Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունն իր մշակած ծրագրում
առաջարկում է իր գլխավոր գրասենյակը տեղակայել Ազգային պատկերասրահի եւ
Պատմության թանգարանի շենքում, միավորել այդ երկու թանգարանները, բացել
սրճարաններ եւ ռեստորաններ: Թանգարաններ միավորելը կամ առանձնացնելը,
իհարկե, այդ գործակալության իրավասությունների մեջ չի մտնում։ Եվ սննդի
օբյեկտներ բացելը` նույնպես։ Շփոթմունք ու աղմուկ բարձրացրած այդ նախագիծն
ի սկբանե գրվել է անգլերենով, եւ բնօրինակում ոչ թե ծրագրի, այլ՝ ուղերձի
նշանակություն ունի: Օրիգինալի եւ թարգմանության միջեւ եղած զարմանալի
անհամապատասխանությունները թանգարանի աշխատակիցների եւ հասարակության
վրդովմունքն են առաջացրել: Այդ ուղերձ-առաջարկը սկսվում է պոետիկ
հայերենով՝ «Հայաստանը սկսվում է Աբովյան 1-ից», իսկ անգլերենով՝
«Հայաստանը սկսվում է Հանրապետության հրապարակից»:
Ի՞նչ է առաջարկվում
Որեւէ կոնկրետ առաջարկ, բացի սննդի օբյեկտների ստեղծումից, «անհապաղ
սպիտակ եվրոդռների հեռացնելուց», թարմ ծաղիկներով ձեւավորելուց (որն
ընդհանրապես հանված է հայկական տարբերակից), մուտքը հաշմանդամների համար
հարմարեցնելուց եւ ուժեղացնելով անվտանգությունը՝ թանգարանների աշխատանքը
մինչեւ երեկոյան ժամը 9.45-ը երկարացնելուց, չեն պարունակում։ Անհասկանալի
է՝ ո՞ւմ համար է այդ փաստաթուղթը՝ թանգարանի՞, Պատկերասրահի՞ թե՞
զբոսաշրջիկի: «Զբոսաշրջիկի մասին մտածել պետք չէ,- ասում է Պատմության
թանգարանի տնօրենի տեղակալ Կարեն Խաչատրյանը: -Զբոսաշրջիկն ինքն իր մասին
մտածել է՝ եկել է Հայաստան, եթե պետք է մտածել տուրիստներին թանգարան
բերելու մասին, լավ կլինի գործակալությունը օդանավակայանում տեղակայի, կամ
էլ այլ երկրներում տուրիստ հավաքագրող գրասենյակ հիմնի: Այստեղ բիզնեսի
խնդիր կա, այլ ոչ թե՝ տուրիստներին թանգարան բերելու ցանկություն»:
Թանգարաններին աջակցելու ցանկության դեպքում կարելի է մեծ գործ անել՝
բազմալեզու եւ հետաքրքիր էքսկուրսավար-մասնագետ պատրաստելով, քանի որ
արժեքները գեղեցիկ եւ պատշաճ ներկայացնելն ավելի հրատապ է: Նախագծից
կարելի է տեղեկանալ, որ ԶԶՀԳ-ի գրասենյակն այստեղ պիտի լինի, «քանի որ
թանգարանը հանդիսանում է զբոսաշրջիկների առաջին այցելավայրը»: Վստահեցում,
որ գրասենյակի՝ թանգարանների տարածքում տեղակայելուց հետո, զբոսաշրջիկների
թիվը կավելանա՝ չկա, պարզապես, այդ փաստը օգտագործելով՝ հնարավոր կդառնա
գրասենյակը տեղափոխել մարդաշատ եւ հարմար տարածք: Եթե թանգարանները
Դավիթաշենում լինեին, բնականաբար, այդքան ուշադրության չէին արժանանա:
Ո՞ր լեզվով կարդանք
«Նախ եւ առաջ առաջարկում ենք, որ Մշակույթի նախարարությունը օրինական
ճանապարհով սեփականացնի շենքի առջեւի սյունաշատ տարածքը եւ վարձակալության
տա մեկ կամ մի քանի սրճարանների: Մեկ քառակուսի մետրը՝ 10 դոլարով
վարձակալելու դեպքում, 3000 քառ. մետրը մոտավորապես ամսական 30.000 դոլար
եւ տարեկան 360.000 դոլար եկամուտ կբերի»,- գրված է հայերեն տարբերակում:
«3000 քառ.մետր տարածքը ողջ Պատմության թանգարանի տարածքն է,- ասում է Կ.
Խաչատրյանը: -Սա հաշվարկի ձեւ չէ՝ տարեկան եկամուտը այսպես չի որոշվում:
Լավ կլիներ՝ ավելի գրագետ ծրագիր ներկայացվեր»: Անգլերեն տարբերակում
սրճարաններին հատկացվելիք տարածքի համար մեկ այլ թիվ է նշված՝ 300 քառ.
մետր, այլ են նաեւ ենթադրվող վարձակալության (30 դոլար) եւ սպասվելիք
եկամտի գումարները (ամսական 9.000 դոլար եւ տարեկան 108.000 դոլար): Ընդ
որում, անգլերեն տարբերակը պարտադիր է համարում Մշակույթի նախարարության
եւ թանգարանների համատեղ տնօրինությունը եւ եկամտի օգտագործումը
թանգարանների կարիքների համար: Նաեւ՝ միայն անգլերենով ասված է, որ
Պատկերասրահի իններորդ հարկում բացվելու է «ճաշասենյակ, միայն թանգարանի
աշխատակիցների համար եւ առաջնակարգ ռեստորան, որի կողքին՝ բացօթյա
պատշգամբում կլինի փոքր սրճարան այցելուների համար», ինչը հայերենով
դարձել է «առաջնակարգ ռեստորան՝ շրջապատված սրճարանով»։ Հասկանալի է, որ
այդ ձեւակերպումների տարբերությունը թեեւ շատ մեծ չէ, սակայն շոշափելի
փոխում է տեսանկյունը։
Պատկերասրահն իր վերջին հարկում արդեն ունի սրճարան, իսկ Պատմության
թանգարանը բազմիցս դիմել է սյունաշատ տարածքը ճիշտ օգտագործելու
առաջարկով: Պատկերասրահի եւ Պատմության թանգարանի առջեւի բաց տարածքն ի
սկզբանե նախատեսված է եղել ոչ միայն սրճարանների, այլեւ՝ բացօթյա
ցուցադրումների համար: Այստեղ պետք է նախապատրաստվի զբոսաշրջիկի այցը
թանգարան: ԶԶՀԳ-ի նախագծի հայտնվելուց հետո կասկած է առաջանում, որ
ձգձգումները միտումնավոր էին: Իսկ ԶԶՀԳ-ի առաջարկի սխալ թարգմանությունն
արվել է արդարացի բողոքը սրելու համար: Սյունաշատ տարածքը պատկանում է
Պատկերասրահից ավելի վաղ՝ 1919թ. հիմնված Պատմության թանգարանին, որը
սակայն չունի այդ տարածքը տնօրինելու իրավունք: Այսօր գործող երկու
սրճարաններից մեկը 1999թ. տասը տարվա ժամկետով վարձակալության է հանձնվել
Մշակույթի նախարարության կողմից, իսկ մյուսը ստեղծվել է Պատկերասրահի
տնօրինության եւ քաղաքապետարանի թույլտվության արդյունքում: Մշակույթի
նախարարությունը՝ վարձակալության պայմանագիր ստորագրելով, սրճարանների
որակի եւ տեսքի համար պատասխանատվություն է կրում: Կշտամբանքները, որ այդ
սրճարանները անհրապույր են եւ աղբանոցի են վերածվել, պետք է հասցեատեր
ունենան: Դրանք ապօրինի կառույցներ չեն: Իսկ թանգարաններին ներկայացված
մեղադրանքները՝ պատմամշակութային արժեքները վատ ներկայացնելու ու
զբոսաշրջիկներին ոչ բավարար սպասարկելու մեջ, անհիմն են: «Իհարկե,
թանգարանների այցելուների իրավունքն է թանգարանում սուրճ կամ թեյ խմելը,
ինչպես նաեւ՝ հուշանվեր կամ գիրք գնելը: Այդ իրավունքը ենթադրում է
սրճարանի եւ խանութի առկայությունը: Խոսքը վերաբերում է նրան, թե ո՞ւմ
կողմից, ինչպե՞ս դա կիրականացվի: Այն ծրագրում, որն առաջարկված է,
ենթադրում է երրորդ կողմի՝ շահույթ հետապնդող կազմակերպության
ներկայությունը: Դա կանխատեսելի բացասական հետեւանքներ կունենա»,- ասաց
Պատմության թանգարանի տնօրենի տեղակալ Կարեն Խաչատրյանը: Աշխարհի տարբեր
թանգարաններն ունեն իրենց սրճարանները, որոնցից շատերը շահույթ են բերում,
սակայն թանգարանային կոդեքսում ամրագրված է, որ եկամուտը չէ նրանց
նպատակը: Թանգարանի եւ այցելուի միջեւ երրորդ անձ չի կարող հայտնվել, այն
էլ՝ շահույթ հետապնդող: Հավատալ, որ ռեստորանը շահույթ չի հետապնդի,
անհեթեթ է: ԶԶՀԳ այդ ուղերձ-նախագիծը որքան «հում» եւ անտեղի է, այնքան
էլ՝ վախեցնող։