Ալյասկայի նահանգապետ, ԱՄՆ-ի փոխնախագահի հանրապետական թեկնածու Սառա Փալինը ABC հեռուստակայանին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, թե Վրաստանն ու Ուկրաինան պետք է ընդունել ՆԱՏO: Լրագրողի հարցին` «Արդյո՞ք Միացյալ Նահանգները պարտավորված կլինի պատերազմել, եթե Վրաստանը դառնա ՆԱՏO-ի անդամ եւ հարձակման ենթարկվի Ռուսաստանի կողմից», Փալինը պատասխանել է. «Հավանաբար, այո: Դա ՆԱՏՕ-ի պայմանագրից է բխում: Եթե անդամ երկիրը հարձակման է ենթարկվում, ապա պետք է իմանաս, որ քո օգնությունն է հայցելու»:
«Մենք պետք է ուշադիր հետեւենք Ռուսաստանի գործողություններին, անընդունելի է, որ Ռուսաստանը փոքր ժողովրդավարական երկիր է նվաճում»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահի հանրապետական թեկնածուն: «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր ՆԱՏՕ-ին կոչ է արել թույլ չտալ, որ Ռուսաստանի ռազմարշավի հետեւանքով կասեցվի Վրաստանի անդամակցումը Դաշինքին: Նշենք, որ հաջորդ շաբաթ Թբիլիսիում նախատեսված է ՆԱՏՕ-ի խորհրդի արտագնա նիստը:
ՆԱՏՕ-ի խոսնակ Ջեյմս Ափաթուրայն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ դը Հոոպ Սհեֆերն ու Դաշինքի անդամ բոլոր 26 պետությունների ներկայացուցիչները Վրաստանի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում մտադիր են ստեղծել են ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը. դրա գաղափարն ի հայտ է եկել օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո: «Ասոշիեյթեդ փրեսին» տված հարցազրույցում Վրաստանի նախագահն ասել է, թե ՆԱՏՕ-ի կողմից թուլության դրսեւորումը միայն խթանելու է Ռուսաստանի ագրեսիան: «Ռուսաստանի ներխուժումը Վրաստան ուներ ռազմավարական նպատակ` ստիպել, որ ՆԱՏՕ-ն հեռու մնա այս տարածաշրջանից»,- վստահեցրել է Սահակաշվիլին: