Պայքարը տեղափոխվում է կենտրոն

22/09/2008

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից եւ մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո երեկ Մատենադարանին հարող հրապարակում տեղի ունեցավ Հայ Ազգային կոնգրեսի, իշխանությունների ձեւակերպմամբ` «արտոնված» առաջին հանրահավաքը: Դրան մասնակցում էին եւ ելույթ ունեցան ընդդիմադիր գրեթե բոլոր քաղաքական ուժերի առաջնորդները, իսկ հանրահավաքը եզրափակվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերջին իրադարձություններին վերաբերող ծավալուն ելույթով: Նա հայտարարեց, որ պայքարը շարունակվելու է, սակայն բացառապես օրենքի շրջանակներում, իսկ իշխանությունների բոլոր փորձերը` ընդդիմությանը ներքաշել օրենքից դուրս հարթություն, դատապարտված են: Հենց այդ հիմնավորմամբ, հանրահավաքից հետո երթ տեղի չունեցավ: Ընդդիմության գրեթե բոլոր առաջնորդներն իրենց երեկվա ելույթներում անդրադարձան սեպտեմբերի 28-ին կայանալիք Երեւանի Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններին` հայտարարելով, որ այդ ընտրություններում ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հաղթանակը լինելու է համաժողովրդական պայքարի հաղթանակի կարեւոր գրավականը: Ի դեպ, հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հենց Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրությունների նախօրեին` սեպտեմբերի 26-ին: