Մեր թերթի նախորդ համարում տպագրված` «Ես մեր նախագահին սիրում եմ, բայց ինքը մեզ չի սիրում» հրապարակմանն արձագանքել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
Հիշեցնենք, որ նյութն Ալվարդ Կարապետյանի բազմանդամ ընտանիքի մասին էր, որն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։ 8 հոգանոց ընտանիքի երեք անդամները ծանր հաշմանդամներ են եւ գտնվում են աննկարագրելի անպաշտպան վիճակում: Հրապարակման մեջ նշել էինք, որ այս ընտանիքն ընտանեկան նպաստից նախկինում օգտվել է, սակայն Ա. Կարապետյանի աշխատանքի ընդունվելու հանգամանքն առիթ է հանդիսացել, որպեսզի թշվառության մեջ ապրող այս մարդկանց զրկեն նպաստից: Ինչեւէ, հրապարակմանն անմիջապես հաջորդեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատասխանը, որը ներկայացնում ենք ստորեւ, եւ, որն, ի դեպ, հաստատում է Ա. Կարապետյանի ներկայացրած փաստարկները, հետեւաբար վկայում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի անկատարությունը: Խոսքն այն մասին է, որ սոցիալապես ծանր պայմաններում ապրող այս ընտանիքը ստիպված է վեց ամիս սպասել, որպեսզի համապատասխան մարմինները նրանց փաստագրեն ընտանեկան նպաստառուների ցանկում: Իսկ թե այդ ընտանիքն այդ վեց ամիսների ընթացքում ինչպես կգոյատեւի` որեւէ մեկին չի հետաքրքրում: «Երեւան քաղաքի Յ. Լեփսիուսի 19 շենք, բն. 6 հասցեի բնակչուհի Գյուլում Ռուբենի Պողոսյանի (ծնվ. 01.07.1927թ.) ընտանիքը յոթ անձով հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (ՍԱ 531348) եւ մինչեւ 2008թ. հունիս ամիսը ստացել է ընտանեկան նպաստ` ամսական 24.500 դրամ: Հուլիս ամսից ընտանիքի նպաստի վճարումը դադարեցվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի 2008թ. հուլիսի 3-ի N 6/10-1669 գրությամբ ՍԾՏՄ-ներին (Քանաքեռ-Զեյթուն) տրամադրված` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների կազմում աշխատող (պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազայում առկա տվյալների հետ համադրման արդյունքում հայտնաբերված) անձանց մասին տեղեկատվության կիրառման արդյունքում: Ըստ վերոհիշյալ տեղեկատվության` Գ. Պողոսյանի դուստրը` Ալվարդ Կարապետյանը, (հաշվառված է որպես միայնակ մայր), 19.03.2007թ.-31.12.2007թ. աշխատել է Երեւանի քաղաքապետարանի «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» առողջապահական պետական հիմնարկությունում, եւ ամսական աշխատավարձը կազմել է 30.000 դրամ:
Տեղեկատվության ճշգրտման նպատակով, սոցիալական ծառայությունների Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի կողմից հարցում է արվել վերոհիշյալ հիմնարկությանը, որին ի պատասխան` վերջինս 28.07.2008թ. տրամադրել է տեղեկանք (N 11/17), ըստ որի` քաղաքացի Ալվարդ Կարապետյանն առ այդ օրը աշխատում է եւ ստանում ամսական 30.000 դրամ աշխատավարձ:
25.08.2008թ. տարածքային բաժինը Գ. Պողոսյանի ընտանիքի անապահովության աստիճանը գնահատող միավորը զրոյացրել է` կիրառելով «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 19-րդ եւ 25-րդ կետերով սահմանված նորմերը, ըստ որի` ընտանիքը վեց ամիս ժամկետով զրկվում է ընտանեկան նպաստ եւ պետական որեւէ այլ աջակցություն ստանալու իրավունքից:
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բազմիցս տեղեկացրել է քաղաքացիներին այն մասին, որ սոցիալական տարբեր ծառայություններից օգտվելու, մասնավորապես` ընտանեկան նպաստի համար դիմելիս, քաղաքացիները պարտավոր են ներկայացնել հավաստի տվյալներ, իսկ դրանց փոփոխության մասին հայտնել մեկ ամսվա ընթացքում, որովհետեւ կեղծ տվյալներ ներկայացնելու կամ որեւէ տվյալ թաքցնելու դեպքում տվյալ ընտանիքը վեց ամսով զրկվում է նպաստի իրավունքից, իսկ ավելի ստացած գումարները ետ են գանձվում: Վեց ամիս հետո Պողոսյանի ընտանիքը կարող է դիմել սոցիալական ծառայությունների տարածքային բաժին` ընտանիքի անապահովության աստիճանը գնահատող միավորի վերականգնման խնդրանքով, որից հետո, փաստագրվելով` համապատասխան միավորի առկայության դեպքում` փաստագրման հաջորդ ամսից կընդգրկվի ընտանեկան նպաստի վճարման ցուցակներում»:
Հ.Գ. Հաշվի առնելով Գյուլում Պողոսյանի ընտանիքի սոցիալական ծանր վիճակը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հանձնարարությամբ նախարարության աշխատակազմի բարեգործական ծրագրերի համակարգման բաժինն առաջիկա օրերին այդ ընտանիքին կհատկացնի սննդի փաթեթ, գրենական պիտույքներ եւ հագուստ: