Փուրթուլի դուքանի պես

02/06/2005 Հակոբ ՄԱՐՏՈՒՆԻ

Արդեն զավեշտի հանգերգով: Ասես` պարապության ծամոն, անհամ անեկդոտ: Եվ
մակաբերումը. Հայաստանին մշակույթ հարկավոր չէ, ուստիեւ՝ ավելորդ են
Մշակույթի նախարարությունն ու նախարարը: Սույնի մասին «ծղրտում» է նաեւ
բյուջետային հատկացումը. ընդամենը ամբողջի 1 տոկոսը: Խաղում ենք երկիր,
խաղում ենք մշակույթ: Դյուրենմաթի պիեսի հանգույն: Մեր իդիլիզմն անցյալն
է՝ 2000 տարվա թատրոն, այլ սնապարծ բաներ: Թերեւս եղել է ժամանակ, որ
պետականազուրկ այս տարածքում մշակույթը փոխարինել է պետությանը: Իսկ
խորհրդայինի համատեքստում, լավ-վատ՝ կար ձեւով ազգային, բովանդակությամբ
սոցիալիստական կուլտուրա: ԽՍՀՄ-ից ժառանգվեց «Պլանը օրենք է, կատարումը՝
պարտք, գերակատարումը՝ պատիվ» կարգախոսը՝ բյուջեն մի կերպ լցնելու համար:
Մոտիկ անցյալում պետությունը զորավիգ էր մշակույթին ու արվեստագետներին:
Կար պատվեր ու պաթոս: Առաջինն ապահովում էր տանելի գոյություն, երկրորդը՝
ստեղծագործական կյանք: Նաեւ՝ խրախուսանք ու տիտղոս, նաեւ՝ արժանապատիվ
հյուրախաղ: Հիմա պատվերի տնազ է, իսկ պաթոսն արտահայտվում է հիմնականում
անդուր շոուով, խառնաժանր ցուցադրանքով: Օտարահունչ եւ ապաշնորհ
կապկումները ցեցի պես ուտում են հայ մարդու առանց այն էլ կարկատած ճաշակը:
Հատկապես երգարվեստի տարատեսակ ժանրերում: Կիսա «րսցւՏՉ» եւ հիմնականում
թեական վոկալիզմով անդեմ-միադեմ «երգիչ – երգչուհիները» հեռուստաեթերից
ազգի հոր կեցվածքով մաղթանք ու դաս են տալիս: «Իմ ժողովուրդ»
համապարտադրող կարգադրականով: Կիսագրագետ ամեն ոք գիրք է հրատարակում, ինչ
դալտոնիկ ասես անհատական ցուցահանդես է բացում, պորտը բաց յուրաքանչյուր
դարձվոր ճռվողելով մենահամերգ է տալիս: «Մշակութաստեղծ» այս
զանգվածայնությունը հանգեցրել է ունիֆիկացիայի: Ճաշակի եւ հայացքների
համահարթեցում է, անհատականության կորուստ: Փուրթուլի դուքան է նաեւ այս
ոլորտում. ծախիր ինչ ուզում ես եւ ինչ գնով կամենում ես: Չկա հայեցակարգ,
մշուշոտ է մշակույթ-պետություն, պետություն-մշակույթ հարաբերությունը:
Պետությունն ասես լքել է՝ ոլորտը թողնելով անտեր: Հարկային օրենքները նման
են դատախազական կոշտ սանկցիաների: Եվ աղքատիկ ֆինանսները շնչահատ
«ռոմանսներ են երգում»: Իրենց գրպանները 7 կողպեքով փակած հայ օլիգարխները
չեն սատարում, հովանավորների ինստիտուտ այդպես էլ չի ստեղծվում: 19-20-րդ
դարերում, երբ չկար պետություն եւ մշակույթի նախարար, արվեստագետներին ըստ
պահանջի ու պատշաճի օգնում էին հայրենի բարերարները:
Այս աղետյալ համապատկերի վրա, «կարկուտը ծեծած տեղի…» նման, պճնամոլի
թաշկինակի պես շուտ-շուտ փոխվող, պաշտոնը պաշտանքի տեղ ընդունող
նախարարներն ու պատասխանատուները՝ ամեն կարգ ու աստիճանի: Հիշյալ
տարիներին փոխվել է վեց նախարար: Սա քաղաքական պաշտոն է. տարփողում է
պետությունը՝ արդեն քաղաքականացնելով ոլորտը: Մի կերպ ընկալեցինք սույն
աննորմալությունը: Բայց եթե նախարարությունը կառավարման մարմնի
գործառույթներ է իրականացնում պետական ապարատի միջոցով, պետք է դառնա
քաղաքական իշխանության առավել կատարյալ ձեւ: Իսկ ի՞նչ է իրականացնում
սույն գերատեսչությունը, նրա ղեկավարը: Կարելի է ասել՝ ոչինչ, թվում է,
խանգարում են հիմնարկներին, մարդկանց՝ նորմալ աշխատել ու դրսեւորվել:
Առաջին նախարարները՝ Պ. Զեյթունցյանը եւ Հ. Մովսեսը, ինտելեկտուալներ էին,
եւ նրանք էլ դարձան անփորձ պետության «քավության նոխազները»: Միջանցիկ
եկավ ու այդպես էլ դեսպան գնաց Ա. Սմբատյանը:
Ապա հաջորդեց հարյուրամյա կուսակցության թանձր երդում կերած Ռ.Շառոյանը:
Հաջորդեց ու երդմնազանցությամբ տեւականորեն մնաց աթոռին: «Հեքիաթասաց»
գրողը կամ մայրաքաղաքում տքնյալ հերկում էր մշակույթի խոպանը՝ իր պիեսիկը
աղքատ բյուջեից թմբլիկ գումարով դեմ անելով Մայր թատրոնին, կամ հայրենի
գյուղում, իր ասելով, «իսկյամբիլ» էր խաղում: Ձեռի հետ «ֆուկ» արեց Օհան
Դուրյանին, Տիգրան Լեւոնյանին, երեւի նաեւ նախանձից, որ նրանք անհատ են,
ինքն ընդամենը՝ անձ: Ծախեց «Փոսի» թատրոնը, պետությունից «գողացավ»
սունդուկյանցիների տպարանը, զավթեց պարարվեստի ուսումնարանի մի հատված եւ
այլ բաներ:
Հետո եկավ «Օրինաց երկրի» ներշնչուն տիկին Թ. Պողոսյանը: Նա հասկացավ, որ
նախ պիտի սովորել, նոր միայն գործել: Սակայն մամուլը տեղի-անտեղի այնքան
«քլնգեց» խեղճ կնոջը, որ տարին շատ համարվեց: Եվ ապա՝ «գործողը»՝
Հ.Հովեյանը: Դեռ չեկած, «փանդիռների հեռուներից» ողջունեց
կոմպոզիտորներին, առաջ քաշեց ձիաբուձության դոփյունալի ծրագիր: Ծեքծեքուն
ելույթներ ունեցավ՝ հարուցելով քրքիջ եւ խղճմտանք: «Փառաբանվեց» նաեւ
կադրային ձախողված փոփոխություններով: Նախարարական «մտախառնվածքը».
հիմնականում փարվում է կարճօրիկ միջոցառումներին: Գոհ իրենից ու աթոռից:
Մեծ մշակույթի, պետական բարձր կազմակերպվածքի երկրներում ապագան կապում են
մշակույթի հետ: Մարդիկ գիտակցում են, որ մշակույթը լոկ սոցիալական
հիշողություն չի ժառանգում, այն ազգի ոգին է, եւ որ դրա զարգացումն է
ապահովում հուսալի ապագա: Այլապես կառաջանա ֆուտուրոշոկ հիվանդություն՝
վախ ապագայի հանդեպ: Եվ, որ մշակութային խաթարումն ավելին է, քան՝
օզոնային շերտի նվազումը, քան՝ նավթային հորանցքի ցամաքումը, քան
էկոլոգիական աղետները: Ավելին՝ մշակույթն ավելին է, քան՝ բանակը: Մեզ
համար՝ առավելաբար: Մանավանդ, որ ձեւով անկախ, բովանդակությամբ խառնափնթոր
արդի մշակույթը մեկուսապաշտ է, չունի ինտեգրատիվ գործառույթ եւ տառապում է
ինքնաբավության սինդրոմով: Այն նույնիսկ կոմունիկատիվ բավարար դեր չունի,
մարդկային շփման կայուն դաշտ:
Մշակույթի նախարարին, մյուս պատասխանատուներին, ասենք՝ փոխնախարար
ընտրելիս (եթե վերջինները կամազուրկ են ու դիլետանտ, ինքնավերածումով
վերածվում են առաջին դեմքի անձնական ապաթարցի) հաշվի պիտի առնվեն
անհրաժեշտ դետերմինանտները: Սոցիալական մակարդակը՝ աշխարհայացքը,
դիրքորոշումը, նպատակը, արժեքները, հոգեբանականը՝ կամքը,
ընդունակությունը, մտածողությունը, բնավորությունը եւ այլն: Նաեւ՝ ճաշակը:
Նաեւ՝ կենսաբանական մակարդակը՝ առողջ – նորմա՞լ է սույն թեկնածուն տվյալ
պաշտոնի համար: Այլապես մշակույթը կվերածվի Բալաբեկի փորձադաշտի,
նախարարներն էլ իրենց գործը միշտ կշփոթեն ֆակուլտատիվ զբաղմունքի հետ: