Հարավային Կովկասում քաղաքական լարվածությունը Վրաստանի եւ նախկին ինքնավար հանրապետությունների` Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի միջեւ ավարտվեց Վրաստանի բացահայտ ագրեսիայով: Այդ բարբարոսական գործողության ավարտը բոլորիս հայտնի է: Ի՞նչ հետեւություններ պետք է անենք մենք` հայերս, այս արտակարգ իրավիճակում: Առաջին` ցավոտ իրականությունն այն է, որ Վրաստանը կարող է Հայաստանին մեծ վնաս հասցնել, քանի որ մեզ համար նա տարանցիկ երկիր է: Միանգամից ասենք, որ այս ամենը սկսում է շանտաժ հիշեցնել. ամեն անգամ, երբ Վրաստանի վիճակը վատանում է, նա անմիջապես Հայաստանին անուղղակիորեն ներքաշում է հակամարտության մեջ: Այսպես եղավ եւ այս հակամարտության ընթացքում: Եվ սա է պատճառը, որ Հայաստանը բացում է տրանզիտի նոր ուղիներ: Այսօր Հայաստանի իշխանությունները փնտրում են այս կրկնվող իրավիճակից դուրս գալու առավել արդյունավետ միջոցներ: Թուրքիայի նախագահի այցը կարող է պատասխան տալ նաեւ այս խնդրին: Կարծում ենք, որ տարանցիկ երկրի դեր ստանձնած Վրաստանը (ինչի համար նա դիվիդենտներ է ստանում) պետք է հասկանա, որ սեփական պարտավորություններին հարկ է պատասխանատվությամբ ու լրջորեն վերաբերվել: Ի՞նչ կաներ եւ ինչպե՞ս կվարվեր Վրաստանը, եթե Հայաստանը նրա համար նման պայմաններ ստեղծեր (նա կհասներ մինչեւ Անվտանգության խորհուրդ): Այնինչ Հայաստանն՝ ինքը, մի անգամ չէ, որ հանդես է եկել իբրեւ տարանցիկ երկիր ինչպես Վրաստանի քաղաքացիների, այնպես էլ ֆինանսների ու բեռների համար, որոնք ուղղվում են դեպի Ռուսաստան:
Մի քանի խոսք վրաց-օսական հակամարտության մասին: Հայտնի է, թե ինչպես Ստալինն ու Սերգո Օրջոնիկիձեն Հարավային Օսեթիայի տարածքը բռնի կերպով միացրին Վրաստանին, մինչդեռ Հարավային Օսեթիան մնացյալ օս ժողովրդի հետ ձգտում էր մտնել Խորհրդային Ռուսաստանի կազմի մեջ: Այս հակամարտությունը սկսվել է դեռ 1920-1922թթ., եւ ահա թե ինչ թվերով է այն ավարտվում: Հարավային Օսեթիայում այսպիսի տվյալներ էին. 63.000 օսերից վրացերեն գիտեր ընդամենը 919 մարդ, իսկ 28.000 վրացիներից օսերեն գիտեր ընդամենը 50 մարդ: Ի դեպ, Աբխազիայում բնակվող 240.000 վրացիներից աբխազերեն գիտեր ընդամենը 128 մարդ, իսկ 94.000 աբխազներից վրացերենին տիրապետում էր ընդամենը 601-ը: Ահա միմյանց նկատմամբ այսպիսի «մեծ հարգանքով» էին ապրում այս ժողովուրդները: Ինչ վերաբերում է վրացի փախստականներին. եթե Աբխազիայում բնակվող 240.000 վրացիներին գումարենք Հարավային Օսեթիայի 28.000-ը, կստանանք այդ երկու ինքնավար հանրապետություններում վրացիների ընդհանուր թիվըգ Եվ եթե ենթադրենք, որ նրանք բոլորը լքել են իրենց տները, ապա փախստական կարող էին դառնալ 268.000 վրացիներ, ոչ թե 400.000, ինչպես հայտարարում են Վրաստանի իշխանությունները ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում, Եվրամիությունում: Մենք այս տվյալները վերցրել ենք ԽՍՀՄ-ի Վիճպետկոմից, որը 1991թ. հրապարակել էր 1989թ. ԽՍՀՄ-ում անցկացված վերջին մարդահամարի տվյալները` «ԽՍՀՄ-ի ազգային կազմը»:
Չի կարելի ապրել այն ժողովրդի հետ, որին դու բավականին երկար ժամանակ ճնշել ես, ձուլման ենթարկել, արհամարհել: Չի կարելի ռազմական միջոցներով լուծել այս չափազանց նուրբ խնդիրը: Հայտնի է, որ եթե ժողովուրդը չի ցանկանում մեռնել կամ չի ուզում ճնշվել, նրան անհնար է սպանել կամ ճնշել: Ի դեպ, հենց այս հիմքի վրա է կառուցված եվրոպական ժողովրդավարությունը:
Սակայն տարօրինակը կամ զարմանալին ուրիշ բան է. Վրաստանի իշխանությունները ոչ մի հետեւություն չեն անում սրանից, նրանք շարունակում են իրենց դաժան, բացահայտ ոչ բարեկամական, ցեղասպանությանը հավասար ազգային քաղաքականությունն այսօրվա Վրաստանի կազմի մեջ մտնող մյուս ազգերի նկատմամբ: Այնքան կեղծավոր է Սահակաշվիլու քաղաքականությունը. նա պատրաստ է ամեն ինչ անել օսերի ու աբխազների համար, միայն թե նրանք մնան Վրաստանի կազմում, եւ ոչ մի մարդկային վերաբերմունք չի ցուցաբերում մյուս ազգերի նկատմամբ: Մեզ, բնականաբար, հետաքրքրում է Վրաստանի հայ բնակչությունը, եւ առաջին հերթին ջավախահայերն ու մայրաքաղաք Թբիլիսիում բնակվող հայերը: Առավել եւս, որ՝ Վրաստանի իշխանությունները հայտարարում են, թե հարաբերությունները ոչ միայն «լավ են», այլեւ «եղբայրական»:
Կարծում եմ` Սահակաշվիլին բավականին լավ գիտե, թե ինչ է իրենից ներկայացնում Վրաստանը: Ելնելով դրանից` նա ուզում է, որ Վրաստանում ոչինչ չլինի, բացի վրացական շովինիզմից, որն, ըստ նրա, կարող է համախմբել ժողովրդին: Իսկ այդ շովինիզմն ու դրա գովազդը պարոն Սահակաշվիլին քողարկում է «փայլփլուն» կարգախոսներով, եվրոպական ժողովրդավարության պոստուլատներով եւ ամերիկյան ազատամտությամբ:
Ես հաճախ եմ գրել, որ ժամանակակից քաղաքական աշխարհը եւ ինֆորմացիոն հոսքն ունեն «Աշխարհը շոու է» գաղափարախոսությունը: Այս պայմաններում Սահակաշվիլու խաղը մեծ շոումենի եւ մանիպուլյատորի խաղ է: Փառք Աստծո, դրա համար բարենպաստ հող կա` վրացական քաղաքականության բազմադարյա թատերայնությունը: Եվ առաջին հերթին՝ վրացական սեղանի բազմադարյա թատերականությունը, որի «հյուրասիրությունն» ազգային նշանակություն եւ պետական կարեւորություն ունի:
ԱՄՆ-ի հայկական լոբբին կրտսեր Բուշի կառավարման այս ողջ տարիների ընթացքում ոչ մի անգամ չկարողացավ կազմակերպել ԱՄՆ-ի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը: Կուզենայինք հարցնել, թե ինչո՞վ են նրանք զբաղված` Ամերիկայի այդ պարտաճանաչ հարկատուները: Կարծում ենք, որ միայն ցեղասպանության հարցն առաջ քաշելն այն ռազմավարական իմաստով, ինչպես դա տեսնում եւ հասկանում է մեր սփյուռքը, արդեն ձեռք չի տալիս ո՛չ Հայաստանին, ո՛չ մեր ժողովրդին: Սա ժամանակի թելադրանքն է: Անհրաժեշտ է, որ մեր լոբբին հասնի այն խնդիրների մակարդակին, որոնք ծառացել են երկրի ու նրա ժողովրդի առջեւ իրադարձությունների զարգացման տվյալ փուլում ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ տարածաշրջանում եւ աշխարհում:
ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ այլ երկրներում գործող հայկական լոբբիի ու Հայաստանի ԱԳՆ-ի ամենակարեւոր խնդիրներից մեկը երկրի խնդիրները պարզելն ու հարեւանների գործողություններից պաշտպանվելու համար սեփական անվտանգության մասին հավաստի ու լուրջ ինֆորմացիա ստանալն է այն երկրներից, որոնք վերջիններիս զենք են վաճառում: Այսպես, Վրաստանն ԱՄՆ-ից զենք էր ստանում, սպառազինվում, իսկ Հայաստանում այդ մասին ոչինչ չգիտեին: Իսկ չէ՞ որ այդ զենքը հնարավոր էր ուղղել Հայաստանի կամ տարածաշրջանի որեւէ այլ պետության դեմ: Ըստ էության` մինչ օրս մեզ հայտնի չէ, թե ինչ զենք ունեն կամ ինչ զենք է մնացել մեր «նախկին եղբայրական հանրապետություններում»:
Եվ այսպես, Սպիտակ տնից հեռացող կրտսեր Ջորջ Բուշի քաղաքականությունը մեր կողմից գնահատվում է որպես չափազանց տագնապահարույց: Հատկապես այն իրադարձությունների լույսի ներքո, որոնց ականատեսը դարձանք ինչպես հակամարտության ընթացքում, այնպես էլ դրանից հետո:
Մեզ խորապես հիասթափեցրեց Արեւմուտքի դիրքորոշումը ոչ միայն երկակի ստանդարտների պատճառով, այլեւ նրանով, որ Արեւմուտքը չի ցանկանում հասկանալ եւ ընդունել փոքր ժողովուրդների ազատ կամքի իրավունքը, որոնք չեն ուզում ապրել Վրաստանի ագրեսիվ ու երեսպաշտ իշխանության հետ (արդեն ո՛րերորդ անգամ)։