– Տիկին Նավասարդյան, սեպտեմբերի 9-ին Ձեր մենահամերգն էր: Նվագացանկում Մոցարտի, Շոպենի, Շումանի գործերն էին: Ըստ Ձեզ՝ ո՞րն է այսօ՛ր դասական երաժշտության նպատակը: Մարդիկ լսում են այն, սակայն ամեն կարգի փոխհարաբերություններում շարունակում են գերակա մնալ ցածր կրքերը: Ստացվում է՝ արվեստը մնում է միայն փոքր խումբ մարդկանց շնորհը:
– Արվեստն ունի իր առաքելությունը, որն է` կյանքի գունավոր անդրադարձը: Ի վերջո, արվեստն ինքնին խաբկանք է: Կյանքն, ըստ իս, գրաֆիկա է՝ սեւ-սպիտակ: Արվեստը ծնվել է մարդու այդ պահանջից՝ գունավորել սեւ-սպիտակ կյանքը: Այսինքն՝ լրացնել այն մասը, ինչն իրեն չի բավականացնում կյանքում: Եթե ասում եք՝ այն մնում է փոքր խումբ մարդկանց շնորհը, գուցե այդպես էլ կա, քանի որ արվեստ հասկանալը պահանջում է պատրաստվածություն: Կարող եմ նաեւ վստահ ասել, որ եթե մեկը փորձում է առաջին անգամ հաղորդակցվել արվեստին, առաջին տպավորությունը պետք է լինի շշմեցուցիչ, պետք է լսի կամ տեսնի մի շատ մեծ արվեստագետի: Միջակ արվեստագետների մատուցած արվեստը մնում է կրթության, գիտելիքի մակարդակի վրա, բայց իսկական արվեստին առնչվելիս ես լաց եմ լինում, կոկորդս սեղմվում է:
– Ասացեք խնդրեմ, Ձեզ համար ո՞վ է եղել այն առաջին լավագույնը:
– Ունեինք «Ռիգա» ռադիոընդունիչ, հաղորդում էին Շոպենի առաջին բալլադը: Չգիտեմ անգամ՝ ով էր կատարում: Փոքր էի: Պատահաբար լսեցի եւ միանգամից զմայլվեցի:
– Այդուհանդերձ, երաժշտությամբ զբաղվելու մեծ ցանկություն, գիտեմ, չեք ունեցել:
– Երաժշտության ոլորտը մորս ընտրությունն էր, ես բացարձակ կապ չունեմ: Եղել եմ շատ ծույլ, բացարձակ չեմ պարապել եւ ստանդարտ որեւէ ստերեոտիպների մեջ չեմ տեղավորվում:
– Այսինքն՝ եթե չլիներ Ձեր մոր ստիպողականությունը…
– Չէր լինի ոչինչ…
– Կա՞ն ստեղծագործություններ, որոնք Ձեզ համար բարդ են՝ կատարելու իմաստով:
– Այո, դուք շատ չափազանցված կարծիք ունեք իմ մասին:
– Հարցը տրիվիալ է, բայց Ձեր դեպքում հետաքրքիր է իմանալ՝ ո՞ր կոմպոզիտորի գործերն եք առավել հաճույքով կատարում:
– Նախապատվությունը տալիս եմ մեղեդային ստեղծագործություններին: Իսկ ամենից հաճույքով կատարում եմ Շոպեն: Թեեւ նրան շատ ուշ եմ անդրադարձել: Ապշած եմ նրա երաժշտության մեջ հնչող լռությունից: Ամենից գեղեցիկ, խորհրդավոր լռությունը Շոպենի երաժշտության մեջ է: Ծնողներիս կորստից հետո ինչ-որ մի բան համահունչ եղավգ Շոպենը եզակի է, դաշնամուրին այդչափ սիրահարված մեկը չկա: Կա Շուման, ի վերջո, շատերը կան, բայց դաշնամուրի հոգին հնչեցնողը Շոպենն է:
– Խոսեցիք մեղեդայնության մասին, սակայն 20-րդ եւ 21-րդ դարերին բնորոշ է արտահայտչաձեւերի ավելի պարզ, լակոնիկ ոճը: Կոմպոզիտոր Ջոն Քեյջն ունի գործ. դաշնակահարը տասը րոպե լուռ նստում է դաշնամուրի առաջ եւ հեռանում: Հնարավո՞ր է, որ լակոնիզմը երաժշտությունը տանի դեպի նախնական վիճակ՝ լռություն:
– Եկեք միանգամից տարբերենք՝ Քեյջը երաժշտություն չէ, ուզում է լինի 20 կամ 21-րդ դար: Լակոնիզմը բնորոշ է 20-րդ դարին, բայց բնորոշ էր նաեւ դասական արվեստին: Ենթադրում եմ, որ կոնտեքստի խնդիր է. լակոնիզմը ենթադրում է կոնտեքստային ավելի մեծ դաշտ: Առաջ է գալիս նաեւ ձեւի ու բովանդակության խնդիր: Օրինակ՝ ռոմանտիկներին շատ նեղ թվաց դասականների ձեւը, եւ նրանք, ըստ էության, քանդեցին ձեւը եւ հայտարարեցին ազատ բովանդակության, ազատ ոճի ֆորմաներ՝ պոեմներ, ռապսոդիաներ եւ այլն: Երաժշտությունը ռոմանտիկ հասկացություն է Օրփեոսի ժամանակներից, երբ նա սրինգը վերցրեց իր ձեռքը: Իսկ Քեյջի դեպքում երաժշտությունը դադարում է գոյություն ունենալ: 20-րդ դարում ստեղծվել են դասական հոյակապ գործեր՝ նոր հնչողությամբ, նոր լեզվով գրված: Ես այդ գործերը չեմ կատարում, քանի որ իմը չեն:
– Հիշում եմ Ձեր մի հարցազրույցը, ուր պատմում էիք հուշերը Ռիխտերի մասին: Հետաքրքիր է, շփվելով այդպիսի մեծ արվեստագետների հետ, մեր ժամանակները Ձեզ ձանձրալի չե՞ն թվում:
– Իհարկե՝ ոչ: Մի քիչ շեղվեմ՝ վերջերս եղա Փարիզում՝ Սանտե Ստաժ եկեղեցում (10-11-րդ դար). այնտեղ թաղված է Մոցարտի մայրը: Կարդալով՝ «Աննա Մարիա Մոցարտ», ինձ մի պահ թվաց, որ զգացի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտին՝ որպես մահկանացու, թե ինչպես է նա տարել իր մոր կորուստը: Ոչ մի հանճարի ոչինչ չի շրջանցում: Բոլորն էլ անցնում են նույն ճանապարհով: Ուղղակի եթե մեծ է, նրան տրված է ընդհանրացնելու կարողությունը:
– Եվ այդ կարողությո՞ւնն է գուցե պատճառ դառնում, որ նրանք ունենում են ոչ ստանդարտ եւ բարդ ճակատագիր։ Նրանց մի մասը կյանքին վերջ է տալիս ինքնասպանությամբ, ինչպես, ասենք, Չայկովսկին, անձնական կյանքում դժբախտ են լինում, ինչպես Բեթհովենը եւ, ի վերջո, շատ երիտասարդ են հեռանում կյանքից, ինչպես Մոցարտը:
– Ցավոք, այդպես է: Հիմա ես Արթյուր Ռեմբո եմ կարդում: Որքան տառապալից կյանք է ունեցել այդ երիտասարդը եւ որքան երիտասարդ է հրաժեշտ տվել կյանքին: Սալյերին: Որքա՜ն տառապեց ողջ կյանքում: Ինչպես Բեթհովենն է գրում, իր ուսուցիչը (Սալյերին Բեթհովենի ուսուցիչն էր) ի վիճակի չէր թունավորել Մոցարտին, եւ հարց է՝ ինչո՞ւ հոգեբուժարանում հայտնվեց Սալյերին՝ Մոցարտին թունավորելու մեղքի զգացումի՞ց, թե՞, այնուամենայնիվ, կեղծ մեղադրանքի ծանր բեռից: Հանճարեղությունը այն է, երբ Աստված արվեստագետին տալիս է ավելի մեծ շնորհ, քան ինքն է կարծում, երբ նրա ստեղծագործությունն ունի դարերով նորովի ընկալվելու ռեսուրս:
– Շատ կոմպոզիտորների գործերում կա անդրադարձ նաեւ քաղաքական իրավիճակներին: Ասենք, Շոստակովիչի Լենինգրադյան սիմֆոնիան:
– Շոստակովիչի այդ գործը ոչ թե քաղաքական, այլ էմոցիոնալ դաշտում է գրված:
– Այդ դեպքում, Բեթհովենի երրորդ սիմֆոնիան՝ նվիրված Նապոլեոնին, հետո «Հերոսական» վերանվանված:
– Նույնն էլ Բեթհովենը: Արտիստական ոգեւորություն է եղել: Ընդամենը: Երկրպագել ուժի առաջ…
– Դուք ինքներդ հետաքրքրվում եք քաղաքականությամբ:
– Բացարձա՛կ:
– Վրաստանում, Հարավային Օսեթիայում պատերազմական գործողություններ էին, դրանք մտահոգո՞ւմ են Ձեզ:
– Կարող եմ պարզապես կարեկցել. մարդիկ այդպիսի կորուստներ են ունենում, ինչպե՞ս կարող ես անտարբեր լինել: Սա 21-րդ դարն է, այս բարբարոսությունը հետամնացություն է: Բռնի կերպով շատ բան պահել չես կարող, դիալեկտիկ ձեւով հասունանում են ինչ-որ բաներ, որոնք պետք է պոռթկան եւ պայթեն:
– Շատ հայտնի արտիստներ, որպիսիք են, ասենք, Յուրի Բաշմետը, Մոնսերատ Կաբալյեն, ժամանակին՝ Պավարոտտին, հանդես են գալիս էստրադային ժանրի արտիստների հետ:
– Ես դա, ճիշտն ասած, չեմ հասկանում: Արվեստը բոլոր պարագաներում, անպայման էլիտար է: Ինքն, անշուշտ, կրթվածության աստիճան է պահանջում: Ձեր ասածը մոդայիկ երեւույթ է: Խնդիրն այսպիսին է՝ կա՛մ արվեստը պետք է հասարակությանը բարձրացնի իր հասկացողության մակարդակին, կա՛մ պիտի իջնի, դառնա մատչելի: Այս գայթակղությունը եղել է բոլոր ժամանակներում: Անգամ լուրջ կոմպոզիտորները գրել են ավելի պարզ գործեր: Հիմա, կատարողն ուզում է ուշադրություն դեպի ի՞նքը, թե՞ դեպի արվեստը: Այս պարագայում իրեն հետաքրքրում է իր անունը, իսկ առաքելությունը կողքի է դրվում: Մեծ արվեստն այլ խնդիրներ ունի, եւ իր ճանապարհը դեպի ունկնդիրն ուրիշ է: Ընդունում եմ, թող լինի, բայց դա արվեստի եւ արվեստի խնդիրների հետ կապ չունի: Եթե արտիստն ուզում է սեթեւեթել, ավելի մատչելի լեզվով խոսել, դա իր խնդիրն է, բայց նույն Մոնսերատ Կաբալյեն դա չէր անում, երբ մեծություն էր:
– Արվեստ չէ՞, երբ Բաշմետը նվագում է Բեթհովենի «Լուսնի սոնատը», եւ նրա կատարմանը զուգահեռ՝ Դոլինան երգում էր «Բիթըլզի» «Yesterday» երգը: Ընդ որում, այնքան ներդաշնակ էր:
– Գիտեք, գուցե գեղեցիկ է, բայց դա արդեն «Լուսնի սոնատը» չէ: Կա հայտնի երգչախումբ, որը հոյակապ կատարում է Բախի գործերը, բայց դա Բախ չէ:
– Դուք լսում եք միայն դասակա՞ն երաժշություն, թե՞, ասենք, նաեւ ռոք:
– Չէ, հիմա ռոք չեմ լսում, բայց մնացած բաները՝ սիրով, ինչո՞ւ ոչ: Ամեն բան պետք է լինի՝ հակադրելու համար գոնե: Պատկերացնո՞ւմ եք, բոլորը լինեին բարի, ապա ո՞րը պիտի լիներ բարին այդ ժամանակ:
– Ժամանակ ունենո՞ւմ եք ընթերցելու:
– Շատ բան եմ ընթերցել, բայց արդեն բավական հեռու է դրված 19-րդ դարի գրականությունը: Ես ինձ համարում եմ 20-րդ դարի մարդ, շատ երջանիկ եմ, որ ծնվել եմ ճիշտ այդ շրջանում: Խոնարհվում եմ այդ դարի առջեւ՝ իր դժվարություններով, հակասություններով, հեղափոխական գաղափարներով հանդերձ:
– Իսկ 21-րդ դա՞րը, իսկ մեր Հյուսիսային պողոտա՞ն է: Ի դեպ, այն Ձեզ դո՞ւր է գալիս:
– Չեմ սիրում Հյուսիսային պողոտան. խիստ հյուսիսային է: Դա սառը կառույց է, որի կողքին մարդը լրիվ վերանում է, ոչնչանում է: Թվում է՝ շնչելու օդ չկա: Դա մի ճարտարապետություն է, երբ արեւը չի կարողանում երկու շենքի արանքից դուրս նայել:
– Մի առիթով ասացիք, որ կյանքում մաժորային եք, սակայն նշեցիք նաեւ, որ գոնե մեկ անգամ կորուստ ունենալուց հետո կյանքի գույները երկուսն են երեւում՝ սեւն ու սպիտակը: Այդ դեպքում, ստացվում է, որ կյանքը մինորային է:
– Գիտե՞ք, որ սեւ գույնն ավելի սազում է երիտասարդներին, քան տարեցներին: Տարեցներին փորձում են սեւ հագցնել, բայց պետք է լինի հակառակը: Գույները մեծության, տարիքի հետ ոչ թե մգանում են, այլ բացվում: Մարդ դառնում է ավելի իմաստուն, նրան երջանիկ լինելու համար շատ ավելի քիչ բան է հարկավոր լինում, քան երիտասարդներին, քանի որ նա ի զորու է հասկանալու, որ, այո՛, կան բաներ՝ առանց որոնց մարդը չի կարող ապրել, բայց դրանք այդքան էլ շատ չեն: Եվ սա նաեւ ավելորդ հավաքած ծանրությունը թոթափելու միջոց է, երբ ապրելու ֆորմուլն ավելի պարզ է դառնում, բայց ոչ պարզունակ: Եթե իր կյանքի առաջին կեսին մարդը փորձում է գտնել տարբերությունները, ապա հասուն տարիքում՝ նմանությունը, ներդաշնակությունը:
– Կյանքի, գոյության իմաստը փնտրում են բոլորը: Դուք նման հարցերի պատասխաններ ունե՞ք:
– Ինձ նման հարցեր շատ ավելի վաղ էին հետաքրքրում, քան հիմա: Հիմա ես ավելի շատ ուզում եմ ապրել, ըմբոշխնել կյանքը: Երեւի ամենամեծ փիլիսոփայությունը սա է: Կյանքը պետք է լիարժեք ապրել: Իսկ կյանքի շուրջ երկար խորհրդածել, նշանակում է՝ այն ապրել դիտորդի դերում: Կյանք ապրել՝ նշանակում է` սխալների շղթա, եւ եթե մարդը թույլ չի տալիս սխալների շղթա, երեւի սխալ է ապրել կյանքը: