Որ իմանան՝ ինչ ասել, կասեն

13/09/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Հայաստանը խոստացել է ազատել Ադրբեջանի օկուպացված տարածքները»,- ըստ ադրբեջանական մամուլի, նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն` Ադրբեջան կատարած այցի ժամանակ: Արդյո՞ք իրականում նման խոսակցություն եղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ա.Գյուլի միջեւ: Կամ արդյոք Ս. Սարգսյանը Գյուլին խոստացե՞լ է ազատել «օկուպացված տարածքները»:

Համենայնդեպս, հայկական կողմը երկու երկրների նախագահների միջեւ տեղի ունեցած խոսակցության մասին հայ հասարակությանը դեռեւս ոչինչ չի ասել: Կցկտուր տեղեկություններ հիմնականում թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցներից են մեզ հասնում: Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմից առայժմ Գյուլի այցի ու հայտարարությունների հետ կապված որեւէ մեկնաբանություն չեն ներկայացնում: Եվ պատահական չէ, որ երեկ Ազգային ժողովում այս նստաշրջանի առաջին ճեպազրույցի հիմնական թեման հենց այս հարցն էր: Բնականաբար, նաեւ հայ-թուրքական հարաբերությունները եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը քանի դեռ չի լսել «Օկուպացված տարածքները ետ վերադարձնելու» մասին ՀՀ նախագահի հայտարարությունը, ադրբեջանական մամուլի լուրը համարում է ապատեղեկատվություն: «Նման ապատեղեկատվության տարածմանը բազմաթիվ անգամ ենք ականատես եղել: Այդպիսի հայտարարություն ես չեմ լսել նախագահի կողմից, Աբդուլլահ Գյուլի կողմից: Այսօր ես ողջունում եմ այն քայլը, որն իրականացվեց պարոն Սերժ Սարգսյանի կողմից: Մենք կողմ ենք կառուցողական հավասարակշռված արտաքին քաղաքականության»,- ասաց Հ.Մարգարյանը: Գյուլի այցը եւ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում ցանկացած հարց ավելի ցավագին ընդունող ՀՅԴ-ն էլ գտնում է, որ այդ արտահայտությունը ծաղկաքաղ է հիշեցնում: ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը կարծում է, որ, իսկապես, պետք է կարողանանք լիարժեք տեղեկատվություն ստանալ պատկերացնելու համար, թե խոսքն ինչի մասին է: «Այստեղ ակնարկը ազատագրվա՞ծ տարածքների մասին է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությա՞ն մասին է: Եվ ընդհանրապես դրան նախորդող ու հաջորդող մտքերն ի՞նչ են եղել: Իմանալով նաեւ թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցների ոճը, որոնք նաեւ մեկ անգամ չէ, որ սուտ են խոսում: Մենք ամբողջ օրը նախագահի հետ չենք, անշուշտ պիտի հարցնենք: Բոլոր նման խնդիրները, որ ծագում են, նախ պետք է մենք ճշտենք իշխանության ներկայացուցիչների հետ, նոր անենք հետեւություններ»,- նշեց Ա.Շահբազյանը:

«Հայկական կողմի համար պարզ է, որ թուրքական կողմը ԼՂՀ հարցի լուծման վերաբերյալ ունեցել է ադրբեջանամետ հստակ դիրքորոշում: Մեր կուսակցության ու նախագահի նախընտրական ծրագրերում կա 1 դիրքորոշում` մենք չենք տեսնում ԼՂՀ-ն անկախ Ադրբեջանի կազմում, Հայաստանը եւ ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման: ԼՂՀ բնակչության ու սահմանների անվտանգությունը պետք է ապահովվի, եւ բանակցությունները մենք տանելու ենք այդ հարցերի շուրջ»,- հարցի շուրջ ՀՀԿ-ի տեսակետն արտահայտեց ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը: «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանի համար նույնպես պարզ չէ, թե Ա.Գյուլը «օկուպացված տարածք» ասելով՝ ի՞նչ է նկատի ունեցել: Նա նույնպես այն մտքին է, որ նման բանակցություններին անպայման պետք է տեղյակ լինի նաեւ հայ հասարակությունը, հակառակ դեպքում մենք ունենալու ենք նոր լարումներ, նոր պայթյուններ: «Ինչ վերաբերում է տարածքները վերադարձնելուն, ես կցանկանամ մեկ անգամ էլ շեշտել, որ դրանք տարածքներ են, որտեղ կանգնած են հայկական հուշարձաններ, եկեղեցիներ, որոնց հիմքերում թաղված են հայ կաթողիկոսներ: Մեզ համար դա օտար տարածքներ չեն: Դրանք ծագումնաբանական առումով հայ ժողովրդի բնական տարածման արեալի մեջ են մտնում»,- ասում է պատգամավորը:

Գյուլը Հայաստան կատարած այցից հետո նաեւ հայտարարել է, թե «17 տարի է, ինչ ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, բայց այն չի հասել կարեւոր արդյունքների»: «Այժմ Կովկասում իրավիճակը փոխվել է, եւ մենք եւս ջանքեր ենք գործադրում, նախաձեռնությամբ ենք հանդես գալիս: Եթե նախաձեռնությունն արդյունքներ բերի` բոլորս ուրախ կլինենք»,- հավելել էր Ա.Գյուլը: Ավելի վաղ` գարնանը Մինսկի խմբից դժգոհել էր նաեւ Ադրբեջանը եւ բանակցությունները ՄԱԿ-ի շրջանակ տեղափոխելու մասին հայտարարություն էր արել: Արդյո՞ք իր այս հայտարարությամբ Ա.Գյուլն Ադրբեջանի հետ միասին արդեն քայլեր է նախաձեռնում՝ ԼՂՀ հարցի կարգավորումը Մինսկի խմբի շրջանակներից տեղափոխել բանակցության մեկ այլ ֆորմատ եւ այնպես անել, որ Թուրքիան էլ բանակցային կողմ լինի: Իսկ ի՞նչ են մտածում այս մասին մեր իշխանությունները: Երեկվա բոլոր բանախոսներն էլ հայտարարեցին, թե իրենց ներկայացրած քաղաքական ուժերը միանշանակ կողմ են բանակցությունների Մինսկի խմբի ձեւաչափին: «Սա առաջին փաստը չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը ձեռք ձեռքի տված են գործում: Ադրբեջանն այդ հարցը բազմիցս դրել է, եւ երբ Թուրքիան է դնում, այդ հարցը դառնում է ծանրակշիռ: Ես կարծում եմ, որ այն ձեւաչափը, որով ընթացել են բանակցությունները, ճիշտ է ընտրված: Եթե դա հասել է մի տեղ, որտեղ կողմերը հանկարծ ուզում են ամեն ինչ շուռ տալ եւ գնալ շրջադարձի, դա նշանակում է՝ ձախողել բանակցությունները: Ես կարծում եմ, որ ՀՀ-ն պետք է պինդ կերպով պաշտպանի պայմանավորվածությունները, ձեռքբերումները, եւ աշխատանքները շարունակի այդ ձեւաչափի մեջ»,- հայտարարեց Ա.Շահբազյանը: «1994թ. երբ ավարտվեց ռազմական դիմակայությունը, Թուրքիան նույնպես ցանկանում էր մասնակցել Մինսկի խմբի ձեւաչափին: Այն ժամանակ նա հանդիպեց ՀՀ դիմադրությանը մեկ մեղադրանքով, որ այս հակամարտության մեջ չեզոք կողմ չէ, որ Ադրբեջանի կողմից է, եւ Հայաստանին ենթարկում է շրջափակման: Այս պայմաններում չի կարելի խոսել նրա՝ անաչառ միջնորդ լինելու մասին, եւ այս պարագայում դեռեւս դրա մասին խոսելը շուտ է»,- ավելացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Ա.Սաֆարյանը: Վերջինս հրաժարվեց մեկնաբանել Ա. Գյուլի հայտարարությունը: «Մինսկի ֆորմատի փոփոխությունը Թուրքիայով, մեր կարծիքով՝ անթույլատրելի է, քանի որ այդ երկիրը տասնամյակների ընթացքում կոնկրետ շահերի է սպասարկել, ՀՀ եւ աշխարհասփյուռ հայերի շահերի դեմ որոշակի գործողություն է իրականացրել»,- սա էլ Վ.Խաչատրյանի տեսակետն է: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների, Ա.Գյուլի հետ Ս.Սարգսյանի հանդիպման մասին նախագահի տեսակետն իր աշխատակազմից խոստացան ներկայացնել ուշ երեկոյան կամ այսօր: Պարզապես հիշեցնենք, որ օրեր առաջ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Ս.Սարգսյանը հայտարարել էր, թե ԼՂՀ հարցը պետք է քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։