«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ մինչեւ գալիք համագումար կասեցրել է կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանի լիազորությունները: Աշնանը տեղի ունենալիք համագումարի ժամանակ կորոշվի` Հ.Սարգսյանը կմնա՞ կուսակցության շարքերում, թե՞ ոչ: Ա.Կարապետյանը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ 2 օր առաջ Հ. Սարգսյանը հայտարարեց Հայ Ազգային կոնգրեսին անդամակցելու մասին: Հ. Սարգսյանը նաեւ ասել էր, թե իր այս մտադրության մասին Ա.Կարապետյանը տեղյակ չէ, նրան կհայտնի մոտ օրերս: «Կուսակցությունն ունի իր կանոնադրությունը, եւ իմ այդ քայլը կանոնադրությանը հակառակ էր: Բայց այդ քայլին գնալուց առաջ, բնական է, որ ես սպասում էի նման արձագանքի»,- մեր թղթակցին ասել է Հ.Սարգսյանը: ՆԺԿ-ն գալիք համագումարին նաեւ կորոշի՝ ՀԱԿ-ին միանա՞լ, թե՞ ոչ: Մեր հարցին, թե ինչո՞ւ չի սպասել ՆԺԿ-ի որոշմանը, Հ. Սարգսյանը պատասխանել է. «Ինձ համար այլեւս դժվար էր գնալ Հյուսիսային պողոտա, մարդիկ ինձ անընդհատ հարցնում էին, թե երբ կմիանամ Կոնգրեսին: Ես գտա, որ եթե անընդհատ մասնակցում եմ ժողովրդական շարժմանը, նրանց հետ եմ, ճիշտ կլինի, որ միանամ ՀԱԿ-ին»: Իսկ արդյոք ՀԱԿ-ին միանալու հարցի շուրջ տարաձայնություններ կայի՞ն իր եւ Ա.Կարապետյանի միջեւ. այս հարցին Հ.Սարգսյանը պատասխանել է. «Միանշանակ չեմ կարող ասել»: