Ավ. Իսահակյանի անվան գրադարանի Տիգրան Մեծի 30 հասցեով գտնվող
տեխնիկական գրականության բաժինը հնարավոր է, որ փակվի: Համենայն դեպս,
Տնտեսական դատարանի մայիսի 24-ին կայացրած վճռով, այս տարվա հունիսի 14-ին
գրադարանի այս բաժնի 50.000 հատոր գրականությունը դուրս կբերվի տարածքից,
քանի որ Կենտրոն թաղապետարանը տարածքը տրամադրել է «Սմելա» ՍՊԸ-ին: Ավ.
Իսահակյանի անվան գրադարանի շուրջ ծավալված վեճը 13 տարվա պատմություն
ունի: Դեռեւս 1992 թվականից ընկերությունը պայքարում է գրադարանի տարածքը
վերցնելու համար: Դրա վկայությունն են անդադար դատական պրոցեսները: 1999թ.
«Սմելա» ՍՊԸ-ն Կենտրոն թաղապետարանից ձեռք էր բերել գրադարանի տարածքը
վարձակալելու որոշում, այն դեպքում, երբ այդ տարածքը չէր պատկանում
Կենտրոն թաղապետարանին, այլ պատկանում էր Պետական գույքի կառավարման
վարչությանը: Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի ապացույցների հիման վրա
դատավարության ընթացքում ընդունվեց, որ թաղապետարանի գործողություններն
ապօրինի են եղել եւ որ Կենտրոն թաղապետարանի եւ «Սմելա»-ի միջեւ կնքված
պայմանագիրն իրավական ուժ չի կարող ունենալ: Թաղապետարանը մեկ այլ
որոշմամբ չեղյալ համարեց իր իսկ կայացրած որոշումը, իսկ դատական վճռի մեջ
նշվեց, որ որոշման չեղյալ համարելու փաստը պետք է գրանցվի համապատասխան
մարմիններում:
50 հազարանոց ֆոնդը կմնա փողոցում
Այսպիսով, հարցը կարծես թե փակված էր: Սակայն 2004թ. նոյեմբերին գրադարանը
նորից կանգնեց խնդրի առաջ, որովհետեւ պարզվեց, որ Կենտրոն թաղապետարանը
չէր տարել նոտարական հաստատման գրադարանի հետ կնքած իր պայմանագիրը եւ
կադաստրում այն չէր գրանցել: «Սմելա»-ի չեղյալ համարած պայմանագիրը
շարունակեց ուժի մեջ մնալ: Փոխքաղաքապետի մակագրությամբ գրադարանի տնօրեն
տիկին Կարապետյանը ստացավ մի գրություն, ուր ասվում էր, որ սխալ որոշման
ժամկետի լրանալուն պես գրադարանի հետ կկնքվի նոր պայմանագիր: Ժամկետը
լրացավ 2005թ. հունվարի 1-ին: Մինչդեռ մեկ այլ դատավարություն, որն այս
ժամանակամիջոցում ընթացքի մեջ էր, վճիռ կայացրեց ի վնաս գրադարանի,
խորհուրդ տալով վերջինիս ներկայացուցչին՝ առանձին դատի տալ Կադաստրի
պետական կոմիտեին եւ կեղծ պայմանագիրը վավերացնող նոտարին: Ավելին,
պարզվում է, որ Կենտրոն թաղապետարանը կեղծ պայմանագրի ժամկետը լրանալուց
հետո ոչ թե գրադարանի, այլ կրկին «Սմելա»-ի հետ է կնքել նոր պայմանագիր:
Այս մասին Հ. Կարապետյանը տեղեկացավ, երբ մայիսի 12-ին դատական
կատարածուները նրան բերեցին գրադարանը վտարելու մասին իրենց որոշումը: Ընդ
որում, վտարումը պետք է սկսվեր հաջորդ օրվա ժամը 12:30-ին: Հ. Կարապետյանը
նույն օրը դիմում է Տնտեսական դատարան՝ վտարումը հետաձգելու համար, քանի
որ գրականության տեղափոխման տեխնիկական մինիմումը նորմատիվներ է պահանջում
եւ, բացի դրանից, Հասմիկ Կարապետյանն ասում է, որ այդ գրականությունը
տեղավորելու համար տեղ չունի: Այսինքն, եթե թաղապետարանը չլուծի
գրականությանը տեղ հատկացնելու հարցն, ապա 50 հազար գիրք մնալու է
փողոցում: Փողոցում կմնան նաեւ գրադարանի հինգ աշխատակիցները, որոնք երկար
տարիներ աշխատել են այստեղ:
«Սմելա»-ի շարժիչը
«Երբ ես հարցրեցի, թե ո՞ւր եք տանում գրականությունը,- պատմում է Հասմիկ
Կարապետյանը,- դատական կատարածուներն ինձ ցույց տվեցին Եղիա Շամշյանի
գրությունը, որտեղ նշված էր, որ Ճարտարագիտական համալսարանը կարող է
գրականությունը պահեստավորել իր մոտ: Այսինքն, նա ամեն քայլը ձեռնարկել է,
որպեսզի գրադարանն արագ դատարկի»: Եղիա Շամշյանը «Սմելա»-ի շարժիչ ուժն է:
«Սմելա» ՍՊԸ-ի ղեկավարությունը 1999թ. մտադիր էր օգտագործել գրադարանի
տարածքը բանկային գործունեություն ծավալելու համար: Այժմ ընկերությունը
փոխել է մտադրությունը եւ պատրաստվում է, իրենց խոսքերով, մշակութային
հիմնարկ ստեղծել, անվճար կոմպյուտերային կենտրոն բացել: Թեեւ «Սմելա»
ՍՊԸ-ի տնօրենի ազգանունը Հունանյան է, բայց հայտնի է, որ ընկերության
ետեւում կանգնած է ԱԺ նախկին պատգամավոր Եղիա Շամշյանը: Այժմ Ե. Շամշյանը
իրավաբանություն է դասավանդում Երեւանի մասնավոր բուհերից մեկում: Եղիա
Շամշյանին գտնելու եւ «Սմելա»-ի նախագծերն իրենից պարզելու մեր փորձերն
ապարդյուն անցան: Բայց հետաքրքրական էր, որ Նար-Դոսի 23 հասցեում գտնվող
«Սմելա» ընկերությունը, ինչպես պարզվեց, իրենից ներկայացնում է շշերի
ընդունման եւ կարտոֆիլի վաճառքի կետ: