Կտրոնից կախված տնտեսության մասին

13/09/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երկու օր առաջ, երբ հեռուստացույցով դիտում էի կառավարության նիստի մասին պատմող ռեպորտաժը, հիշեցի մի դեպք իմ ուսանողական տարիներից։

2001թ., երբ սովորում էի ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսում, մեզ ուղարկում էին պրակտիկայի՝ տարբեր հաստատություններ՝ մասնավոր կամ պետական կառույցներ։ Կուրսի տղաներից մեկը պրակտիկան անցկացնում էր Հարկային ծառայությունում։ Հետո, երբ միասին «փորձի փոխանակում» էինք անում, նա պատմում էր, թե ինչ «հետաքրքիր» դասընթաց է այնտեղ անցել։ Նրան կցել էին մի հարկային տեսուչի, որը նրան խնդրել էր մտնել մոտակա կրպակը եւ սիգարետ գնել, քանի որ ինքը շատ զբաղված էր։ Կուրսեցիս մտել էր, գնել սիգարետը եւ տվել իր «վերադասին», ինչին հաջորդել էր վերջինիս հարցը՝ չեկը տվե՞ց։ Արդեն գլխի ընկնելով, որ ակամայից դառնում է կրպակատիրոջից փող կորզելու միջոց, տղան սկսել էր կմկմալ, խոստովանելով, որ վաճառողը կտրոն չի տվել։ Տեսուչը մտել էր նույն կրպակը, ներկայացել, տեղեկացրել, որ ինքը տեղյակ է «դարի հանցագործությանը» եւ…

Շարունակությունը պատմելն անիմաստ է։ Երեւի ավելորդ է նաեւ ասել, որ տղայի մեջ միանգամից կորել էր պետական որեւէ մարմնում աշխատելու ցանկությունը։ Անցել է 7 տարի, 7 տարի շարունակ իրականացվել են բարեփոխումներ, ընդունվել են օրենքներ, ասվել են գեղեցիկ խոսքեր, գրանցվել են տնտեսական աճի երկնիշ թվեր, բայց… երկրի բարեկեցությունը կախված է ՀԴՄ-ի կտրոնից։ «Եվ բոլորս պետք է գիտակցենք՝ չպահանջված կտրոնը նշանակում է՝ չավելացված կենսաթոշակ, չավելացված սոցիալական նպաստ, չիրականացված սոցիալական ծրագրեր: Դրա համար ես ձեզ խնդրում եմ, որպեսզի դուք, այդ առումով, լինեք օրինակելի»,- նախարարներին ասում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոնք, կարելի է մտածել, ամեն օր խանութից հաց ու երշիկ են գնում։ Պարզվում է՝ ամպագոռգոռ ծրագրերը, աշխատավարձերի ու թոշակների բարձրացումը, տարածաշրջանային կենտրոն դառնալը, մի խոսքով՝ ամեն ինչը, վտանգի տակ է հայտնվում, եթե թոշակառու Պողոս Պողոսյանը մեկ տուփ «Գառնի» է գնում եւ կտրոն չի պահանջում։ Տ. Սարգսյանի առջեւ նստած նախարարների, փոխնախարարների, տարբեր կոմիտեների պետերի ու նրանց բարեկամ-հարազատ-խնամիների արդար քրտինքով են ձեռք բերել իրենց թանկարժեք Համմերներն ու Բրաբուսները, իսկ պողոս պողոսյանները հանցագործներ են, որոնց այլ երկրներում պատժում են։ «Կան երկրներ, որոնք օրենքով պարտադրում են իրենց քաղաքացիներին պահանջել հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնները: Եվ եթե առեւտուր իրականացնելուց հետո քաղաքացիները չեն ունենում այդ կտրոնները, ենթարկվում են խոշոր տուգանքների, որովհետեւ առանց այդ գործառույթն իրականացնելու, հնարավոր չէ բացահայտել առեւտրի իրական ծավալները»,- նման վախեցնող ակնարկներ էր անում վարչապետը։

Իսկ ինչո՞ւ սկսվեց այս ամենը։ Սկսվեց նրանից, որ անցյալ տարի իշխանությունները որոշեցին 2008թ. պետբյուջեն հաստատել 2.5 միլիարդ դոլար։ Սակայն հաստատելը մի բան է, հավաքելը՝ մեկ այլ բան։ Երբ բյուջեն ավելանում է, ապա դա պետք է լինի կամ տնտեսության աճի հաշվին, կամ ստվերի կրճատման։ Ըստ պաշտոնական թվերի՝ տնտեսությունն աճում է։ Հարցն այն է, թե տնտեսություն ասվածն ում համար ինչ է նշանակում։ Օրինակ, գիտակից կյանքի մեծ մասը գործարաններում աշխատած միջին սերնդի մարդկանց համար՝ տնտեսական աճը ոչ թե ՀՆԱ-ի աճն է՝ 2008թ. հունվար-հուլիսի համար՝ 10.6%, այլ արտադրության, արտահանման աճը։ Եթե նախորդ տարվա հունվար-հուլիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են ընդամենը 1%-ով, ի՞նչ տնտեսական աճ։ Եթե արտահանումը նվազել է 0.2%-ով, ի՞նչ զարգացում։ Եվ առաջ է գալիս հիմնական հարցերից մեկը՝ եթե երկիրդ ոչինչ չի ստեղծում, ինչի՞ հաշվին պետք է հարկեր հավաքես։ 10.6%-անոց աճն ապահովվել է հիմնականում շինարարության, ծառայությունների ոլորտի եւ մի քիչ էլ գյուղատնտեսության հաշվին։ Գյուղատնտեսությունը, ինչպես գիտեք, չի հարկվում։ Ինչ վերաբերում է շինարարությանը, գաղտնիք չէ, որ ամենամեծ ստվերն այս ոլորտում է, սակայն գաղտնիք չէ նաեւ, որ շինարարական բիզնեսով զբաղվում են «արտոնյալները», այնպես որ` այստեղից էլ բյուջեն լցնելու հույս չկա։ Ծառայությունների ոլորտը մյուսների համեմատ ավելի թափանցիկ է, բայց դա բավարար չէ։ Ինչ է մնո՞ւմ՝ իհարկե, ներմուծվող ապրանքներից ստացվող հարկերը։

Ներմուծման հետ խնդիր չկա՝ աճում է, պետք եղածից մի բան էլ ավելի։ Եթե հունվար-հուլիսի արտահանումը նվազել էր, ապա ներմուծումն ավելացել է մոտ 41%-ով։ Պայմանականորեն, տնտեսությունը կարելի է բաժանել 2 հատվածի՝ ապրանքներ եւ ծառայություններ, եւ փող, որով դրանք գնվում են։ Մեր դեպքում իսկական զավեշտ է՝ ապրանքներն էլ են դրսից գալիս, փողն էլ։ Այսինքն, կարելի է ասել, մեր պետությունը պարզապես մի վայր է, որտեղ գնորդն ու վաճառողը հանդիպում են միմյանց, այլ կերպ ասած՝ շուկա (ոչ թե շուկայական տնտեսություն)։ Իսկ իշխանությունները այդ շուկայի տերերն են, որոնք առեւտուր անողներից՝ գնորդներից ու վաճառողներից գումարներ են վերցնում՝ տեղի համար։

Այս ենթատեքստում հարկային ու մաքսային կառույցների միավորումը նոր իմաստավորում է ստանում։ Այսինքն՝ այս կառույցները ոչ թե միավորվել են, այլ Հարկայինը միացել է Մաքսայինին՝ դառնալով նրա ստորաբաժանումներից մեկը։ Նման կարծիքի համար հիմք է հանդիսանում ոչ միայն այն, որ նորաստեղծ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվեց Մաքսային կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը, այլ շատ ուրիշ զուգադիպությունները։ Օրինակ, կառավարության կայքէջի այն բաժինը, որտեղ ներկայացված են ՀՀ նախարարություններն ու կառավարությանն առընթեր մարմինները, թարմացվել է. Մաքսային կոմիտե եւ Հարկային պետական ծառայություն չկա, դրանց փոխարեն կա՝ Պետական եկամուտների նախարարություն։ Սակայն կոնտակտային տվյալների մեջ նշված են Մաքսայինի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, եւ այլն (www.customs.am)։ Բավական հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ մտնում ենք այս կայքը։ Էջի վերեւում գրված է՝ «Հայաստանի մաքսային ծառայություն», ներքեւում՝ ծառայության պետի նկարը՝ «Հարցեր, առաջարկություններ՝ ՊԵԿ նախագահին» վերտառությամբ։ Գ. Խաչատրյանի ողջույնի խոսքում կայքի պատասխանատուներն ընդհանրապես ամեն ինչ խառնել են իրար։ «Հարգելի բարեկամ։ Ուրախ եմ ողջունել Ձեզ ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի պաշտոնական էջում: Այստեղ Դուք կարող եք ստանալ Մաքսային համակարգին վերաբերող Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Բարեփոխումների ակտիվ փուլում գտնվող Կոմիտեի ղեկավարությունն առաջնային է համարում թափանցիկ եւ հրապարակային գործելաոճը: Հուսով եմ, էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը յուրատեսակ կամուրջ կդառնա Մաքսային ծառայության եւ Ձեր միջեւ, կնպաստի փոխադարձ կապի ապահովմանը»,- ասվում է ողջույնի խոսքում, որն ավարտվում է՝ «ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան» գրությամբ։ Ահա այսպես, հապշտապ որոշումներ կայացնելու արդյունքում ամեն ինչ խառնել են իրար «բարեփոխումների ակտիվ փուլում գտնվող Կոմիտեի» աշխատակիցները։

Համաձայն ենք, սրանք մանրուքներ են՝ տեխնիկական վրիպակներ, որոնք շտկելու համար ժամանակ է հարկավոր։ Սակայն այդ բոլոր վրիպակներն ուժեղացնում են այն զգացողությունը, որ Հարկայինը «կպցվել» է Մաքսայինին։ Եվ դա, խոստովանենք, շատ նորմալ է մի երկրի համար, որի բյուջեն լցվում է հիմնականում սահմանի վրա։

Փաստորեն, մենք ամբողջությամբ կախված ենք դրսից՝ այն էլ հարեւանների հետ ոչ բարեկամական հարաբերությունների պայմաններում։ Երեկ «Առկա» լրատվական գործակալությունը մի հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, ռուս-վրացական հակամարտության հետեւանքով Հայաստանի տնտեսությունը կրել է 680 միլիոն դոլարի վնաս։ Այդ գնահատականը հնչեցրել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը՝ Կոնգրեսի Արտաքին գործերի հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ «ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները՝ Վրաստանի ճգնաժամից հետո» թեմայով։

Նման գնահատական մեր պաշտոնյաների կողմից երբեւէ չի հնչել։ Ընդհանրապես, մերոնք որեւէ քանակական գնահատական չեն տվել, հակառակը՝ միշտ ասել են՝ ամեն ինչ լավ է, ոչ մի պրոբլեմ էլ չկա։ Սակայն, երբ երկիրը հարեւան երկրում ընթացող 10-օրյա հակամարտության ընթացքում կրում է իր բյուջեի 25%-ը գերազանցող վնաս, դա ոչ թե խնդիր է, այլ շատ լուրջ խնդիր։ Իսկ իշխանական պրիզմայի միջով՝ ամեն ինչ նորմալ է. եւ՛ տնտեսությունն է աճում՝ էլիտար շենքերի տեսքով, եւ՛ ստվերի դեմ են պայքարում՝ թոշակառու պողոս պողոսյանների պահանջած կտրոնների միջոցով։