Օմբուդսմենը մտահոգված է

13/09/2008

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում մարտի 1-2-ի դեպքերն ու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին` համակողմանի եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով, ուսումնասիրվող նյութերի մեջ ընդգրկել նաեւ նույն նպատակով ընդդիմության կողմից ստեղծված հանրային հանձնախմբի` սեպտեմբերի 10-ին շրջանառության մեջ դրված ֆիլմը: «Ֆիլմի բովանդակությունը եւ դրանում տեղ գտած կադրերն ու տեսարանները լուրջ մտահոգություն են առաջացնում»,- նշված է Արմեն Հարությունյանի հայտարարությունում: Նա առաջարկել է հանձնաժողովին անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել ֆիլմը համապատասխան փորձաքննության ենթարկելու ուղղությամբ` դրանում տեղ գտած կադրերի ու տեսարանների «իրական եւ չմոնտաժված լինելու հարցը պարզելու նպատակով»: «Անհետաձգելի ու չափազանց կարեւոր է տեսանյութում ներկայացված ուժային կառույցների ներկայացուցիչների առանձնակի դաժան եւ ոչ իրավաչափ գործողությունների առնչությամբ անցկացնել համապատասխան քննություն` ապօրինի գործողություններ կատարելու հրամաններ տված եւ այդպիսիք անմիջականորեն իրականացրած անձանց պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է Մարդու պաշտպանի հայտարարության մեջ: