Երբ մի քանի ամիս առաջ Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում Սերժ Սարգսյանն առաջին անգամ անսպասելիորեն հայտարարեց հայ-թուրքական հարաբերությունների շուրջ իր հանրահայտ «ֆուտբոլային նախաձեռնությունների» մասին, առաջին արձագանքն այն էր, որ այդ ժամանակ Ռուսաստանի նոր իշխանության հետ դեռեւս չհստակեցված հարաբերություններ ունեցող ՀՀ նոր ղեկավարությունն ինչ-ինչ «դեմարշներ» է կատարում: Նման արձագանքները, թերեւս, տրամաբանական էին թվում, քանզի միշտ էլ համարվում էր, որ ԱՄՆ-ն է տարիներ շարունակ եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով, իսկ Ռուսաստանն, ընդհակառակը, միշտ ձգտել է հեռու պահել Հայաստանին աշխարհաքաղաքական եւ տնտեսաքաղաքական այլընտրանքներից: Առավել եւս, երբ այդ այլընտրանքը ՆԱՏՕ-ի անդամ է: Սկզբնական շրջանում քչերն էին ՀՀ նախագահի «թուրքական վեկտորը» անմիջականորեն կապում վերջին տարվա ընթացքում ռուս-թուրքական հարաբերություններում նկատվող` հիմնականում տնտեսական թվացող հարաբերությունների ջերմացման հետ: Առավել եւս, որ առաջին հերթին հենց Արեւմուտքից սկսեցին ամենաբարձր մակարդակով քաջալերող գնահատականներ հնչել Ս. Սարգսյանի ներկայացրած նախաձեռնությունների վերաբերյալ, իսկ պաշտոնական Մոսկվան եւ ռուսաստանյան մամուլը որոշ ժամանակ սահմանափակվում էր միայն զգուշավոր դիվանագիտական գնահատականներով: Բայց արդեն հուլիսի վերջերին հայաստանյան «էքսպերտային հանրությունը» եւ հիմնական քաղաքական ուժերն ու դերակատարները` ոմանք անթաքույց ոգեւորությամբ, իսկ ոմանք էլ տարակուսանքով արձանագրեցին, որ ՀՀ ղեկավարության գործողությունները թերեւս համաձայնեցված են եղել հենց Մոսկվայի հետ (անգամ ուղղորդվել են այնտեղից), եւ որ դրանք պայմանավորված են տարածաշրջանում ձեւավորվող նոր ռազմաքաղաքական եւ տնտեսական իրողություններով (այն ժամանակ դեռեւս անորոշ), որտեղ թե՛ Հայաստանին եւ թե՛ առավել եւս Թուրքիային ինչ-ինչ նոր եւ կարեւոր դեր էր հատկացվում: Այսօր, իհարկե, դժվար է միանշանակ պատասխան տալ, թե արդյոք Սերժ Սարգսյանը հունիսի վերջերին հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման գործընթացը սկսելիս ամբողջական պատկերացում ունե՞ր օգոստոսի սկզբին տարածաշրջանում սկսվելիք հայտնի զարգացումների շուրջ: Բայց դատելով արեւմտյան մամուլի, հեղինակավոր վերլուծաբանների եւ քաղաքագետների ավելի քան թափանցիկ ակնարկներից, կարելի է ենթադրել, որ Վրաստանում եւ նրա շուրջ սպասվելիք զարգացումները մեծ հավանականությամբ կանխատեսելի էին Կրեմլում: Մասնավորապես կարծում ենք՝ ուշադրության են արժանի արեւմտյան որոշ հեղինակավոր աղբյուրների պնդումներն այն մասին, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ փակ համաձայնություն գոյություն ունի, որը կրում է «Բուն Վրաստանի ՆԱՏՕ-ացում` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախացման դիմաց» անվանումը: Եվ կարճատեւ «կայծակնային» պատերազմի միջոցով տարածաշրջանում նոր ստատուս-քվոների հաստատումն այդ ծրագրի բաղկացուցիչ եւ հիմնական մասն էր կազմում: Բացի այդ, կարճ պատերազմը եւ դրան սովորաբար զուգորդող «հայրենասիրական պաթոսն» ամենեւին էլ ավելորդ PR ռեսուրս չեն թե՛ նախընտրական շրջանում գտնվող ԱՄՆ հանրապետական գործող վարչախմբի եւ թե՛ ՌԴ նոր վարչախմբի համար: Բնականաբար, այս ծրագիրն իրականացնելու մեջ զուտ տեխնիկական առումով մեծ դերակատարություն էր հատկացվում Վրաստանի «էքսցենտրիկ» նախագահին: Բնականաբար, անխուսափելի «վրաստանյան կամպանիային» նախապատրաստվելիս (թերեւս հստակ չէին միայն ժամկետները) Ռուսաստանը լուրջ դերակատարություն էր հատկացնում նաեւ Հարավային Կովկասում իր միակ ռազմավարական գործընկեր համարվող Հայաստանի համար: Վերջինս, սակայն, անհուսալիորեն կաշկանդված լինելով կոմունիկացիոն կախվածությամբ հենց նույն Վրաստանից եւ այլընտրանքային կոմունիկացիաների բացակայության պատճառաբանությամբ միշտ էլ փորձել է (մինչ վերջերս հաջողությամբ) մանեւրել «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի եւ բարեկամ-հարեւան Վրաստանի միջեւ: Այս տեսանկյունից հայ-թուրքական սահմանի բացումը լիովին տեղավորվում է Ռուսաստանի տվյալ պահի ռազմաքաղաքական մարտավարության տրամաբանության շրջանակներում: Եվ զարմանալի չէ, որ Ռուսաստանը, նկատի ունենալով նաեւ Արեւմուտքի շահագրգիռ վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման խնդրո հանդեպ, որոշեց բավականին ռիսկային քայլի դիմել` Հայաստանի ղեկավարությանն այլընտրանքային կոմունիկացիաներից օգտվելու հնարավորություն ստեղծել: Դրա դիմաց, բնականաբար, ակնկալվում էր «ռազմավարական դաշնակցի» ավելի քան ակտիվ դերակատարությունը եւ անգամ մասնակցությունն առաջիկայում սպասվող հնարավոր հակամարտությանը: Մոսկովյան որոշ աղբյուրների պնդմամբ՝ զարգացումների հենց այս տարբերակը ուղղակիորեն ներկայացվել էր Մոսկվայում` ՌԴ եւ ՀՀ նախագահների հունիսյան պաշտոնական հանդիպման ժամանակ, որից հետո էլ Սերժ Սարգսյանը ռուսաստանաբնակ հայտնի հայերի հետ հանդիպման ժամանակ սկսեց իրագործել ռուս-հայկական համատեղ այդ ծրագիրը` հրավիրելով Թուրքիայի նախագահին սեպտեմբերին միասին ֆուտբոլ դիտելու: Չի բացառվում, որ հայաստանյան ղեկավարությունը (միգուցե Ռուսաստանինը նույնպես) չէր ենթադրում, որ տարածաշրջանում նոր ստատուս-քվոներ հաստատելու համար հարմար առիթը Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլու «անհամբերության շնորհիվ» այդքան շուտ կընձեռվի: Ամենայն հավանականությամբ, ՀՀ ղեկավարությունը, առնվազն նախնական համաձայնություն տալով ռուսաստանյան տարածաշրջանային նոր գլոբալ խաղում ակտիվ մասնակից դառնալուն, հույս է ունեցել ավելի երկար ժամանակ ունենալ արտաքին աշխարհի հետ Հայաստանի տրանսպորտային ուղիները դիվերսիֆիկացնելու համար: Մինչդեռ տարածաշրջանային զարգացումները եւ՛ ժամանակային, եւ՛ շահագրգիռ կողմերի կիրառած գործողությունների մեթոդների առումով ՀՀ ղեկավարության համար ակնհայտորեն այլ եւ անցանկալի սցենարով ընթացան: ՀՀ ղեկավարության համար ամենավտանգավորն այն էր, որ ռուս-վրացական, իսկ գլոբալ առումով իր ավելի շատ ռուս-ամերիկյան սուր քաղաքական, դիվանագիտական, տնտեսագիտական եւ նույնիսկ ռազմականի վերածված դիմակայությունը կարճ ժամանակում կասկածի տակ դրեց հայաստանյան կոմպլեմենտարիզմի հեռանկարները: Հայաստանի ռազմավարական դաշնակիցը սկսեց առանձնապես չթաքցնել, որ ՀՀ ղեկավարության համար եկել է հստակ դիրքորոշում արտահայտելու եւ, ինչու ոչ, «պարտքերը վերադարձնելու» ժամանակը: Եվ սա, թերեւս, տրամաբանական է թվում, եթե հաշվի առնենք, թե ինչ ջանքեր էր պահանջվում ՌԴ ղեկավարությունից գրեթե յուրաքանչյուր համապետական ընտրությունից հետո ՀՀ նախկին եւ առանձնապես ներկայիս վարչախմբին իշխանության բերելու համար: Մինչդեռ ՀՀ ղեկավարությունը պատերազմական գործողությունների ողջ ընթացքում եւ դրանց ավարտից հետո էլ որոշ ժամանակ, այսպես կոչված, «պեկինյան նեյտրալիտետ» էր պահպանում, ինչը, դատելով ռուսաստանյան որոշ աղբյուրների վերլուծություններից՝ գնահատվեց որպես ռազմավարական գործընկերական պարտավորություններից եւ մոսկովյան վերոհիշատակված որոշ պայմանավորվածությունների կատարումից խուսափելու փորձ: Այս առումով միամտություն կլիներ իհարկե կարծել, որ զուտ զուգադիպություն էր, որ հենց այդ ժամանակ, չգիտես որտեղից, տարածաշրջանում հայտնված «ուկրաինական դիվերսանտները» հանկարծ որոշեցին պայթեցնել Հայաստանը արտաքին աշխարհին կապող միակ երկաթգծի հատվածներից մեկը: Ի դեպ, ասում են նաեւ, որ Մոսկվայում առանձնապես բանակի գեներալիտետի շրջանակներում ոմանք հույսեր էին փայփայում, որ Հայաստանի փաստացի շրջափակումը կստիպի ՀՀ ղեկավարությանը վերջապես կողմնորոշվել եւ առնվազն ավելի շահագրգիռ հայացք գցել Ջավախքի ուղղությամբ, սակայն Հայաստանից շարունակում էին ընդամենը «կոմպլեմենտար» սկզբունքով ցավակցական խոսքեր եւ հումանիտար օգնության առաջարկներ անել հակամարտող բոլոր կողմերին: Այս առումով բեկումնային է խոստանում դառնալ Սերժ Սարգսյանի այցը Սոչի, քանզի ակնկալվում էր, որ ՌԴ նախագահը կփորձի իր գործընկերոջից կորզել եթե ոչ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը, ապա գոնե Ջավախքի շուրջ ձեռնարկվող գործողություններում ակտիվ մասնակցության համաձայնությունը: Դատելով բանակցություններին հաջորդած օրերի գործընթացներից՝ կողմերը թերեւս համաձայնության էին եկել նվազագույն ծրագրի շուրջ: Պատահական չէ, որ հայաստանյան իշխանական եւ «պատասխանատու» մամուլում կազմակերպված կերպով սկսեց արծարծվել «ֆեդերատիվ Վրաստանի» եւ նրա կազմում «Ջավախքի ինքնավար կարգավիճակ» ունենալու անհրաժեշտության մասին գաղափարը: Բայց քանի որ խոսակցություններից, հոդվածներից եւ ՀՅԴ-ի հանրահավաքում ելույթներից բացի գործը առաջ չշարժվեց, ապա դժվար թե գործերի նման ընթացքը բավարարում էր միջազգային քիչ թե շատ լուրջ աջակցության կարիք ունեցող Ռուսաստանի ղեկավարությանը: Եվ իրոք, Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականության հանդեպ Հայաստանի որդեգրած կեցվածքը եւ գործելաոճը արդյունավետության առումով փաստացի ոչնչով չէր տարբերվում դեռեւս լիակատար «ռազմավարական դաշնակից» չհամարվող Ադրբեջանի վարքագծից: Իսկ Ռուսաստանի ղեկավարության համբերության բաժակը լցվեց Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ դիվանագիտական կորպուսի առջեւ արված Հայաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը չճանաչելու մասին հայտարարությունից հետո: Այն, ըստ էության, Ռուսաստանին ուղղված երկու կոշտ «մեսիջ» էր: Հայտարարելով, որ կովկասյան երկու նոր պետությունների անկախությունը Հայաստանը չի կարող ճանաչել նույն այն պատճառով, որով չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, ՀՀ ղեկավարությունը ՌԴ ղեկավարությանը ուղղակիորեն հասկացնել է տալիս, որ ճանաչելու դեպքում շարունակելով կոմպլեմենտար իր քաղաքականությունը, ստիպված կլինի ճանաչել նաեւ Կոսովոյի անկախությունը: Սա առաջին կարեւոր «մեսիջն» էր։ Բացի այդ, հայտարարելով, որ քանի դեռ ՀՀ-ն չի ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, չի կարող ճանաչել նաեւ այլ չճանաչված պետությունները, այդպիսով փաստացի ՌԴ ղեկավարության առջեւ պայման է դրվում՝ նախ ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը: Ռուսաստանի ղեկավարության պատասխանը երկար սպասել չտվեց եւ արդեն հաջորդ օրը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ավարտին կայացած մամլո ասուլիսում ուղղակիորեն հայտարարեց, որ «որեւէ զուգահեռ չկա Հարավային Օսիայի եւ Աբխազիայի շուրջ ստեղծված իրավիճակի եւ ԼՂՀ-ի հարցի կարգավորման միջեւ»: Ի դեպ, Ռուսաստանի այս ժեստն անմիջապես ըմբռնումով ընդունվեց Բաքվում, որտեղ ամենայն հավանականությամբ հստակ կողմնորոշվելով ստեղծված նոր տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական իրողություններում, ինչպես պնդում են ռուսաստանյան լրատվական աղբյուրները, ցուցադրաբար տապալեցին ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի այցը Ադրբեջան, եւ նույնիսկ կասկածողներ են հայտնվել Ռուսաստանը շրջանցող գազամուղի կառուցման Nabucco ծրագրի վերաբերյալ: Հատկանշական է, որ ԱՄՆ փոխնախագահի Բաքվից մեկնումից հետո Ադրբեջանի նախագահին էր զանգահարել Դմիտրի Մեդվեդեւը եւ, ըստ ադրբեջանական աղբյուրների՝ երկու նախագահի միջեւ խոսակցությունը բավականին խոստումնալից եւ կառուցողական է եղել: Ռուս-ադրբեջանական հարաբերությունների այսօրինակ ջերմացման ֆոնի վրա առանձնակի ուշադրության են արժանի այն լրատվական հոսքերը, որ սեպտեմբերի 5-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հանդիպման ժամանակ հենց Հայաստանն էր փորձում վիժեցնել Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջարկած փաստաթղթի կոշտ նախագիծը՝ փորձելով այն մեղմացնել այն աստիճան, որպեսզի այն նույնիսկ Վրաստանին դատապարտող դրվագներ չներառի: Արդյունքում ընդունվեց մի կոմպրոմիսային փաստաթուղթ, որը դժվար թե գոհացրած լինի ՌԴ ղեկավարությանը, քանի որ այնտեղ ակնարկ իսկ չկա Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման նպատակահարմարության շուրջ: Բայց, միեւնույն ժամանակ, նույն այդ փաստաթղթում Վրաստանին՝ որպես փաստացի ագրեսորի, դատապարտման թեզը դժվար թե անուշադրության մատնեն մեր հարեւան Վրաստանում: Ու թերեւս վերջինիս ղեկավարությունն ինչ-որ հարմար պահի առիթը բաց չի թողնի Հայաստանին հիշեցնելու ՀԱՊԿ վերոհիշյալ փաստաթղթի տակ դրված ստորագրության մասին: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ ղեկավարությանը, ապա գուցե պատահական չէ, որ վերջին օրերին առանձնակի թափ են հավաքել Ռոբերտ Քոչարյանի աստիճանաբար իշխանության վերադառնալու մասին լուրերը եւ պնդումները, քանի որ դրանում ծայրահեղ շահագրգռված են ռուսաստանյան իշխանական վերնախավի որոշ ազդեցիկ շրջանակներ: