Հարեւաններ ենք

13/09/2008

«Մենք պետք է կարողանանք կատարել մեր պարտականությունները՝ որպես հարեւաններ եւ որպես ռազմավարական գործընկերներ: Եթե կարողանանք սրանք տարբերակել եւ լինել անկեղծ, կարծում եմ` կհասնենք հաջողության»,- երեկ Շիրակամուտ գյուղում` պատասխանելով ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումից հետո 2 բարեկամական պետությունների հետ պատմականորեն ձեւավորված հարաբերությունների պահպանման անհրաժեշտության մասին հարցին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նրա` բոլոր նրանք, ովքեր հետեւել են Հայաստանի գործողություններին, պետք է ասեն, որ երկիրը եղել է եւ՛ անկեղծ, եւ՛ արդարացի իր գործողություններում: «Միշտ այդպես է եղել, այսօր կա, եւ վստահ եմ` ապագայում էլ այդպես է լինելու, որ մենք, իրոք, Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական հարաբերություններ, ռազմավարական գործընկերներ ենք, եւ ճակատագիրն այնպես է տնօրինել, որ հազարավոր տարիներ Վրաստանի հետ հարեւաններ ենք»,- նշել է Ս. Սարգսյանը` հավելելով, թե այդ հարցերը քննարկվել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ Սոչիում, եւ հնարավոր է` մոտ ժամանակներս այցելի Վրաստան եւ այս հարցը քննարկի նաեւ Վրաստանի նախագահի հետ: