Շարժական ինտերնետ

22/09/2008

Հայաստանում շարժական ինտերնետային համակարգչային կենտրոնի ստեղծման աշխատանքներն ընթացքի մեջ են: Արդեն Հայաստան է բերվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան, որի մաքսազերծման աշխատանքներ են իրականացվում: Կենտրոնի ստեղծման աշխատանքներն իրականացնող «Մեդիտեք» ընկերության փոխտնօրեն Սամվել Խաչատրյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ արդեն ձեռք են բերվել 6 համակարգիչներ, ալեհավաքներ: Կենտրոնն իրենից ներկայացնելու է ավտոմեքենա` համապատասխան սրահով` նախատեսված 6 աշակերտի եւ 1 ուսուցչի համար: Այն հագեցած է լինելու ժամանակակից տեխնիկայով եւ ապահովված ինտերնետ կապով: Ավտոմեքենան այցելելու է հանրապետության հեռավոր շրջանների դպրոցներ, որտեղի ուսուցիչների համար էլ կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ: Իսկ աշակերտներն իրենց պարապմունքները կանցկացնեն շարժական համակարգչային կենտրոնում: Ս. Խաչատրյանի խոսքով, այն ունենալու է անհրաժեշտ բոլոր պայմանները` դասընթացները լիարժեք կազմակերպելու համար: Շարժական ինտերնետային համակարգչային կենտրոնի ստեղծման ուղղությամբ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) կազմակերպել է խորհրդակցություններ եւ քննարկումներ` նման աշխատանքների փորձ ունեցող կազմակերպությունների եւ մասնագետների հետ, կազմվել է կենտրոնի տեխնիկական բնութագիրը: ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյանի հավաստմամբ` նոյեմբերի վերջին կավարտվեն աշխատանքները եւ մեկ ամիս շարժական ինտերնետային համակարգչային կենտրոնում փորձնական դասընթացներ կիրականացվեն: Իսկ ավելի համակարգված դասընթացներ կանցկացվեն 2009թ. սկզբից: