Հայրենիքը մեզ համար մնում է որպես հավերժական հարց, պատասխանը՝ ցավոտ ու անմխիթարական։ Փորձում եմ 9-10-րդ դասարանցու փոխարեն շարադրություն գրել այս թեմայով, սակայն ոչ մի դպրոցականի խորհուրդ չեմ տա կարդալ այն, եւ որեւէ ուսուցչի էլ խորհուրդ չեմ տա սույն թեման հանձնարարել որեւէ անչափահասի. հայրենիքի պատկերը գեղեցիկ է երեւակայությա՛ն մեջ, այնպես, ինչպես պատկերացնում ենք, թե ինչպիսին պետք է լինի, իսկ թե ում ձեռքով եւ ինչպես է կերտվում այն, բոլորովին այլ խնդիր ու այլ պատկեր է, որն անհնար է ընդգրկել դպրոցական ծրագրերում եւ դասագրքային շրջանակներում…
Մեր հայրենիքի տարածքը. այստեղով անցել են սեփական իշխանությունները եւ վերաձեւել ֆիզիկական քարտեզն՝ ըստ իրենց ճաշակի ու քմահաճույքի. բնությունը տեղի է տվել նրանց առջեւ, եւ ամենուր երեւում են նրանց բիրտ ոտնահետքերը. բակերն ու մայթերը վերածվել են աղբանոցների, որոնք քչփորում են թե՛ կենդանիները, թե՛ մարդիկ. առնետներն այնքան շատ են ու ամենուր, որ հիշեցնում են ժանտախտի մասին։
Մեր հայրենիքի օրենքը. բոլոր տեսակի օրենքներից գործում է միայն գողականը. սրանք տեր ու տնօրեն են ամենուր՝ թե՛ փողոցում, թե՛ ազգային ժողովում, թե՛ դատարանում. սա այն օրենքն է, որը չի գրվում թղթի վրա, սակայն ավելի հաստատուն է, քան գրված որեւէ օրենք. այս օրենքի կնիքը արյունն է, խորհրդանիշը՝ բռունցքը. սույն օրենքի պաշտպանները սափրագլուխներն են, սեփական խմորով հունցված կարատեիստներն ու գործարար հորջորջվող թալանչիներն ու կողոպտիչները։
Մեր հայրենիքի իրավունքը. սա այն իրավունքն է, որը ծնվում է ուժից եւ հարվածում թույլին, այն իրավունքը, որ նվաճվում է լոկ ուժով՝ ուժեղի օգտին. սա այն իրավունքն է, որ ժխտում է ամեն տեսակ իրավունք, հաստատելով միայն անարդարության իրավունքը։
Մեր հայրենիքի արդարությունը. սա այն արդարությունն է, որ ժողովրդից զտում է գողական սերուցքն ու դատավոր կարգում ժողովրդի գլխին՝ գողական օրենքներով եւ ուժի իրավունքով։
Մեր հայրենիքի փրկությունը. ըստ մեր դաշնակ հայրենակիցների՝ «Միայն զենքով կա հային փրկություն», երբ «Հրազդան» մարզադաշտը դառնա «թուրքի գերեզման», իսկ Ստամբուլը՝ «արյան ծով». այդժամ, կարելի է ենթադրել, որ Փոքր Մհերը դուրս կգա քարայրից, ու «փրկված» հայը վերջապես կտեսնի բոց-մորուսով Վահագնի դեմքը։
Մեր հայրենիքի ընտրությունը. ամեն տեսակ ընտրությունից ընտրյալը ահաբեկչությունն է. արյան ծով կարելի է անել ոչ միայն Ստամբուլը՝ ենթադրաբար, թուրքի արյունով, այլեւ հայրենի փողոցները՝ հայի արյունով։
Մեր հայրենիքի հաշվեհարդարը. ոստիկանական խղճով ու տրամաբանությամբ որպես վկա գերեվարել, ծնողից մեկուսացնել 14-15-ամյա աղջնակին եւ քարշ տալ ոստիկանատնից ոստիկանատուն, գիշերներով, ժամեր շարունակ ցուցմունք թելադրել՝ ինչ-որ հեղինակությունից հաշիվ մաքրելու նպատակով։
Մեր հայրենիքի ազատությունը. սա այն ազատությունն է, որ երկրում օրեցօր նվազող բնակչության քանակը համալրում է օրեցօր աճող հանցագործների քանակով, եւ քանի որ սրանք ավելի շատ են, քան ազնիվ քաղաքացիները, շատերի շահերը պաշտպանելու համար քչերին մեկուսացնում է բանտերում։
Մեր հայրենիքի անկախությունը. սա այն անկախությունն է, երբ ձեռք են բերում՝ թոթափվելով սեփական ժողովրդից, երբ ժողովուրդն իրեն ապահով ու ազատ է զգում ոչ թե սեփական հարկի տակ, այլ գաղթօջախներում։
Մեր հայրենիքի պաշտպանը. այն մտավորականը, որն արժանացել է «ժողովրդական» կոչման՝ ժողովրդի դեմ արտահայտվելու եւ նրան արհամարհելու համար։
Մեր հայրենիքի առօրյան. առնել ու ծախել ամեն ինչ, անգամ այն, ինչ առուծախի ենթակա չէ։
Մեր հայրենիքի դիվանագիտությունը. Ասել ու անել այն, ինչ չպետք է ասվի ու արվի, եւ չասել ու չանել այն, ինչ պետք է ասվի ու արվի։
Մեր հայրենիքի ժամանակը. ժամանակի անհունությունը բաժանել անցյալի, ներկայի ու ապագայի. դրանցից ընտրել անցյալը՝ հիշողության համար, ապագան՝ երազանքների, իսկ ներկան՝ այդ երկուսի հետ հաշվեհարդարի։
Կարելի է անվերջ շարունակել այս հայրենապատումը, բայց մի՞թե սա դանթեական մի առասպել չէ, որ մեզ իջեցնում է դժոխքի պարունակներով՝ մեր առջեւ անվերջ փակելով ելքի բոլոր դռները, տանելով մեզ խավարի ու մղձավանջի միջով, չթողնելով խոստովանության ու ապաշխարանքի ոչ մի հույս։ Մեր ակամա բացած յուրաքանչյուր դռան ետեւում վախի ուրվականն է՝ արյունոտ կացինը ձեռքին, զրպարտանքի ու լուտանքի փսլինքը շուրթից կախ, եւ յուրաքանչյուր լուսավոր միտք ու արարք դատապարտված է հալածանքի ու գլխատման։ Սա այն հայրենիքն է, որ տառապում է ոչ թե օտար նվաճողի, այլ սեփական կեղեքիչների ձեռքին, ուր սեփական ժողովրդին սեփական հողից վտարում են սեփական իշխանությունները, իսկ աշխարհից արդարություն են պահանջում սեփական անիրավությունների դիմաց։ Սա այն հայրենիքն է, որի ժողովուրդն անհայրենիք է մնացել աշխարհում, այն հայրենիքը, որին սիրում ու կարոտում են հեռվից, իսկ մոտիկից՝ փախչում։ Սա այն հայրենիքն է, որի պոետները միշտ վերջինը լինելու տագնապ են ապրում, այն հայրենիքը, ում սիրելիները ոչ թե ապրում, այլ մեռնում են այնտեղ, եւ խոնարհվում են ոչ թե մեծերի, այլ սոսկ նրանց շիրիմների առջեւ։ Սա այն հայրենիքն է, ուր թաղումներն ավելի շատ են, քան ծնունդներն ու հարսանիքները, ուր մեռածների շունչն ավելի զորեղ է, քան ապրողների…
Սա նաեւ այն հայրենիքն է, ուր ծնվողները նույն ճիչն են արձակում, ինչպես եւ ամենուր՝ կյանքի ճիչը, որը կարող է երկարել ոչ թե ատելությամբ, այլ սիրով, եւ սերն է միայն, որ ցույց կտա դժոխքի պարունակներից դուրս գալու ելքը…