Հարավային Օսեթիայի վրա Սահակաշվիլու վարձկանների ուխտադրուժ հարձակումը, որ ի սկզբանե Արեւմուտքի կողմից ծրագրված էր որպես ՌԴ-ի դեմ մեծ աշխարհաքաղաքական օպերացիայի մի մաս, ստիպում է անդրադառնալ մի շարք ընդհանուր խնդիրների: Մենք չենք կարողանալու դուրս պրծնել իրար հետեւող արտակարգ իրավիճակների շղթայից, մինչեւ գլուխ չհանենք ընդհանուր խնդիրներից, մինչեւ այս ամենից մեզ համար հետեւություններ չանենք:
Այսօր վերջապես հարկ է ընդունել այն փաստը, որ Արեւմուտքի ղեկավար շրջանակների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ կախված չէ Ռուսաստանի դրոշի գույնից, պաշտոնական գաղափարախոսությունից ու քաղաքական կարգերից: Դեռ 16-րդ դարում է ասվել, որ «ռուսները շեմին կանգնած բարբարոսներ են»: Այդ ժամանակներից ի վեր Ռուսաստանի հետ «բարեկամություն» էին անում միայն այն պահերին, երբ նա իր ուժն էր ցույց տալիս «քաղաքակիրթներին»: Արեւմուտքը հարգում է ուժը եւ վախենում դրանից: Ռուսաստանի ցանկացած թուլացում անպայման ագրեսիայի էր հանգեցնում` այս կամ այն ձեւով, այս կամ այն պատճառաբանությամբ: Ֆաշիստական Գերմանիայի դեմ ԽՍՀՄ-ի տարած հաղթանակից մի տարի էլ չանցած` ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան սառը պատերազմ սկսեցին երեկվա դաշնակցի` իրենց արտահայտությամբ` «այրիների ու հաշմանդամների ազգի» դեմ: ԱՄՆ-ի, որն այն ժամանակ ատոմային զենքի մոնոպոլիստն էր, իշխանության գլուխ կանգնածները պահանջում էին «անհապաղ եւ առանց տատանվելու» ատոմային ռումբեր նետել: Այս ամենի հետեւում դարերի ընթացքում ձեւավորված փիլիսոփայությունն է, որը հասկանալով` ավելի հեշտ կլինի հաշվարկել այս յուրօրինակ քաղաքակրթության մտադրությունները:
Արեւմուտքի ողջ պատմությունը «օտարների» դեմ խաչակրաց արշավանքների պատմություն է: Դեռ Հռոմում էին ասում. «Հանրապետությունը պատերազմ է»: Հանրապետություն` նշանակում է՝ «ընդհանուր գործ»: Արեւմտյան մշակույթի այս կողմն ուսումնասիրող այսօրվա փիլիսոփաներն ասում են. «Պատերազմը Արեւմուտքի հոգին է»: Եթե նայենք պատմությանը, կտեսնենք, որ դա այդպես է, որ կա: Պատերազմում էին ցանկացած առիթով ու առանց առիթի, հետո աշխարհի կեսին մտցնում իրենց կայսրության մեջ: Քրստոնեություն ընդունելուց հետո սկսեցին երկիրն ազատել հեթանոսներից` այդպիսին համարելով իրենց համար անցանկալի ցանկացած ազգի, ապա զենքի ուժով ու խաբեությամբ զավթեցին Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի ու Ավստրալիայի հողերը` մարդկանց ստրուկ դարձնելով, ամբողջ մայրցամաքների բնակչությանն ու նրանց մշակույթը դուրս մղելով սեփական տարածքներից: Հետո երկու համաշխարհային պատերազմ սանձազերծեցին, որոնց դեմ Թամերլանի դաժանությունները ոչինչ են: Այժմ սկսվել է «ժողովրդավարության» տարածումը:
Ռուսաստանի պատմությունն այդ բոլոր արհավիրքներից պաշտպանվելու պատմություն է: Իսկ այսօր այլ պատերազմներ են եւ այլ տեխնոլոգիաներ: Չհասկանալ դա` նշանակում է՝ Արեւմուտքին նոր «խաչակրաց արշավանք» սկսելու հնարավորություն տալ: Այսօր գիտակցության վրա վերահսկողություն սահմանելու պատերազմ է գնում, եւ պետք է պատրաստ լինել պատերազմելու միանգամայն նոր միջոցներին ու մեթոդներին: Թեեւ սա չի նշանակում, որ միջոցների նախկինում կուտակած պաշարը չի կիրառվելու` սկսած թշնամի երկրներով շրջապատումից, սադրանքներից, լոկալ պատերազմներից ու տեռորիստական ակցիաներից՝ մինչեւ ինֆորմացիոն-հոգեբանական պատերազմներ ու ավելի «մեղմ» մեթոդներ, ինչպես, այսպես կոչված, տնտեսական բարեփոխումներն ու բնական ռեսուրսների նկատմամբ միջազգային վերահսկողություն հաստատելը:
Հարավօսական հակամարտությունը հերթական մասն է Ռուսաստանի դեմ Արեւմուտքի հայտարարած ու չհայտարարված պատերազմների (ինչի մասին անդադար խոսում եւ ինչով պարծենում է Սահակաշվիլին)` երկու տարբեր աշխարհայացքների, ապագայի երկու տարբեր պատկերացումների անհաշտ պայքարում: Արեւմուտքը միշտ փորձել է տարածել իր արժեքները` դրանք իբրեւ ունիվերսալ ներկայացնելով, ձգտել է ողջ աշխարհը ձեւափոխել իր ստանդարտներին համապատասխան, հակառակ Աստծո կամքի` վերացնել մշակույթների ու ժողովուրդների ողջ ծաղկուն բազմազանությունը: Սկզբում դրանք քաղաքակրթության արժեքներն էին ընդդեմ բարբարոսության, հետո` արեւմտաեվրոպական քրիստոնեության արժեքները` այնքան լավ ներկայացված, որ հանուն դրանց հնարավոր դարձան քրիստոնյա Բյուզանդիայի թալանումը, մյուս քրիստոնյա ազգերի հողերը զավթելու փորձերը: Հետո թալանում եւ այրում էին հերետիկոսներին ու վհուկներին` բռնագրավելով նրանց ունեցվածքը, հետո աշխարհով մեկ տարածեցին «լուսավորչության», ինչպես նաեւ՝ «ազատության», «հավասարության» ու «եղբայրության» արժեքները: Դրանց խտացված արտահայտությունը դարձան գիլիոտինը եւ Հիրոսիմայի վրա միջուկային սունկը: Այժմ «ժողովրդավարության» ու «համամարդկային արժեքների» հերթն է: Իսկ «ճգնավորների» այդ շարքի հետեւում հրդեհներ են, Վիետնամի ու Իրաքի, Հարավսլավիայի ու Աֆղանստանի փլատակները, հիմնահատակ ավերված Ցխինվալին, տասնյակ միլիոնավոր զոհեր: Մեր ժամանակներում արեւմտաեվրոպական քրիստոնեությունը շահն ու օգուտը կուռք է դարձրել` այն ներկայացնելով որպես Աստծուն ծառայելու ձեւ: Արժեքների խեղաթյուրված համակարգում կարելի է երկրպագել Աստծուն եւ Մամոնային միաժամանա՛կ: Մարդկությունն ընտրյալների ու մերժվածների բաժանելու բողոքական դոկտրինան Արեւմուտքին յուրահատուկ ազատություն տվեց` «ազատություն» խղճից ու կարեկցանքից, եւ ամենակարեւորը` տվեց անպատժելիության զգացում: Ահա թե որտեղից է գալիս նոր ռուսական օլիգարխների ներքին ատելությունը Դոստոեւսկու նկատմամբ, որը կանխագուշակում էր Ոճիրի համար Պատժի անխուսափելիությունը (գ«գալու է Աստծու դատաստանը..»): Ինչ-որ պահի Արեւմուտքը սկսեց երեւակայել, թե Աստծուց գնել է մեղքերի թողության հրովարտակը, ապա իր մեջ սպանեց Աստծուն:
Ի՞նչ իրադարձություններ Ռուսաստանին բերեցին Արեւմուտքի հետ հակամարտության այսօրվա կրիտիկական կետին: Հիմա արդեն միանգամայն պարզ է, որ հետխորհրդային տարածքում Արեւմուտքը ծրագրել էր Ռուսաստանի շուրջ ստեղծել բազմաթիվ «ժողովրդավարական» հանրապետություններ, որոնք կկառավարվեին դրսից` դրանով իսկ Ռուսաստանին զրկելով պատմական դաշնակիցներից: Նման պայմաններում ուժասպառ կլիներ ցանկացած պետություն: 90-ականների ընթացքում այդ նպատակի իրագործման համար ստեղծվեցին «նարնջագույն հեղափոխությունների» արդյունավետ տեխնոլոգիաները: Այդ հեղափոխությունների միջով անցած Վրաստանը, Ուկրաինան, Ղրղըզստանն ու Հայաստանը հավատացին «ոչ թե Ռուսաստանի, այլ Եվրոպայի հետ» այլընտրանքին: Մի մասն ուրախ է դրա համար, մյուսները` ոչ, սակայն այլընտրանքը սկսեցին հնարավոր համարել: Դրա հետեւում կանգնած է Արեւմուտքի աջակցությունը: Բայց մի՞թե կարելի է նեղանալ նրանցից, եթե արդեն քսան տարի է` ռուսական էլիտան հնարավոր բոլոր ձեւերով ձգտում է դեպի Արեւմուտք, եթե նա արդեն ոչ միայն խոսում, այլեւ մտածում է նորաստեղծ կոմերցիոն անգլերենով, եթե նա արեւմտյան արժեքների կրողն է: Նրանցից գրեթե յուրաքանչյուրը երազում է թեկուզ շատ փոքրիկ, բայց Արեւմուտքի կողմից ընդունված Աբրամովիչ դառնալու, «ընտրյալների» շարքում հայտնվելու մասին (իրենք իրենց նրանք «վիններ» են անվանում): Հիշենք, թե ինչպես, հակառակ անցկացված հանրաքվեների ու ժողովուրդների կամքի` ստորագրվեցին բելովեժսկյան պայմանագրերն ու ոչնչացվեց ԽՍՀՄ-ը: Այժմ Ուկրաինան ու Վրաստանը Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունք ունեցող պետությունների կողմից հովանավորվում են այն պատճառով, որ նրանք մտադիր են մտնելու ՆԱՏՕ-ի կազմի մեջ: Ընդ որում` Ռուսաստանում շարունակում են փառաբանել Ելցինին, որի վերաբերմունքը ՆԱՏՕ-ի նկատմամբ ոչնչով չէր տարբերվում Յուշչենկոյի կամ Սահակաշվիլու դիրքորոշումից: 1991թ. դեկտեմբերի 20-ին ՆԱՏՕ-ի խորհրդին ուղղված իր առաջին իսկ ուղերձում Ելցինը հայտարարեց.«Այսօր մենք դնում ենք Ռուսաստանի` ՆԱՏՕ-ի մեջ մտնելու հարցը, սակայն պատրաստ ենք քննարկելու այն՝ որպես հեռահար քաղաքական նպատակ»:
Ուկրաինայում եւ Վրաստանում նարնջագույն հեղափոխությունների հաջողությունից հետո Արեւմուտքը ծրագրել էր հերթական քայլն անել` Ռուսաստանին գլոբալ գործընթացների մեջ ներքաշելու, նրա բնական ռեսուրսների վրա վերահսկողություն սահմանելու եւ, որ ամենակարեւորն է` նրա արժեքային համակարգը վերաձեւելու ուղղությամբ: Եվ հանկարծ միանգամայն անսպասելի Արեւմուտքը հանդիպեց Պուտինի թիմը դիմադրությանը: Ինչո՞ւ սա տեղի ունեցավ, ինչո՞ւ «հանկարծ» Պուտինը սկսեց դիմադրել, չենթարկվել: Ինչո՞ւ չհամաձայնեց դառնալ արեւմտյան սեփականատերերի վարձու մենեջերը: Միանգամայն հնարավոր է, որ այսօր Պուտինն ինքը չկարողանա պատասխանել այս հարցին: Սակայն դա տեղի ունեցավ, իսկ հետո հարաբերությունները սկսեցին աշխատել որպես բացասական հակադարձ կապերի համակարգ. ինչքան մեծանում էր ճնշումը Ռուսաստանի նախագահի վրա, այնքան համառորեն էր նա դիմադրում: Փորձելով Պուտինին կանգնեցնել փակուղու առջեւ` բանն այնտեղ հասցրին, որ ոչ միայն ստիպեցին նրան մի քանի արտահայտություն անել կիսաբաց տեքստով, այլեւ սկսեցին մտածել Ռուսաստանի գոնե նվազագույն անկախությունը վերականգնելու մասին: Թերեւս հենց այս պատճառով ծնվեց ինքնավար ժողովրդավարության կոնցեպցիան: Ըստ էության` սա առաջին պարզորոշ ազդանշանն էր Արեւմուտքին, որ Ռուսաստանը մտադիր չէ «մի շվվոցով» շարք կանգնելու, որ նա արդարացի աշխարհակարգի մասին իր պատկերացումներն ունի եւ ուզում է ներգրավվել գլոբալիզացիայի գործընթացի մեջ` ԱՄՆ-ի հովանու տակ: Հենց սա բոլորովին վերջերս կայացած մամուլի ասուլիսում հաստատեց Դմիտրի Մեդվեդեւը, երբ խոսում էր Ռուսաստանի արտաքին քաղաքականության հինգ սկզբունքների մասին: Նա հայտարարեց, որ միաբեւեռությունն անընդունելի է, որեւէ մեկի գերիշխանությունը` անթույլատրելի: «Մենք չենք կարող ընդունել աշխարհի նման կարգը, որտեղ բոլոր որոշումներն ընդունվում են մի երկրի կողմից»:
Ինքնավար ժողովրդավարության կոնցեպցիայից հետեւում էր, որ Ռուսաստանը դեռ պատրաստ չէ Արեւմուտքի հետ ուղղակի առճակատման գնալուն, այդ պատճառով դեռեւս ստիպված խաղում է նրա խաղի կանոններով եւ հայտարարում, որ ինքը ժողովրդավարական, բայց միաժամանակ անկախ պետություն է: Սա նշանակում էր, որ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվելու ռեսուրսների վրա իր ինքնուրույնությունից այն կոնցեպցիայի շրջանակներում, որ արեւմտյան երկրները բարձրաձայնել էին դեռեւս բեռլինյան համաժողովի ժամանակ` լուծելու համար 1885թ. արեւադարձային Աֆրիկայի գաղութացման հետ կապված վիճելի հարցերը: Այնտեղ առաջին անգամ հնչեց հայտարարություն, որ եթե երկիրը չի կարողանում արդյունավետ օգտագործել իր բնական ռեսուրսները, ապա դրանք պետք է հանձնվեն միջազգային իրավասությանը: Այդ ժամանակից ի վեր Արեւմուտքը գաղութացված երկրների նկատմամբ իր վարած քաղաքականության մեջ առաջնորդվում էր այդ սկզբունքներով: Այստեղից է գալիս Մադլեն Օլբրայթի հայտնի միտքը, թե «անարդար է, որ Ռուսաստանն այդքան շատ բնական ռեսուրսներ ունի»: Այստեղ կարելի է հիշել մի այլ արեւմտաեվրոպական «մտածողի» խոսքերը. «Ես հպարտ եմ, որ չգիտեմ, թե ինչ է արդարությունը»:
շարունակելի