«Չի անցնում», չի նշանակում՝ գրանցված չէ»,- ասում է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը

22/09/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Սեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ասուլիսում հրապարակել էր մի փաստաթուղթ, որտեղ գրված էր. «Քոչարյան Ռոբերտ Սեդրակի, 1954 թվականին ծնված, չի անցնում»: Փաստաթուղթը Հասցեների հանրապետական բյուրոյի պատասխանն է եղել Փաստաբանական կոլեգիայի այն հարցին, թե 1997թ. փետրվարի 18-ին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանում գրանցվա՞ծ է եղել, թե՞ ոչ: Իսկ այս պատասխանը ենթադրում է, որ չի եղել: Այս հարցը վերջին 10 տարիներին դարձել է ՀՀ քաղաքական շրջանակների վեճի առարկան: ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի համաձայն՝ «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»: Մինչդեռ Ռ. Քոչարյանը Հայաստան է եկել եւ դարձել ՀՀ վարչապետ 1997թ.` թողնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնը, իսկ 1998թ. դարձել է ՀՀ նախագահ: Այսինքն` միաժամանակ չէր կարող լինել ԼՂՀ նախագահ եւ ՀՀ քաղաքացի կամ մշտական բնակվող: Սակայն Ռ. Քոչարյանը 1998թ. ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցելու համար ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչությունից ստացել է տեղեկանք, որի համաձայն՝ վերջին 10 տարիներին եղել է ՀՀ քաղաքացի: Եթե այս տեղեկատվությունը ճիշտ է, ուրեմն պարոն Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ է եղել` խախտելով այդ երկրի Սահմանադրությունը: Երկու դեպքում էլ Քոչարյանը Սահմանադրություն է խախտել, որովհետեւ միաժամանակ չէր կարող լինել այդ երկու երկրների քաղաքացի: Հայտնի է, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն առանձին պետություններ են՝ առանձին Սահմանադրություններով, օրենքներով, բանակներով եւ պետությանը բնորոշ բոլոր խորհրդանիշերով: Եվ ահա այս 10 տարիներին շրջանառվող խոսակցությունը, թե Ռ. Քոչարյանն անօրինական է դարձել ՀՀ նախագահ, գալիս է ապացուցելու Հասցեների բյուրոյի վերը նշված պատասխանը: Տեղեկացնենք, որ Հասցեների բյուրոն գտնվում է նույն այդ տեղեկանքը տվող Անձնագրերի վարչության ենթակայության տակ: Այսինքն` նույն հիմնարկն իր այս պատասխանով հերքում է նախկինում` իր իսկ կողմից 10 տարի առաջ տված տեղեկանքը: Բոլոր դեպքերում մենք փորձեցինք 1997թ. Ռ. Քոչարյանի` ՀՀ քաղաքացի լինելու հարցը մեկ անգամ էլ պարզել ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանից: Նախարարը մեզ հետ զրույցում փորձեց հնարավորինս շրջանցել հարցի բուն իմաստը: «Գրանցումը խորհրդային ինստիտուտ է եւ խորհրդային լինելով` շարունակեց գործել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք: Երեւի թե Լ.Տեր-Պետրոսյանը մտածում է, թե այդ ինստիտուտը շարունակում էր գործել նաեւ իրենից հետո: Ոչ, այդ ինստիտուտը որեւէ երկրում ու մեր երկրում չի գործում: «Չի անցնում», դա չի նշանակում, թե գրանցված չէ: Եվ չի էլ կարող գրանցված լինել, որովհետեւ անձինք հիմա ոչ թե գրանցվում են, այլ հաշվառման են վերցվում»,- ասաց Գ. Դանիելյանը:

Պարոն Դանիելյանը, սակայն, չհիշեց, որ իրավական ակտերում «գրանցում» բառը «հաշվառում»-ով է փոխարինվել 1992թ. սեպտեմբերից, երբ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց անձնագրային համակարգի կանոնադրությունը: Իսկ այդ ժամանակ ՀՀ նախագահը Լ.Տեր-Պետրոսյանն էր: Պարոն Դանիելյանը մեջբերված խոսքում եւ դրանից անմիջապես հետո հերքեց իր ասածը եւ խճճեց «գրանցում», «հաշվառում», «անցնել» բառերի իրավական իմաստը: «Չի անցնում, այսինքն՝ որպես գրանցված մարդ գոյություն չունի, որեւէ մեկը չի գրանցված»,- ավելացրեց ՀՀ արդարադատության նախարարը: «Ժամանակին երբ այս հարցը նորից քննարկման առարկա դարձավ, եւ Դատախազությունն էր զբաղվում դրանով, որովհետեւ դա որպես ընտրական իրավունքի խախտում էր ներկայացվում, ես առնչվել եմ դրան: Մենք ժամանակին նույնպես հարցում ենք ներկայացրել նույն այդ Հասցեների բյուրոյին, ու կարծեմ Անձնագրերի եւ վիզաների վարչության պետն էր տիկին Ալվինա Զաքարյանը: Պաշտոնական պատասխան ստացանք, որ Ռ. Քոչարյանը մշտական բնակություն ունի եւ կանգնած է հաշվառման մեջ»,- նորից ավելացրեց արդարադատության նախարարը: Փորձեցինք «գրանցում»-«հաշվառում» տերմինների գործածության շրջանակներն ու նշանակությունը ճշտել նաեւ փաստաբաններից: Փաստաբան Հայկ Ալումյանը մեզ ասաց, թե հատկապես հարցումներում, նաեւ բանավոր խոսքի մեջ «գրանցում» բառը շատ հաճախ է կիրառվում: «Անձնագրերի եւ վիզաների Հասցեների բյուրոն հաշվառման մասին ունի ստանդարտ տեղեկանքներ, թե քաղաքացին որ թվականից` որ հասցեում է հաշվառված, կամ որ թվականից է դուրս եկել հաշվառումից: Բայց ես այսպիսի օրինաչափություն գիտեմ, որ դիմում են հին տերմինով, թե՝ գրանցման մասին տեղեկություններ տվեք: Եվ տալիս են հաշվառման մասին տեղեկանք: Եթե տեսնում են «գրանցում» բառը, հասկանում են, որ խոսքը գնում է հաշվառման մասին: Համենայնդեպս, եթե տեղեկանք է տված քաղաքացու բնակության վայրի կամ բնակության վայրի բացակայության մասին Հայաստանի տարածքում, Հասցեների բյուրոյի տեղեկանքը, վերնագիրը ինչ էլ ուզում է դնենք, դա հաշվառման բացակայության մասին տեղեկանք է»,- մեկնաբանեց Հ. Ալումյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռ. Քոչարյանի ՀՀ Քաղաքացի լինելու հարցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հարցով էր պատասխանել` «Այս հարցին հստակ պատասխանելու համար պետք է պատասխանել հետեւյալ հարցին` Ղարաբաղում բնակվելը դիտարկվե՞լ կամ դիտարկվո՞ւմ է որպես Հայաստանում բնակվող»: