Կոլորիտային մորաքույրը՝ սփյուռքից

22/09/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանը հայաստանցի է, ով ճակատագրի բերումով՝ դարձել է սփյուռքահայ, եւ հիմա Երեւանում ներկայացում բեմադրելով՝ կարծես փորձում է բացահայտել, թե ինչն է մեզ իրականում բաժանում, թե ինչո՞ւ են եւ՛ կենցաղում, եւ՛ տնտեսվարության մեջ զգացնել տալիս բազմաթիվ տարաձայնությունները։ Ն.Դուրյանի բեմադրությունը ստեղծվել է Թոմաս Բրանդոնի «Մորաքույրը Փարիզից» դասական կատակերգության հիման վրա, սակայն, ինչպես ինքը, բեմադրիչն ու գլխավոր դերակատարն է ասում՝ «պիեսից համարյա բան չի մնացել»։ Զգեստափոխման ու իրավիճակների այդ «մաքուր» պիեսը լցվել է բազում ակնարկներով ու արդիական հարցերով, որոնցից ամենագլխավորը հավերժ հայկական հարցադրումն է՝ ո՞րն է ճիշտը՝ երթա՞լը, թե՞ գնալը, ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ, եւ ո՞րն է ավելի շահեկան նյութական առումով։

Իհարկե, այդ ակնարկները բնավ էլ պլակատային բնույթ չեն կրում, քանի որ թատրոնի մարդ լինելով՝ Նարեկ Դուրյանը գիտե՝ թատրոնը պետք է ոչ թե պատասխաններ տա, այլ՝ հարցեր առաջացնի։ Եվ որքան հնարավոր է` դա պետք է արվի ավելի նրբանկատորեն։ Ե՛վ դրամատուրգիական նյութը, եւ՛ բեմադրության ձեւը հուշում են, որ ներկայացումը պետք է իր հասցեատերն ունենա։ Իսկ դա թերեւս մեր ժամանակակից թատրոնի գլխավոր խնդիրն է։ Ոմանք հետաքրքրությամբ կհետեւեն պիեսի խճճված սյուժեին (այն նույնպես շատ շահեկան է թատերական իմաստով, քանի որ օգտագործվել է «թատրոնը թատրոնի մեջ» սկզբունքը), ոմանք կտեսեն, թե ինչպիսի թեթեւությամբ ու օրգանական են խոսքին միանում երաժշտությունն ու երգը, եւ հաստատ բոլորը կհիանան Նարեկ Դուրյանի սեթեւեթ, խորամանկ, բայց միեւնույն ժամանակ՝ միամիտ մորաքրոջ դերակատարմամբ։ Ներկայացման փորձերին ներկա գտնվելով՝ կարելի էր զգալ, թե որքան բազմաշերտ ու գունեղ է նրա խաղաոճը։ «Շատ գեղեցիկ «նանար» եմ խաղում, Շանելի զգեստներով ու ատրիբուտներով»,- ծիծաղով ասում է նա։ Չնայած ներկայացումը կառուցվում է մորաքրոջ կերպարի շուրջ, այն դերասանական անսամբլային ներկայացում է, որը մտածված ու «ամուր» դրամատուրգիական հիմնավորում ունի։ Ոչ մի սյուժետային պտույտ կամ ակնարկ չի կորում, չի մոռացվում ու, եթե հայտնվում է, ապա անպայման իր շարունակությունն ու զարգացումն է ստանում։

Այդ փաստն, իրոք, շատ կարեւոր է, մանավանդ, երբ փորձում ենք վերջին օրերի պրեմիերան, ըստ Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների արված «Օպերա, օպերա» ներկայացումը վերլուծել։ Այդ ներկայացման մեջ շատ էին լավ դերասաններն ու բարի մտադրությունները, սակայն հենց մանր տրամաբանական սխալների ու ներկայացման թերի կառույցի պատճառով տարբեր դրվագների միջեւ ամրացնող «կեռիկներ» չէին ստեղծվում, ու շատ բան մնում էր «կախված», անսկիզբ ու անավարտ։ Իսկ «Մորաքույրը Փարիզից» ներկայացումը (որքան կարելի է եզրակացնել փորձերի դիտումներից) շատ ամուր տրամաբանություն ունի, որի առկայության դեպքում կարելի է իմպրովիզացիայի տեղ բացել ու համեմել ներկայացումը երգով, պարով ու երաժշտությամբ։ Եվ ոչ երբեք՝ հակառակը։ Դա թատրոնի կարեւոր օրենքներից մեկն է, առանց որի անհասկանալի է, իսկ ինչո՞ւ է այս կամ այն մարդն ընդհանրապես բեմ դուրս եկել։ Ի դեպ՝ «Օպերա, օպերան», ինչպես նաեւ «Մորաքույրը Փարիզից» անտրեպրիզային ներկայացման հովանավորն է Արաբկիրի թաղապետարանը՝ ի դեմս գործող համայնքապետ Հովհաննես Շահինյանի:

Փարիզում ապրող ու ֆրանսիական թատերական կյանքում ինտեգրված Նարեկ Դուրյանը հայացք է նետում մեր այսօրվա կյանքին ոչ թե որպես սոսկ տուրիստ, այլ՝ «ներս ու դուրս» անող մարդ։ Հավասարակշռելու համար ուրախն ու լուրջը, նա դիմել է տարբեր թատերային հնարքների։ «Ներկայացման մեջ, օրինակ, շատ բան աֆեկտիվ է լինելու, միայն ակնարկվելու է այս կամ այն առարկան, որը հայտնվում է դերասանի ձեռքում։ Ես թատրոնն այդպիսին եմ տեսնում, ոչ ակադեմիական»,- ասում է Նարեկ Դուրյանը, ում մասնագիտությունը թույլ է տալիս խոսել, ցույց տալ այն բոլոր գեղեցիկ ու փշոտ կողմերը, որոնցով մենք շրջապատված ենք։ Եվ դրա համար ոչ թե նախատինքի, այլ՝ ծափահարությունների արժանանալ։

– Սփյուռքահայն ու հայաստանցին կարծես իրար դժվարությամբ են հասկանում։ Եվ այդ մասին է քո ներկայացումը, որտեղ երկու տարբեր ֆորմացիաներում մեծացած հայեր փորձում են մրցել միմյանց հետ՝ մորաքրոջ ուշադրությանն արժանանալու համար։ Բայց իրականում նրանք մրցում են հայ կոչվելու համար։

– Ինձ համար դա ցավոտ խնդիր է։ Սփյուռքահայերն անընդհատ ասում են՝ հայաստանցիները մեզ չեն սիրում։ Բայց եկեք ձեռքը սրտին դնենք ու հարցնենք նրանց՝ իսկ դուք հայաստանցիներին սիրո՞ւմ եք։ Այո, հայաստանցիները տեսնում են, որ սփյուռքում հայերը մեծ-մեծ ճառեր են ասում, բայց երբ գալիս են Հայաստան, ստրիպտիզ-ակումբներից դուրս չեն գալիս։ Դա էլ հո իրականություն է։ Բայց մյուս կողմից, չի կարելի նաեւ անընդհատ «ախպար» ասելով՝ քննադատել սփյուռքահայերին։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ ոչ մի դեպքում չեմ ցանկացել դրամատիկ գործ բեմադրել։ Ես ոչ մեղադրում, ոչ էլ սովորեցնում եմ։ Օրինակ, հատուկ եմ ցանկացել, որ իմ ներկայացման մեջ Արցախի բարբառով ասեն՝ քինալու ենք էս երկրից, բայց միեւնույն ժամանակ՝ ասվի. «Քեռիս Լոսից եկել է»։ Այսինքն, գնալու կամ մնալու խնդիրը միշտ էլ կարեւոր է հայերի համար։

– Սակայն նաեւ ասվում է, որ գնացածներից ոչ ոք չի վերադառնում։

– Բայց դա ճիշտ է, եւ առաջինը ես ինձ նկատի ունեմ։ Մենք եթե վերադառնում ենք, ապա միայն հայրենիքում դեպի Մասիսը նայող տուն գնելու ու այդ տունը տարին 12 ամիս փակ պահելու համար։ Կամ էլ` գալիս ենք միայն հայրենի հողում թաղվելու համար։

– Սփյուռքահայի կերպարը մի քանի տասնամյակ Հայաստանում գրեթե նույն կերպ է ընկալվում, այն կարծես անփոփոխ է, իսկ հայաստանցիները փոխվում են։ Ինչպիսի՞ն է այս ներկայացման հայաստանցին։

– Նա կոմունիստ է։ Ճիշտն ասած, կարող էի նրան, ասենք, որեւէ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ դարձնել, բայց չուզեցի, որովհետեւ գերադասեցի հանդիսատեսին մտածելու տեղ թողնել ու հարց տալ՝ ինչո՞ւ։ Ես չցանկացա հայաստանցուն «սերժական» կամ «լեւոնական» ցույց տալ, թող նա հին կոմունիստ լինի։ Եվ հենց այդ հայաստանցուն է սփյուռքահայը ասում. «Ինչ նոր կառավորություն եկավ, դուն քո ջութակը լարեցիր ու նրան երաժշտությունը նվագեցիր»։ Այսինքն՝ ոչ մի բան էլ չի փոխվել:

– Իրո՞ք չի փոխվել։

– Մարդն ամեն տեղ էլ մարդ է մնում։ Բոլորիս մեջ էլ անընդհատ հարցեր են ծագում՝ մնա՞լ, թե՞ գնալ, լա՞վ է, թե՞ վատ է, ամուսնանալ սիրո՞, թե՞ փողի համար։

– Հետաքրքիր է, որ ընտրվել է «Մորաքույրը Փարիզից» պիեսը, որը բացարձակապես զուրկ է սուր հարցադրումներից, այսինքն՝ ժամանակով ստուգված «մաքուր» կատակերգություն է։

– Բացի նրանից, որ ես հրաշալի եմ զգում մորաքրոջ դերում, նման որոշումը շատ հզոր է, քանի որ կարելի է գրոտեսկի ու երգիծանքի միջոցով շատ լուրջ բաների մասին խոսել։ Գրոտեսկն ընդհանրապես ամենազիլ միջոցն է՝ քո ասածը տեղ հասցնելու ու ներվելու համար։

– Ներկայացման փորձը նայելով, կարելի է վստահ լինել, որ հեշտ կորզվող ծիծաղի վրա ամեն բան չի հիմնվելու։

– Ես ամեն ինչ անում եմ, որ այդպես չլինի, շատ զգույշ եմ կառուցում ներկայացումը։ Հասկանում եմ, որ մնացած դերասաններին ավելի դժվար է, քան ինձ, քանի որ կանացի դերը շատ շահեկան է, ինձ հերիք է մի շարժում կամ երկակի մի խոսք ասել, որպեսզի դահլիճում ծիծաղ սկսվի։ Բայց դա չէ իմ նպատակը, ես չեմ ուզում ա լյա՝ հեռուստասերիալ-ներկայացում անել։ Իհարկե, մի քիչ վախ ունեմ, քանի որ ներկայացումը դանակի ծայրով է շարժվում, եւ հանկարծ կարող է շատ հասարակ կոմեդիա դառնալ, ինչը ես չէի ուզենա։ Ասեմ, որ «Մորաքույրը…» երաժշտախառը ներկայացում է լինելու, նույնիսկ մի հատված կհնչի «Սեւիլյան սափրիչը» օպերայից, իսկ մնացած երգերը ես ինքս եմ գրել։ Եվ ինձ հաճելի զարմացրեց այն փաստը, որ դերասանները դժվարությամբ, բայց երգեցին ներկայացման մեջ։ Իսկ ինձ համար շատ կարեւոր է, որ դերասանը բեմում ճկուն ու «ունիվերսալ» լինի, երգի, պարի ու խաղա։

– Մեկ տարի առաջ դերասան Վարդան Պետրոսյանն ասաց, որ նման ֆակտուրայի դերասաններ չլինելու պատճառով, ստիպված է ֆրանսիացիների հրավիրել։ Այդ պրոբլեմը դու չե՞ս ունեցել։

– Այդ պրոբլեմը դարեր շարունակ կա։ Երբ ես 18 տարեկան էի ու սովորում էի Երեւանի Թատերական ինստիտուտում, տեսա Ստուրուայի ներկայացումները, «ծռվեցի», հասկացա, որ հայկական դերասանական դպրոցը միակողմանի է։ Եվ բոլորը դա տեսան, բայց մինչ հիմա քայլեր չեն անում ուսման պրոցեսը փոխելու համար։ Միակ դերասանական կուրսը, որտեղից ունիվերսալ դերասաններ են դուրս գալիս, դա Արմեն Մազմանյանի կուրսն է։ Այդ երեխաներին կարող եմ ասել՝ պարեք, եւ իրենք պարում են, ասում եմ՝ «շպագատ» իջեք, ու նրանք իջնում են։ Ֆրանսիացի դերասանները «շպագատ» իջնելը ոչ պակաս կարեւոր են համարում, քան խոսելը։ Պլաստիկան ու ռիթմիկան դերասանական արվեստի անբաժան մասերն են, պետք չէ դրա մասին մոռանալ։ Դերասանը պետք է կարողանա բեմի վրա երաժշտության տակ քայլել։ Ես համոզված եմ, որ երաժշտական լսողություն չունեցող դերասանը բեմի վրա չի կարողանա ճիշտ շարժվել։ Եվ ես շատ եմ ուրախանում, երբ իմ դերասանները բեմում իրենց ազատ ու անկաշկանդ են պահում։ Դա շատ կարեւոր է։ Ես, օրինակ, շատ եմ բարկանում, երբ ասում են, որ վրացի կամ ֆրանսիացի դերասաններն ավելի լավն են։ Ի՛նչ է` մենք նվազ տաղանդավո՞ր ենք։ Ոչ, շատ տաղանդավոր ենք, պարզապես մեզ մեր մեծամիտ ծուլությունն է խանգարում։ Կարո՞ղ ես մի աշխարհահռչակ վրացու անուն տալ։ Խաչատրյանի, Անրի Վերնոյի, Ազնավուրի կամ Ռուբեն Մամուլյանի նման հայտնի վրացիներ չկան։ Իսկ հայեր կան, ճիշտ կլինի ասել՝ եղել են։ Հարց եմ ուզում տալ, իսկ ինչո՞ւ հիմա մեծ հայեր չեն ծնվում։

– Նայելով այսօրվա հայկական թատրոնին, մտածում ես, որ գուցե մեր թատրոնը ուժեղ օղակ լինել չի՞ կարող։

– Համաձայն չեմ, այդպես չի կարող լինել։

– Այդ ներկայացումից բացի, Երեւանում բեմադրություն արե՞լ էիր։

– 1990-ական թվականների սկզբում Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում «Դոն Կիխոտն» եմ բեմադրել՝ ըստ Միխայիլ Բուլգակովի։ Ղարաբաղյան շարժման տարիներն էին, եւ ես Ղարաբաղյան կոմիտեն հենց որպես Դոն Կիխոտ էի տեսնում, որը չունի ո՛չ ծրագիր, ո՛չ զենք, ո՛չ էլ հնարավորություն, որը միշտ երազում է, Սանչո Պանսան` Սփյուռքն է, որը միշտ Դոն Կիխոտի կողքին է ու հավատում է նրան, բայց ամեն դեպքում հողին «կպած» է, իսկ Դուլսինեան էլ այն Հայաստանն էր, որին մենք սպասում էինք։ Այդպես էի բեմադրել, ու այդ մեկնաբանությունը շատ դուր եկավ Ֆրանսիայի Մշակույթի նախարարությանը, մենք 15 ներկայացում խաղացինք Փարիզում։ Ասեմ, որ բոլոր դերասանները խելագարի պես աշխատում էին, օր ու գիշեր փորձեր էին անում, նույնիսկ քնում էին կուլիսների ետեւում, բայց աշխատանքը ոգեւորում էր նրանց, նրանք եւ՛ երգում, եւ՛ պարում, եւ՛ նվագում էին։ Իսկ հիմա պատկերն այլ է, հիմա շատերը սերիալներում են նկարահանվում, եւ իրենց հարկավոր չէ լրջորեն իրենց վրա աշխատել։ Եվ ես շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ աշխատելու ցանկություն ունեցող դերասանների։

– Իսկ սեփական դերսանական ստուդիա բացել չե՞ս ցանկանում։

– Շատ եմ ուզում: Նման ստուդիա ուզում էի Ստեփանակերտում բացել, բայց, ավաղ, դեռ չի ստացվում։