Երեկ Թբիլիսիում մեկնարկել է ՆԱՏՕ-ի խորհրդի արտագնա նիստը, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերը եւ դաշինքի անդամ 26 երկրների ներկայացուցիչները: Նիստի օրակարգում են ՆԱՏՕ-Վրաստան հետագա համագործակցության եւ Վրաստանին օգնություն ցուցաբերելու հարցերը: Հիշեցնենք, որ Յաապ դե Հոոպ Սհեֆերն օրերս վրացական «Ռուսթավի-2» հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է, որ ՆԱՏՕ-ի մասնագետներն այժմ Վրաստանում ուսումնասիրում են Ռուսաստանի գործողությունների հետեւանքով այս երկրին եւ նրա ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասը` դրանք վերականգնելու համար ձեռնարկվելիք հետագա քայլերը ճշտելու նպատակով: «ՆԱՏՕ-ի դաշնակիցներն այս նիստի շրջանակներում քննարկելու են, թե ինչպես կարող է դաշինքն օգնել վրացական զինված ուժերին: Դա կարող է լինել օգնություն պաշտպանության բնագավառում, կարող է լինել օժանդակություն քաղաքացիներին: ՆԱՏՕ-ն նաեւ կարող է Վրաստանին տվյալներ տրամադրել, որոնք արձանագրվել են դաշինքի ռադարային համակարգերի միջոցով»,- ասել է Սհեֆերը: ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի վրա ռուս-վրացական հակամարտության ազդեցությանը եւ Վրաստանին անդամակցության գործողությունների ծրագրի տրամադրման հնարավոր ժամկետներին վերաբերող հարցին դաշինքի գլխավոր քարտուղարը պատասխանել է. «Ժամկետները կախված կլինեն այն գնահատականից, թե ինչպես է նա իրականացնում իր պարտավորությունները: Ես չեմ կարող ասել, թե երբ Վրաստանը կանդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին, բայց նա կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»: Յաապ դե Հոոպ Սհեֆերը հայտարարել է նաեւ, որ դաշինքը չի ձգտում «սառը պատերազմի» եւ «չի փակում Ռուսաստանի հետ համագործակցության դռները»: Այնուհանդերձ, Ռուսաստանի իշխանությունները Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագիր տրամադրելու եւ հետագայում նրան դաշինքի կազմում ընդգրկելու հեռանկարը որակում են որպես իրավիճակի ապակայունացմանը նպաստող գործոն: «Եթե խոսենք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին` դա ակնհայտորեն դառնալու է շատ լուրջ ապակայունացնող գործոն ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Կովկասի տարածաշրջանի համար»,- օտարերկրյա լրատվամիջոցներին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: