Կոմունիստական կոլտնտեսությունների ճանապարհով

02/06/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Եվ Գրողների Միության 14-րդ երկօրյա համագումարը, եւ նոր նախագահի
ընտրություններն անցան պաթետիկ եւ պաշտոնական մթնոլորտում: Արված
աշխատանքի մասին զեկույցները գովասանքի էին արժանի, թվում էր, թե հիանալի
պոեզիա ունենք (ինչի մասին վկայում էր տպագրված պոետների երկար ցուցակը),
փայլուն արձակ, մնում է միայն շտկել թեթեւակի կաղացող գրաքննադատությունը,
թատերագրությունը եւ մանկագրությունը, «վերականգնել ավանդույթները», եւ
ամեն ինչ էլ ավելի լավ կլինի: «Գրողի առաքելության», «եռանդ ու ուժ
չխնայելու» մասին խոսքերը որքան վեհ, այնքան էլ դատարկ բաներ են: Շատերն
էին դա հասկանում եւ այդ համագումարը համարում պարզապես իրար հետ շփվելու,
նորություններ պատմելու, նորություններ իմանալու առիթ: Եվ, իհարկե,
խոսելու: Բառերը շատ էին, ոճը՝ գրեթե նույնը: Խոսելուց հետո պարզ դարձավ,
որ հեղաշրջում, պայքար ու նոր թեկնածություն չի լինելու:

Գրողները բավարարված են

Միության գրեթե բոլոր տարեց ու «կարկառուն» անդամների միակ ցանկությունն
է՝ թողնել ամեն ինչ, ինչպես որ կա: Այդ պատճառով էլ նախագահի թեկնածուն
միակն էր, նույն ինքը՝ գործող նախագահ Լեւոն Անանյանը, ով եւ վերընտրվեց
առանց ավելորդ գլխացավանքի: Իր ելույթում Լ. Անանյանը շնորհակալություն
հայտնեց ոչ միայն իր ընկերներին եւ համախոհներին, այլեւ՝ թշնամիներին,
ովքեր իրեն թույլ չեն տալիս թուլանալ: Թշնամիները լուռ էին, այդ պատճառով
էլ լրագրողների սպասված սկանդալային շղարշը չհյուսվեց: Բանաստեղծուհի
Մարինե Պետրոսյանի հարցադրումը՝ «Ինչո՞ւ են գրվում գրքեր, որոնց մասին
ոչինչ չկա ասելու», թեեւ շատերին էր մտահոգում, սակայն որեւէ արձագանք
չունեցավ: Վերընտրված նախագահ Լեւոն Անանյանի կարծիքով՝ Միության մեծ
ձեռքբերումներից կարելի է համարել տպագրվող գրքերի քանակի կտրուկ աճն ու
Գրողների միության անդամների թվի ավելացումը: Համարելով ԳՄ-ն կենդանի
օրգանիզմ, այլ ոչ թե պանթեոն, նա երեւի թե այն համոզման է, որ քանակը
որակի կվերածվի, եւ շուտով (լավ կլինի, իր պաշտոնավարության օրոք, քանի որ
պաշտոնավարության ժամկետը երկարացվել է ու դարձել ոչ թե 4 տարի, այլ՝ 5
տարի) տպագրվող գրքերը ինչ-որ մարդկանց պետք կգան, այլ ոչ թե անիմաստ
երկար ու ձիգ շարաններով գրախանութներում կմնան, կխունանան, կփտեն ու
կփոշիանան: Մնում է միայն հպարտանալ, որ գրողները չեն վիճում իրար հետ,
չեն ձգտում սկանդալների եւ իշխանության համար կռիվ չեն անում, այլ Սիլվա
Կապուտիկյանի բառերով ասած՝ «շարունակում են սկսածը, այն է՝ վերականգնում
են Գրողների միության դերը երկրի կյանքում»: Ինչո՞ւմն է այդ դերը, եւ ո՞ւր
են գնում. սրանք հռետորական հարցեր են, որոնց պատասխանները նույնպես
հռետորական են՝ դեպի առաջ, դեպի նոր բարձունքների հաղթահարումը: Նորից
հռետորական հարց՝ որո՞նք են այդ բարձունքները:

Գրողները պետք է բավարարված չլինեն

Յուրաքանչյուր գրողի պետք է, որ իրեն կարդան, որ իր գրքի մասին խոսեն,
քննարկեն, սպասեն նոր գրքերի: Որ ճանաչեն: Քանի՞ հայ ժամանակակից գրողի
անուն կարող է մտաբերել հայաստանցին, ում գրքերը կարդացել է: Հաստատ ոչ
տասնյակից ավելի: Իսկ Գրողների միության 350 անդամների անուն-ազգանունների
մեծամասնությունը ոչինչ չի ասում: Ահռելի այս կառույցն իր հարկի տակ է
հավաքել տարբեր տարիքի, տաղանդի եւ հայացքների տեր մարդկանց եւ գլխաքանակի
ու հաշվետվության մասին զեկուցում է հասարակությանը: «Գրողների միությունը
մնացել է տոտալիտար կառույց՝ իր համայնավարական սկզբունքներով»,- ասաց
արձակագիր Լեւոն Խեչոյանը, ով Լ. Անանյանի թեկնածությանը միակ դեմ
քվեարկողն էր: Նա էլ երեւի թե լավ հասկանում էր, որ դեմ լինելը ոչինչ չի
փոխի, նույնիսկ մեկ ուրիշ նախագահ ընտրելն էլ այլընտրանք չէ: Սակայն իր
«դեմ» ձայնով նա ընտրությունը «փրկեց» «միաձայն» արձանագրվելուց: Իսկ դա
արդեն բազմաձայնության սկիզբն է: «Ցանկացողները պետք է կարողանան դուրս
գալ հին Գրողների միությունից եւ որեւէ գրական ուղղության, սկզբունքի,
նորարարության շուրջ իրենց պատկերացրած նոր անկախ գրողների
ընկերություններ ստեղծեն, այն էլ՝ մի քանիսը»,- ասաց Լ. Խեչոյանը: Մի քանի
միություն ունենալը դժվար չէ, եթե գրողների որեւէ մի խումբ որոշի, որ
իրենք նույն ցանկություններն ու նպատակներն ունեն եւ այդ նպատակները
ստեղծագործական են: Լ. Խեչոյանի առաջարկը «ԳՄ-ի տնտեսության բաժանումն է
մի քանի ընկերությունների միջեւ», որպեսզի «պնդաջիլ մրցակցության»
պայմաններում գրականությունը կարողանա ծաղկել: «Հանդգնություն պետք է
ունենանք կեղեւից դուրս գալու համար… վկայություն տանք, որ մեր
գեղարվեստական ներսը հետաքրքիր է աշխարհի համար»,- սա էր փորձում ասել
ԳՄ-ի միակ դեմ քվեարկող անդամը: Գուցե նոր ընկերություն-միությունները
ԳՄ-ի 220.000 դոլարանոց ֆոնդը, մի քանի օրվա անվճար հանգստանալու
հնարավորությունը ու սեփական պոլիկլինիկան չունենան, բայց կարողանան
ինչ-ոչ բան տեղաշարժել եւ կոլտնտեսական գրելաոճին ու մտածելակերպին թարմ
մոտեցում հակադրել: