Մարդիկ, նաեւ` պետությունները չեն սիրում սեփական թուլությունն ու անզորությունն ի ցույց դնել աշխարհին: Հոգեբանորեն նրանք ցանկանում են սեփական աչքերում ավելի խրոխտ, ավելի բարձր ու ավելի անբիծ երեւալ: Սակայն այդ դեպքում էլ ստիպված են լինում ստել: Եվ շատ սարսափելի է, որ որոշ ժամանակ անց իրենք էլ են սկսում սեփական ստերին հավատալ` իրապես մոռանալով անցյալի ոչ փառունակ էջերը: Երբ քողարկվում ու մոռացության է մատնվում անձնական որեւէ դիպված, կարելի է ասել` դե, դա միայն մեկ մարդու գործն է, մեղքն իր վիզը: Սակայն երբ խեղաթյուրվում է մի ողջ պատմական շերտ, ապա կարելի է վստահաբար ասել, որ սխալների այդ շարանը դեռ շարունակվելու է, եւ ապագայում ավելի ու ավելի մեծ սխալների կույտեր են գոյանալու: Նման խոհերի առիթ տվեց Հայաստանի սակավ հաղթանակներից ամենացայտունը` Սարդարապատի հերոսամարտը, որի շուրջ ուսումնասիրություններ է արել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նա իր վավերագրական ֆիլմն անվանել է «Սարդարապատ. deja vu»` ցանկանալով ընդգծել, որ 100 տարի առաջ կատարվածը զարմանալիորեն նման է մեր օրերում ստեղծված իրավիճակին: Մենք կարծես ոչ թե ապրում, այլ` վերհիշում ենք անցածը: «Ֆիլմը ստեղծելու ժամանակ ես եւ՛ հպարտություն, եւ՛ ամոթ զգացի: Կարծես հիմա էլ ոչ մի բան չի փոխվել»,- ասաց նա` ներկայացնելով իր ֆիլմը «Նարեկացի» արվեստի կենտրոնում` փոքրաթիվ հանդիսատեսի առջեւ: Մշակույթի նախարարության պատվերով ստեղծված այդ ֆիլմն ամբողջովին քրոնիկա է: Սակայն այդ քրոնիկային նետած հայացքն է շատ սուր: Մեկնաբանելով դեպքերը` Տ. Խզմալյանն ասաց, որ ֆիլմը պատրաստելիս` «այնպիսի հեռուները, բարձունքներ ու անդունդներ է մտել», որ հասկանալի է, թե ինչու մշակույթը կարգավորելու կոչված գերատեսչությունն իր իսկ կողմից պատվիրված ֆիլմը չի ընդունել: Հեռու գնալը, նույնիսկ` եթե փոքր-ինչ թեքում ես ճանապարհդ` չի ողջունվում: Ողջունվում են միայն կարճն ու կանխատեսելին: Այսինքն` հեշտ վերահսկելին: Իսկ Տ. Խզմալյանն արել է ավելին, քան իրենից սպասում էին, եւ հիմա «պատժվում» է, քանի որ ֆիլմը չի ընդունվել նախարարության կողմից ու հետեւաբար չի ցուցադրվելու, եւ ինքն էլ գումար չի ստանա իր այդ աշխատանքի դիմաց: Այդ բանաձեւը շատ հստակ է աշխատում ցանկացած ոլորտում: Խորհրդային տարիներին այդպիսի ֆիլմերը համարում էին «վտանգավոր հասարակության համար», քանի որ դրանք մտածելու առիթներ էին տալիս, իսկ սեփական կարծիք ունենալն այն ժամանակ չէր խրախուսվում: Չի խրախուսվում նաեւ այսօր: Սխալ կամ ճիշտ կարծիքներ չեն լինում, կարծիքները կամ լինում են, կամ` ոչ: Եվ միայն քննարկման, վերլուծության ու ազատ արտահայտվելու դեպքում են նրանք ձեռք բերում ճշմարիտ համարվելու շանսը: Իսկ երբ չես խոսում, նույնիսկ չես էլ իմանում, որ սխալ ես:
Ի՞նչ գիտենք մենք Սարդարապատի ճակատամարտի մասին: Գրեթե ոչինչ, միայն գիտենք, որ հաղթել ենք ու Հայաստանի մի հատված ենք պահպանել: Գիտենք միայն զանգերի ոգեւորիչ, ռոմանտիկ ղողանջի ու քաջ հայ ժողովրդի մասին, բայց ոչ ավելին:
Փոքր կիսակայարան Սարդարապատում ծավալված գործողությունները Տ. Խզմալյանին հնարավորություն են տվել ոչ միայն փառաբանել հայերի հաղթանակը, այլեւ` հետաքրքրվել, թե ինչո՞ւ այն ոչ թե հայկական ստրատեգիայի տրամաբանական կիզակետն էր, այլ` անտրամաբանական մի հաղթանակ էր, որը կարող էր ավելի վաղ, նաեւ` ավելի վառ լինել: Նաեւ` ինչո՞ւ այն տեղի չունեցավ այլ, ավելի ամուր պաշտպանված հայկական բերդաքաղաքներ Ալեքսանդրապոլում, Կարսում, որոնք թուրք հրոսակներին հանձնվեցին առանց պայքարի: Եվ ամենակարեւորը` ինչո՞ւ է թուրքական զորքին հակահարված հասցնելու որոշումը ոչ թե ռազմական ու քաղաքական վերնախավն ընդունել, այլեւ` այն հասարակ մարդիկ, որոնք համարձակվել են հակառակվել վերնախավի վախվորած ու հարմարվողական դիրքորոշմանը:
«Մեր պետությունը, ինչպեսեւ 90 տարի առաջ, այնպես էլ հիմա կանգնած է նույն խնդրի առջեւ. մեր վերնախավը կամ բացակայում է, կամ այն, ինչը անվանում ենք վերնախավ, չի համապատասխանում օրվա խնդիրներին»,- ասաց ֆիլմի հեղինակը:
Ռեժիսորն ասաց, որ 1976 եւ 1920 թվականներին վերաբերող սենսացիոն նյութեր է պեղել արխիվներից, եւ ինքն էլ է մոլորվել` չիմանալով ինչպե՞ս վարվել դրանց հետ: Նրան մտահոգել է հետեւյալ հարցը. որքանո՞վ է բարոյական ու արդարացված սեփական թուլությունը ցուցադրելը, եւ Հայաստանի ճակատագրի համար պատասխանատու պաշտոնյաներին որպես «անզոր խամաճիկներ», որպես ստվերների թատրոնում օգտագործվող թղթե ֆիգուրներ ներկայացնելը: «Մեր երկիրն այսօր հիվանդ է այն քաղցրավենիքներով ու շաքարաջրով, որոնցով լցված է մեր հեռուստաեթերը, եւ այդ հիվանդությունը բուժելն անհնար է: Մենք միայն փչացնում ենք մեր ստամոքսն ու ատամները: Իսկ դեղորայքը հիմնականում դառն է լինում»,- ասաց նա: Այդ միտքը շատ պոպուլիստական կարող էր թվալ, եթե չհամոզվեինք, որ հեղինակը մեծ ծավալի աշխատանք է կատարել ու ցույց է տվել այն փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնց մասին շատերը տեղյակ չեն: Դրանք կարող են դրդել հասարակությանը` փոքր-ինչ ավելի շատ մտածել ու «հալած յուղի» նման չընդունել պաշտոնական տեսակետները:
Համենայնդեպս, արժե իմանալ, որ ժամանակին նորաթուխ ու անկախ Հայաստանի Հանրապետության կառավարությունն, օրինակ, նամակ է հղել թուրք փաշային` խնդրելով սատար կանգնել անկառավարելի դարձած ու չհարմարվող Անդրանիկ Օզանյանին վերացնելու գործում, քանի որ նա խախտել է հայ-թուրքական համաձայնությունը: Արժե նաեւ իմանալ, թե ինչո՞ւ է հայկական խոշոր զորամասերից մեկի պատասխանատու նշանակվել հայերեն լեզվին չտիրապետող մի հրամանատար, որը պատերազմի թեժ օրերին հայ զինվորներին արձակուրդի է ուղարկել` դրանով իսկ կազմալուծելով հայոց բանակի ոգին: Մինչդեռ հայկական զորքն իր պատրաստվածությամբ ու քանակով գերազանցում էր թուրքական զորքին:
Տխուր հայկական ավանդույթներից է` սեփական կաշին փրկելու համար անտեսել իրականությունը: Ուզենք թե չուզենք` այդպես է: Եվ ուզենք թե չուզենք, միասին ոտքի կանգնելու առիթները միշտ էլ ոչ թե «վերեւից», այլ` «ներքեւից» են ծնվել: Դրանում համոզվելու համար հեռու գնալ պետք չէ: Ընդամենը մեկ դար առաջ կատարվածը դրա ապացույցն է: