2002 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի կողմից Մարդու իրավունքների կոնվենցիան վավերացնելուց հետո մինչեւ 2008 թվականը Հայաստանի քաղաքացիները Եվրոպական դատարան են ներկայացրել 1500-ից ավելի գանգատ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Գեղամյանը: «Կոնվենցիան վավերացնելուց հետո Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացվել է ավելի քան 1000 գանգատ` մինչեւ 2007 թվականը, 2007 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացվել է 597 գանգատ»,- նշել է Գեղամյանը: Անցած շաբաթավերջին «Ֆեմիդա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ծաղկաձորում անց է կացվել սեմինար, որի մասնակից փաստաբանները պնդել են, որ պետք է նյութական պատասխանատվության ենթարկել կամ այլ պատժամիջոցներ կիրառել այն դատավորների նկատմամբ, որոնց կայացրած վճիռների մեջ հետագայում իրավախախտումներ են հայտնաբերում Եվրոպական դատարանում: Նրանք վկայակոչել են կոնկրետ օրինակներ` կապված այն գործերի հետ, որոնք Եվրոպական դատարան են հասել Հայաստանի դատավորների` օրենքը շրջանցելու, Եվրոպական կոնվենցիայի դրույթներին չտիրապետելու, ինչպես նաեւ` կամայական որոշումներ կայացնելու հետեւանքով: Եվրոպական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը շեշտել է, որ Եվրոդատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման: «Ա1+»-ին լիցենզիայի տրամադրումը մերժվել է չպատճառաբանված որոշումներով: Այսինքն, «Ա1+»-ը պետք է նոր մրցույթի մասնակցի»,- ասել է Ա. Գյուլումյանը` անդրադառնալով այս տարվա հունիսին Եվրոպական դատարանի կայացրած վճռին, համաձայն որի` «Ա1+» անկախ հեռուստաընկերության եթերազրկումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: «Ա1+»-ի դիմումը Եվրոպական դատարան ներկայացրած փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը նշել է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում վերջին լրացումը, ըստ որի` մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն անցկացվելու, կատարվել է հենց «Ա1+»-ի մասնակցությամբ հեռուստակապուղիների մրցույթը բացառելու մտադրությամբ: «Իրենք էլ օրենքը փոխեցին, ասացին` էլ մրցույթ չունենք անցկացնելու»,- ասել է նա: Այդուհանդերձ, Ալվինա Գյուլումյանի խոսքերով, Հայաստանի կառավարությունը ստանձնել է որոշակի պարտավորություններ` դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, ուստի ստիպված է կատարել Եվրոպական դատարանի որոշումները: «Ուրիշ ելք չկա` եթե մենք միացել ենք այս կառույցին, եթե մենք որոշակի պարտավորություններ ենք ստանձնել, ուրեմն` պետք է կատարենք: Եթե Թուրքիայի նման պետությունը, ի վերջո, ստիպված էր կատարել (Կիպրոսի հույների հայցով Եվրոպական դատարանի կայացրած վճիռը)` մենք կկատարենք, եթե Ռուսաստանը Իլյաշկոյի գործով ի վերջո ստիպված էր կատարել` մենք էլ կկատարենք»,- հայտարարել է Եվրոպական դատարանի անդամը: