Երեկ Ղրիմի Գերագույն խորհուրդը դիմել է Ուկրաինայի Գերագույն ռադային՝ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու կոչով: Ղրիմի խորհրդարանի նիստում այդ կոչի օգտին երեկ քվեարկել է ներկա գտնվող 90 պատգամավորներից 79-ը, 8-ը դեմ են եղել: «Ղրիմի Գերագույն խորհուրդը աջակցություն է հայտնում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ինքնորոշման իրավունքին եւ պաշտպանում է հանրապետությունների անվտանգությունն ապահովելու ՌԴ-ի գործողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: Այդ կապակցությամբ «Ղրիմի Գերագույն խորհուրդը դիմում է Ուկրաինայի Գերագույն ռադային՝ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու կոչով»:
Իսկ Եվրամիությունը երեկ խորհուրդ է տվել Ղազախստանին՝ չճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Ի դեպ, ՆԱՏՕ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը երեկ հայտարարել է, որ առաջիկա մեկ-մեկուկես տարվա ընթացքում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը կճանաչի 20-25 երկիր: «Ռուսաստանը չի զբաղվում երկրներին համոզելով՝ ճանաչելու Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Դա մեր հարցը չէ, դա Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրն է՝ դիվանագիտական աշխատանք ծավալել եւ հասնել ճանաչման»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ներկայում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչել են միայն Ռուսաստանը եւ Նիկարագուան: