք մեզ իրականում վախ են ներշնչում։ Սա այն վախն է, որ մենք զգում ենք անհայտից, նրանից, ինչ մեզ համար մնում է չբացահայտված ու չբացատրված, եւ ըստ այդմ մնում ենք նրա իշխանության ներքո։ Անհայտի իշխանությունը ինչ-որ չափով նաեւ գայթակղիչ է, քանի որ գործողությունների ողջ պատասխանատվությունը կարծես թե ընկնում է նրա վրա, եւ մեզ մնում է միայն կրավորական հայեցողի դերը, հուսով, որ անհայտն, ի վերջո, հայտնի է դառնում։ Սակայն այդ պահից էլ, ցավոք, գործողության պատասխանատվությունն ընկնում է մեզ վրա, քանի որ մենք սկսում ենք գործ ունենալ հայտնիի հետ, եւ մեր սայթաքուն գործողություններում այլեւս անհասկացողության որեւէ արդարացում չունենք։

Եվ այսպես, երբ այն պահից դեմառդեմ մնացինք կոմունիզմի ուրվականի հետ եւ հայտնի դարձավ նրա՝ սոսկ ուրվական լինելը, որը ոչ մի սպառնալիք իրենից չէր ներկայացնում, ինքներս սկսեցինք սպառնալ նրան, սպառնալիք, որ իր մեջ կուտակել էր տասնամյակների վախն ու սարսափը, եւ որքան շատ էինք սպառնում, այնքան ավելի շատ էր վերարտադրվում մեր վախն ու սարսափը, որը մեզ տանում էր մեղքի ճանապարհով։

Խոսելով նախաստեղծ մեղքի մասին, Կիերկեգորն այն կարծիքին է հանգում, թե վախն աշխարհ է եկել մեղքի հետ միասին։ Վախի ու վախկոտության բազում պատճառներ կարող են լինել, սակայն դրանցից արմատականը մեղքի զգացման հետեւանքով առաջացած վախն է, վախ, որ մղում է դաժանության, դաժանություն, որ ակնկալում է ազատագրում վախից, որը անընդմեջ գործողության վերածվելու սպառնալիք ունի։ Վախից ազատագրվելու այս կերպը ոչ այլ ինչ է, քան անընդհատ ընդառաջել նրան։

Մեր քաղաքական իրականության մեջ վախի առաջին նշանները դրսեւորվեցին 1996 թվականի նախագահական ընտրություններում, երբ պարզ դարձավ իշխանության կորստի փաստը, երբ ստիպված էին կեղծել ընտրությունները իշխանությունը պահելու նպատակով, այսինքն, երբ գործեցին առաջին քաղաքական մեղքը. ահա այդ ժամանակ էլ դրսեւորվեցին դաժանության առաջին նշանները, որոնք խորացան հետագա բոլոր ընտրություններում ու ընտրակեղծիքներում։ Քոչարյանական իշխանության տարիներին վախն ու դաժանությունը դրսեւորվում էին այնչափով, որչափով գիտակցվում էր մեղքի գործոնը։ Դատողություններ անելով մեղքի ու վախի մասին, Կիերկեգորն ավելացնում է, թե վախը «շարունակում է այդպես (աշխարհ) գալ ամեն անգամ, երբ անհատը մեղք է ենթադրում»։ Իսկ որ քոչարյանական իշխանության տասը տարիները ուղեկցվել են մեղքի գիտակցությամբ թելադրված վախով ու դաժանությամբ, փաստ է։ Բազմապատկելով իր վախն ու դաժանությունը, նա դաժանությամբ վախ էր ներարկում եւ ժողովրդի մեջ՝ իր համար համահավասար ու բարենպաստ դաշտ ստեղծելով։ Սակայն մի բան է, երբ վախը ծնվում է մեղքի գիտակցումից, այլ բան, երբ այն դաժանության հետեւանք է։ Մեղքի գիտակցումից ծնված վախն ապրում է այնքան, որքան տեւում է մեղքի գիտակցումը, քանի դեռ մարդը չի ապաշխարել, չի խոստովանել մեղքը եւ չի թոթափվել նրանից։ Իսկ դաժանության հետեւանքով ձեռքբերովի վախը ի զորու է բժշկման այնքանով, որքանով այն ձեռքբերովի է եւ կարող է դաժանության հանդեպ նաեւ իմունիտետ ունենալ, ինչը եղավ վերջին նախագահական ընտրություններից հետո, եւ ժողովուրդն ազատագրվեց իր հանդեպ ցուցաբերված դաժանության վախից։

Նախկին իշխանության հետ մեղսագործած ներկայիս իշխանությունը շարունակում է կրել նախկինի բոլոր մեղքերն ու դրանց հետեւանքով առաջացած վախի ախտանիշը եւ ըստ այդմ էլ շարունակել դաժանությունն ու դրանից սերող բացասական լիցքերն ի ցույց դնելը։ Մեղքի զգացողության ու դրանից ծնված վախի հետեւանքով են շարունակվում նաեւ ցանկացած ընտրություններին ուղեկցող կեղծիքները, ստերն ու դաժան հաշվեհարդարը հակառակորդի հետ՝ ընդհուպ դանակահարություն, կրակոցներ ու կյանքի հանդեպ սպառնալիք։ Եվ այդքանից հետո էլ հանցագործը մնում է անպատիժ, ու ոչ մի իշխանական օղակ հանդես չի գալիս հանցավոր արարքի դատապարտությամբ, եւ հանցագործն էլ, իշխանությունների հովանավորությամբ, հանգիստ վայելում է հանցավոր արարքի հաղթության պտուղները։

Սույն վախը թելադրում է նաեւ անօրինականություններն օրինականի դաշտ տեղափոխելու գեշ սովորույթը, կեղծ օրինականության փեշով ծածկելով մի բան, որը ոչ մի կերպ չի ծածկվում, ինչպես Ա1+ եւ «Նոյյան տապան» հեռուստաալիքների արգելումը՝ սկզբում մրցութային քողի ներքո, այժմ էլ հեռուստաալիքների թվայնացմանն անցնելու պատրվակով։ Իշխանություններին թվում է, թե ժողովուրդն իր կյանքի մասին տեղեկություն է ստանում մամուլից ու էլեկտրոնային հաղորդակցման միջոցներից, եւ իր վախով թելադրված բռնությունն օգտագործում է սրանց ճնշելու նպատակով, մոռանալով, որ յուրաքանչյուր անհատ ու ընտանիք ավելի լավ է տիրապետում իր կենսամակարդակի մասին ցանկացած տեղեկության, քան որեւէ տեղեկատվական միջոց. պարզապես ժողովուրդն իր տառապանքի մեջ իրեն մենակ չի զգում, երբ այդ մասին ազդարարում են նաեւ զանգվածային հաղորդակցման միջոցները, իսկ այն, որ այդ միջոցները չեն ազդում իշխանությունների վրա, փաստ է. իշխանությունները անում են այն, ինչ անում են, իրենց նպատակով ու կարողությամբ, իրենց հասկացողությամբ. մամուլն ու ժողովրդական կարծիքը տվյալ դեպքում զրոյական են։ Մնում է ուղղակի զարմանալ իշխանությունների վախի չափի վրա. որքան շատ են մեղքերը, այնքան ահռելի է վախը։

Իսկ ինչի՞ց են հիմնականում վախենում մեր իշխանությունները՝

ա) արդարությունից,
բ) ազատությունից,
գ) տեղեկատվությունից,
դ) գիտությունից եւ այն ամենից, ինչը կարող է սպառնալ նրա երերուն հիմքերին։

Իսկ ինչի՞ց չեն վախենում մեր իշխանությունները՝

ա) ահաբեկչությունից,
բ) զրպարտությունից,
գ) կեղծիքից,
դ) կոռուպցիայից եւ այն անձանցից, ովքեր ապահովում են այս կարգի «արժեքները»։

Դրա վառ օրինակը որպես նախագիծ ու ծրագիր՝ դրվելու է Ազգային ժողովի քննարկմանը, ուր սույն վախով թելադրված երկաթյա տրամաբանությամբ երկրիս իշխանավորները կոռուպցիան ճնշում են գիտությանը հարվածելով. իսկապես՝ չկա գիտություն, չկա եւ կոռուպցիա. միայն անհասկանալի է՝ կոռուպցիան սույն իշխանությանը սպառնում է սոսկ գիտությա՞ն ոլորտում… Ասենք, ուսանողների տարկետումը վերացրին, վերացրին նաեւ գիտությունը, կոռուպցիան Հայաստանը թողեց-գնա՞ց… Իսկ բանա՞կը. ինչպես են վերացնում կոռուպցիան բանակում. չլինի՞ բանակն էլ են ցրում… Բա պատերա՞զմը. չէ՞ որ այն էլ կարելի է կազմակերպել ընդդիմությանը ցրելու նպատակով. «Չկա Հայաստան, չկա եւ ընդդիմություն» տրամաբանությամբ, իսկ ընդհանրապես՝ մեզ երկիր պե՞տք է թե՞, ոչ, իսկ անկեղծ ասած՝ ինչների՞ս է պետք մի երկիր, ուր կոմունիզմի ուրվականից մնացել է միայն ուրվականային իրականությունը՝ հին ու նոր կոմունիստների կոռումպացված մակարդակով, մաուզերներով, դաշույնով ու հայհոյախառն մայրենի լեզվով…