Թուրքական «Սաբահ» թերթի փոխանցմամբ` Թուրքիայի եւ Հայաստանի ԱԳ նախարարության աշխատակիցներն աշխատում են երկու երկրների միջեւ հարաբերությունները նորմալացնելու մասին համատեղ հայտարարության վրա: Ըստ թերթի` սեպտեմբերի 6-ին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումից հետո երկու երկրների ԱԳ նախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Ալի Բաբաջանի միջեւ սկսված եւ 2,5 ժամ տեւած երկխոսությունն ու դրական մոտեցումը «թղթին է հանձնվում»: Թերթը հայտնել է, որ սեպտեմբերի 18-ից Նյու Յորք մեկնող Ալի Բաբաջանը ծրագրել է մինչեւ ամսվա վերջ հանդիպել Է. Նալբանդյանին: «Եթե երկու երկրների ԱԳ նախարարությունների միջեւ կարճ ժամանակում համաձայնություն ձեռք բերվի, ապա համագործակցության մասին հայտարարությունը հնարավոր է հրապարակվի սեպտեմբերի վերջին, հակառակ դեպքում այն կհրապարակվի 2009թ. հոկտեմբերին` Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների Ստամբուլում տեղի ունենալիք պատասխան խաղի ժամանակ»,- գրել է թերթը: