Մտավախությունն իրականացա՞վ

13/09/2008

Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը Փարիզում ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի սեպտեմբերի 11-ի նիստում ներկայացրել է ԵԽ ԽՎ 1620 բանաձեւի կատարման վերաբերյալ ոչ թե ակնկալվող համակողմանի զեկույց, այլ շատ հակիրճ` ընդամենը 10 րոպեանոց բանավոր հաղորդագրություն:

Այդ զեկույցը թեեւ Հայաստանի իշխանությունների համար դրական չի եղել, բայց ընդգծված բացասական ձեւակերպումներ էլ չի պարունակել: Թ.Համարբերգը նշել է ՀՀ իշխանությունների կատարած, իր կարծիքով՝ որոշակի դրական քայլերը, նաեւ դեռեւս չլուծված խնդիրները: Բոլոր դեպքերում այն մտավախությունը, թե միջազգային հանրության ուշադրությունը հիմա սեւեռված է վրաց-օսական հակամարտության վրա, եւ արդյունքում Հայաստանի հարցը դուրս է մնացել քննարկումներից, իրականություն է դարձել: Թ.Համարբերգի անկատար թողած խոստումի պատճառը հենց վրաց-օսական հակամարտությունն են համարում նաեւ հայրենի խորհրդարանականները: Այն տարբերությամբ, որ կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները գտնում են, թե ՀՀ իշխանությունները կատարել են դրական քայլեր, ասենք, վերջապես մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ են կազմել: Նաեւ կարծում են, թե Եվրախորհրդում Հայաստանի հարցը քննարկելու ճիշտ ժամանակը հունվարյան նստաշրջանն է: «Մեր պատվիրակության ղեկավարի փոխանցմամբ՝ Համարբերգն արձանագրել է, որ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարմամբ ՀՀ իշխանություններն առաջընթաց արձանագրել են, եւ, բնականաբար, ՀՀ հարցը հրատապ կարգով չի մտնի սեպտեմբերի վերջին նախատեսված լիագումար նիստ, ինչն ինքնին նշանակում է առաջընթաց: Եթե վերապահումներ ունենար, Համարբերգը 10 րոպեի ընթացքում էլ կասեր, եւ եթե որոշեր, որ որեւէ դրական քայլ չի կատարվել, կասեր, թե Հայաստանի հարցը մտնելու է լիագումար նիստի օրակարգ»,- երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Հանրապետական» խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը եւ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանն օրեր առաջ «168 Ժամին» ասել էին, թե Հայաստանին վերաբերող 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքը ԵԽ ԽՎ-ում կքննարկվի հունվարին: Նույն տեսակետը հայտնեցին նաեւ երեկ: Իսկ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էլ պնդում է, որ առաջընթացի մասին խոսք լինել չի կարող: «Դեռ ավելին, մենք կարող ենք ասել, որ հետընթաց է արձանագրվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարելու կապակցությամբ: Իսկ հակիրճ անդրադարձը Հայաստանի վերաբերյալ Մոնիտորինգի հանձնաժողովում, իհարկե, պայմանավորված է Հարավային Օսեթիայի եւ Վրաստանի միջեւ հակամարտությամբ, քանի որ ամբողջ ուշադրությունն այսօր սեւեռվել է այս խնդրի վրա, եւ մեր նկատմամբ ուշադրությունը ինչ-որ չափով, կարելի է ասել, նվազել է»,- հայտարարեց Զ.Փոստանջյանը: Տիկին Փոստանջյանը նաեւ տեղեկացրեց, թե լրատվական մի շարք կազմակերպությունների հետ քննարկումներ են անցկացնում, եւ հնարավոր է` շուտով հանդես գան «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախաձեռնությամբ: