Ջեյմս Ջոյս (1882-1941)

22/09/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Շատ նովելներ կան, որոնցում ես նկարագրում եմ իմ մանկությունը, սակայն դրանցից սոսկ քչերն են գրված այնպես, որ ասես թե դրանք մանկան զգացողություններ են: Այդ առումով նոր մոտեցում է առաջարկում Ջեյմս Ջոյսը: Համենայն դեպս, Ջոյսի «Արվեստագետի դիմանկարը պատանի հասակումը» գրված է այնպես, ինչպես տեղի ունեցածն ընկալում է երեխան: Կամ, հնարավոր է, տպավորություն է ստեղծվում, թե թեկուզ եւ մասնակիորեն, այդպես է զգացել երեխան: Ամեն դեպքում դա հազվագյուտ բան է: Հազիվ թե գտնվի այլ մի մարդ, ով ունակ է գրելու նմանատիպ մի ստեղծագործություն: Կարծում եմ, ես լավ եմ արել, որ ընթերցել եմ այն:

Ակուտագավա Րյունոսկե

Շեքսպիրի, Կեւեդոյի եւ Գյոթեի նման, Ջոյսը, ինչպես շատ քչերը, ոչ թե պարզապես գրող է, այլ մի ամբողջ գրականություն:

Խորխե Լուիս Բորխես

Քանզի եւ առասպելը, եթե նրան յուրակերպ նայեն, ընդամենը իրականության խտացված եւ վսեմ տեսակն է։ Ամեն մի գիրք-առասպելում, ասենք «Ոդիսականում» կամ «Դոն Կիխոտում», իսկ մեր դարաշրջանում, ամենից առաջ Ջոյսի «Ուլիսում», առասպելականը, ոչ թե իրականության մեկնության քմայք է, այլ, ըստ էության` նրա լարված ընկալումը: Ջոյսի գիրքն այդ առումով կարելի է օրինակելի համարել: «Ուլիսն» ընթերցելիս մենք մշտապես զգում ենք, որ նայում ենք աղյուսե պատին`այնչափ լարված, որ մեր հայացքը շամփրում է այն: Դա վերաբերում է գրքի բոլոր կողմերին. իր լարված տեսունակության շնորհիվ այն առասպելի եւ առակի բնույթ է ձեռք բերում:

Թոմաս Վուլֆ

Ինչպես գրում էր Ջեյմս Ջոյսի զվարճաբան հետազոտողներից մեկը, Գինեսի գրքում, որն իր մեջ ներառել է, կարծես թե, ամենայն արտառոց եւ անսովոր բաները, այդուհանդերձ կա մի էական բացթողում`այնտեղ նշված չէ մարդկային պատմության ամենաերկար օրը, որի նկարագրությունը համարյա հազար էջ է գրավում, ընդ որում` դա արել է մեկ մարդ, եւ ըստ սեփական խոստովանության` քսան հազար ժամում: Եվ այդ օրվա`1904 թվականի հունիսի 16-ի հրաշապատում ասք-առասպել վեպը կարելի է բազմիցս ընթերցել եւ վերընթերցել:

Եվ եթե «Ուլիսը» մի օրվա պատմություն է, որ դեռեւս շատերին մնում է անհայտ, ապա Ջեյմս Ջոյսի վերջին՝ «Ֆիննեգանի հոգեհացը» վեպը պատմություն է մի գիշերվա, որը շատ քչերին է հաջողվել լուսացնել, իսկ թարգմանիչներից որեւէ մեկը դեռեւս չի զորել թարգմանել:

Շատերը Ջոյսին, որպես պարսավանք կամ գովեստ, հնարամիտ էին կոչում: Հնարամիտ էին կոչում, ինչպես հայտնի է, Հոմերոսի Ոդիսեւսին, որն ըստ հռոմեական ավանդույթի` Ուլիսն է, դեռեւս մանկուց Ջոյսի ամենասիրելի հերոսը, ում մասին նա դպրոցական շարադրություն էր գրել: Իսկ 18 տարեկան հասակում նա ամսագրում տպագրում է Հենրիկ Իբսենի «Երբ մենք՝ մեռածներս, արթնանում ենք» պիեսի մասին քննադատական հոդվածը, որն արժանացավ Իբսենի բարձր գնահատանքին:

Կարելի էր երկար խոսել Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիներ»` պատմվածքների առաջին ժողովածուի մասին (որը մասամբ տպվել է նաեւ հայերեն), ինչպես նաեւ «Արվեստագետի դիմանկարը պատանի հասակում» հիասքանչ վեպի մասին, որն առաջին անգամ տպագրվել էր «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագրի հին համարներից մեկում, իսկ այնուհետեւ՝ «Զնակ» հրատարակչության լույս ընծայած երեքհատորյակում:

Ինչ վերաբերում է «Ուլիս» վեպին, կարելի էր մանրամասն խոսել անտիկ հերոսի եւ Լեոպոլդ Բլյումի համապատասխանությունների եւ տարբերությունների, ինչպես նաեւ՝ այն տասնութ դրվագների մասին, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է հոմերոսյան այս կամ այն իրադարձությանը: Կարելի էր ավելի մանրամասն խոսել նաեւ նախատիպերի եւ կերպարների փոխակերպությունների մասին, ասենք, նույն Սթիվեն Դեդալուսի մասին, ով առաջին վեպից հայտնվել էր «Ուլիսում», եւ պատահական չէ, որ Ջոյսն ասում էր. «Մարդու թանաքամանում կա մեն-միակ վեպ, եւ երբ դրանք մի քանիսն են, դա մեկ է, այս կամ այն չափով փոփոխված միեւնույն վեպն է»:

Ջոյսը Սթիվեն Դեդալուսի մասին գրում էր. «Անհասկանալի բառերը նա ինքն իրեն կրկնում էր, մինչեւ որ անգիր աներ»: Այդ բառեր սովորելու կիրքը Ջոյսի մեջ պահպանվեց ողջ կյանքի ընթացքում: Նա 22 լեզու գիտեր, այդ թվում եւ՝ ռուսերեն: Հատկապես բարձր էր գնահատում Տոլստոյին, Դոստոեւսկուն եւ Լերմոնտովին. «Ինձ հայտնի գրքերից մեկը, որ նման է իմ վեպին`«Մեր ժամանակի հերոսն» է, Ճիշտ է, իմ վեպն ավելի երկար է»: Եվ հավելում էր. «Այդ գիրքը շատ է ազդել ինձ վրա»:

Կարելի էրգ Բայց կուզենայի խոսել Ջեյմս Ջոյսի ռուսերեն հրատարակված այն երեք գրքերի մասին, որոնք առավել քիչ են հայտնի, նույնիսկ Ջոյսի ոչ այնքան շատ երկրպագուներին:

2003 թվականին ռուսական ԲՍԳ ՊՐԵՍՍ հրատարակչությունը լույս ընծայեց «Հերոս Սթիվենը: Արվեստագետի դիմանկարը» Ջոյսի առաջին եւ անտիպ գիրքը, որտեղ տեղ են գտել «Արվեստագետի դիմանկարը» էտյուդ-խոստովանությունը, եւ «Հերոս Սթիվենը» վեպը, որը Ջոյսը, նետելով վառարանի մեջ, մասամբ ոչնչացրել էր: Ձեւավորման մեջ օգտագործված են Պոլ Սեզանի եւ Էդուարդ Մունքի նկարները:

Նույն 2003 թվականին «Ռադուգա» հրատարակչությունը լույս ընծայեց Ջեյմս Ջոյսի «Բանաստեղծություններ» ժողովածուն`անգլերեն եւ ռուսերեն: Այս գիրքը Ջոյսի բանաստեղծությունների լիակատարն է, որն իր մեջ ներառում է, ինչպես կենդանության օրոք տպագրված ժողովածուները, այնպես էլ կատակային ոտանավորները, որոնք նա սիրում էր ընծայել ընկերներին: Ժողովածուն ուղեկցվում է առաջաբանով եւ հանգամանալից ծանոթագրություններով:

Այն ընթերցողը, ով ծանոթ է «Ուլիսի»` 20-րդ դարի մոդեռնիստական մեծագույն վեպերից մեկի հեղինակին, թերեւս փոքր-ինչ զարմանա, ծանոթանալով Ջոյսի բանաստեղծություններին: Դրանք կարող են չափազանց ավանդական թվալ եւ նույնիսկ` հնաոճ, սակայն դրանք հնարավորություն են ընձեռում նոր աչքով դիտարկելու նրա նորարարական արձակը:

Առաջին`«Կամերային երաժշտություն» ժողովածուն`վերածննդի շրջանի քնարերգության ոգով գրված երգերի շարք է, որտեղ զգալի է նաեւ Ուիլյամ Բաթլեր Յեթսի եւ Պոլ Վերլենի ազդեցությունը.

Մի վշտանա, ամբոխը թանձրամիտների
Դարձյալ քո մասին ճիչը պատիր կհափռի,
Սիրելիս, թող որ աշխարհը քո թարթիչների
Չմթագնի եւ ոչ մի պահիգ

Հայտնի է, որ Ջոյսը հիանալի տենոր էր եւ երիտասարդ տարիներին միշտ կատարում էր իռլանդական բալլադներ ու երգեր: Ավելի ուշ նա տարվել էր անգլիական մադրիգալային երաժշտությամբ`Դոուլենդի եւ Բերդի եւ ելիզավետյան շրջանի այլ հեղինակներով:

Բանաստեղծությունների երկրորդ եւ վերջին՝ «Յուրաքանչյուրի համար մի պեննի» ժողովածուն արմատապես տարբերվում է առաջինից: Ի տարբերություն «Կամերային երաժշտության» ոճավորված եւ բավական պայմանական երգերի, երկրորդ ժողովածուի բոլոր բանաստեղծությունները կարող են մեկնաբանվել գրողի կենսագրության փաստերով: Ահա մի հատված.

Uplift and sway, O golden vine,-
Your clustered fruits to love’s full flood,
Lambent and vast and ruthless
as is thine ncertitude!

Որը տողացի-արձակ թարգմանությամբ մոտավորապես այսպես է ստացվում. «Դու բարձրացնում ես ու թափահարում, ոսկե որթ, ողկույզները քո, սիրո վսեմ հորձանքի ներքո, խուսանավող, վիթխարի եւ անողոք, ինչպես քո անորոշությունը»:

2004 թվականին ռուսական ԱՍՏ հրատարակչությունը «Համաշխարհային գրականության ոսկե ֆոնդը» շարքով հրատարակեց Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիները: Արվեստագետի դիմանկարը պատանի հասակում: Բանաստեղծություններ: Աքսորյալները: Հոդվածներ եւ նամակներ» ստվար հատորը, որտեղ մեզ ծանոթ գործերից զատ տպվել են նաեւ Ջոյսի «Աքսորյալները» պիեսը, «Դրաման եւ կյանքը», «Իբսենի նոր դրաման», «Խրախուսում ամբոխին», «Կատիլինա», «Փարիզյան օրագրից», «Օսկար Ուայլդը «Սալոմեի» բանաստեղծ», «Բեռնարդ Շոուի մարտը գրաքննիչի դեմ» հոդվածները, «Ուիլյամ Բլեյք» դասախոսությունը, ինչպես նաեւ նամակներն ու «Կատուն եւ սատանան» հեքիաթը:

Է. Սիորանի հետ Ջոյսի մասին զրուցելիս Սեմյուել Բեքեթն ասել է. «Նրա համար ծառից պոկված տերեւը պակաս բան չէր, քան ատոմային ռումբը»:

Իսկ Ջոյսին նվիրված իր «Քվանտային հեղաշրջումը գրականության մեջ» հոդվածում ֆիզիկոսներից մեկը գրել է. «Էական է եւ այն, որ քվանտային ֆիզիկան ստեղծվում էր փայլուն գիտնականների բազմազգի համաստեղության ջանքերով, եւ նրա ակունքում էին այնպիսի երեւելի ֆիզիկոսներ, ինչպիսիք էին` Մաքս Պլանկը, Ալբերտ Էյնշտեյնը, Էռնեստ Ռեզերֆորդը, Նիլս Բորը, Պոլ Դիրակը եւ շատ ուրիշներ: Քվանտային մեխանիկայի եւ ֆիզիկայի հետազոտություններն այնքան նշանակալից են 20-րդ դարի գիտության պատմության մեջ, որ բոլոր վերոհիշյալ ֆիզիկոսները, աշխարհի նոր պատկերի հիմնադիրները, Նոբելյան մրցանակներ ստացան:

Իսկ ահա հեղաշրջումը համաշխարհային գրականության մեջ (փիլիսոփայական եւ գեղարվեստական ընկալմամբ) իրականացրեց երեւելի մենակյաց, մեծ իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսը, ում ստեղծագործական գործունեությունն ընթանում էր հին Եվրոպայի երեք կենտրոններում`Տրիեստում, Ցյուրիխում, եւ Փարիզում:

Ջոյսը փառավորեց իր ժողովուրդն ու երկիրը տարբեր ազգությունների եվրոպացիների մասին պատմող իր յուրօրինակ ստեղծագործություններով, սակայն համարյա միշտ իռլանդական շեշտով եւ Դուբլինն աչքի առաջ ունենալով: Իր կյանքի քառասուն տարին նա անցկացրեց Իռլանդիայի սահմաններից դուրս`«կամավոր աքսորում»: Համընդհանուր ճանաչումը եղավ շատ ավելի ուշ, նրա մահից հետո, 20-րդ դարի երկրորդ կեսին: Ի տարբերություն «քվանտային» Նոբելյան մրցանակակիրների, նա այդպես էլ չստացավ այդ հեղինակավոր մրցանակը գրականության համար»:

Իր հուշերում Ֆեդերիկո Ֆելինին խոսում է ճեմարանի մասին`որպես Հոմերոսի եւ «մարտերի» տարիների, «Իլիականի» ընթերցման եւ Հոմերոսի հերոսների հետ ինքնանույնացման մասին. «Ես Ուլիսն էի, եւ այդ պատճառով ընթերցելիս փոքր-ինչ կողմ էի կանգնում ու նայում էի հեռուն»:

Իսկ հարցազրույցներից մեկի ժամանակ, այն հարցին, թե արդյոք նա կարդացե՞լ է Ջեյմս Ջոյսի «Ուլիսը», ոչ ասելուց եւ քիչ հապաղելուց հետո պատասխանել էր.

«Չնայած սխալ կլինի ասել, թե չեմ կարդացել, քանի որ այսօր ամեն ինչում`նկարչության, խանութի ձեւավորման, հագուստի թե փողոցում ճախրող խլածաղկի մեջ`առկա է Ջեյմս Ջոյսը»: